նորություններ | Քաղաքականություն

Վատ հարևաններ ունե՞նք, թե՞ մենք ենք վատ հարևան

Կամա-ակամա, նույնիսկ այլ թեմաների մասին խոսելիս, անկարող ենք շրջանցել տվյալ նյութի քաղաքական կոմպոնենտը։ Եթե նախկինում հայ հասարակությունը խիստ քաղաքականացված էր, ապա այժմ արդեն դարձել ենք չափազանց ռազմաքաղաքականացված։

Ժողովրդի լեզվով ասած, մի տնից չենք, մի հալի ենք։ Դուռ դռան վրա ապրելով, դրկից համակեցությամբ բոլորս էլ անասելի ծանր ենք տանում վերջին ամիսները՝ ունենալով մարդկային, տարածքային ու տարազան բնույթի կորուստներ, խնդիրներ ու մարտահրավերներ։

Հարևաններ ենք ըստ էության, բայց քաղաքական տարբեր հայացքների պատճառով հաճախ հարևանցի ենք նայում մեր ընդհանուր պրոբլեմներին ու սպառնալիքներին, չարանում ու վիրավորում ենք միմյանց, խորթանում, նեղացնում, նեղանում, երբ հանդուրժողականության, նեցուկ ու միասնական լինելու այնքա՜ն մեծ պահանջ և անհրաժեշտություն կա։

Հարևանության մասին մեր դիտարկումները, սակայն, տվյալ հրապարակման տիրույթում առավել ընդգրկուն են։ Խոսքն առաջին հերթին տարածաշրջանային օրակարգի մասին է։ Աշխարհագրապես ու ըստ էության ովքե՞ր են մեր հարևանները։ Ադրբեջան, Թուրքիա, Վրաստան, Իրան։

Ընդունված, գրեթե քրեստոմատիկ կարծիք է մեզանում, թե շրջապատված ենք հիմնականում ոչ բարեկամ երկրներով, նաև թշնամական՝ Ադրբեջանի և Թուրքիայի մասով։ Այն, որ Հայաստանը մշտապես հայտնվում է ռեգիոնալ մեծ, մասնավորապես՝ տնտեսական ծրագրերի լուսանցքում, վաղուց ի վեր փաստ է։ Անպատվաբեր փաստ բոլորիս համար։

Սրա շուրջ մասնագիտական ու հասարակական էմոցիոնալ արդարացումները ոչ պակաս անպատվաբեր են, որ գործնական ու կառուցողական քայլերի, շտկումների փոխարեն տիրաժավորում են, թե Բաքու-Անկարա տանդեմը խոչընդոտ է (ճշմարտացի է, բայց ոչ արդարացված փաստարկ), թե բա Վրաստանն ավելի շատ համակրություն ունի Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ և որ Իրանն, իր հերթին, կարևոր պահերին չի սատարում Հայաստանին, աջակցում է, օրինակ, Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, ինչի վերջին վկայությունը Արցախյան երկրորդ պատերազմն էր, երբ պաշտոնական Թեհրանը հանդես եկավ հակամարտության երկարաժամկետ լուծման նախաձեռնությամբ։ Իսկ դրանում, ըստ էության, ամրագրվում էր տարածքային ամբողջականության դրույթն ու նախատեսում Ադրբեջանին վերադարձնել Արցախի 5 շրջանները։

Բողոքելով վատ ու կանխակալ հարևաններից, մենք մեզ դնում ենք փակուղու առջև՝ ուղղակի կամ անուղղակի կերպով խոստովանելով, որ կաղում է մեր դիվանագիտությունը, ի ցույց դնելով մեր պետական, ինչու չէ՝ համազգային անճարակությունը։ Սա ե՞լք է։ Բնականաբար՝ ոչ։ Հայտնի ասույթն ասում է, շան հետ ընկերություն (պատկերավոր ասած՝ հարևանություն) արա, բայց փայտը ձեռքիցդ մի գցիր։ Ասել է թե՝ փաստիր քո շահն ու նախընտրությունը, փաստիր պոտենցիալ հակառակորդներիդ, բայց գնա փոխշահավետ գործակցության ուղով։ Համակեցության կանոններից մեկն էլ փոխադարձ շահի վրա հիմնված քաղաքականությամբ խաղաղ գոյակցություն է, ոչ թե խաղաղություն մուրալը կամ աղքատ ազգականի, հարևանի կարգավիճակով ապրելը։

Վրաստանի նորանշանակ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին օրերս հայտարարեց, որ նոր կարգավիճակում առաջինը կայցելի Ադրբեջան: Նրա խոսքով՝ «շատ լավ հարաբերություններ» ունի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ։ Հայ հասարակության համար սա լրացուցիչ զգացմունքային գնահատականների, քննդատական գրոտեսկների առիթ դարձավ։ Եղբայր, է, թող ունենա։ Իսկ ի՞նչն է խանգարում մեզ կառուցել հավասարաչափ հարաբերություններ Վրաստանի, Իրանի հետ։

Ի դեպ, այս ամենի մասին խոսելիս՝ առանցքային դերակատարություն պետք է վերապահել Ռուսաստանի Դաշնությանը, քանի որ այդ երկիրը մեր ռազմավարական գործընկերն է, որի հետ կապված ենք հազար ու մի թելերով՝ ՀԱՊԿ, ԵԱՏՄ, ԱՊՀ, երկիր, որի ռազմաբազան տեղեկայված է մեր հանրապետությունում և որի խաղաղապահները կոչված են պաշտպանելու մեր այս բզկտված հայրենի եզերքների՝ Հայաստանի և Արցախի անվտանգությունը։ Իսկ մենք դեռ խոսում ենք անսարք Իսկանդերների մասին, իշխանական տարբեր «պայթող» ու «չպայթող» խոսափողների կողմից հրահրում ռուսատյացություն և այլն և այլն։

Եվ ուրեմն, ժամանակն է գույքագրել համազգային խնդիրները, մեջքով շրջվել դեպի ժողովուրդը՝ նրան բառացի սիրելու, խոնարհվելու և նրանով հպարտանալու փոխարեն ականջալուր լինել ազգի ցավերին, հոգսերին, հիասթափություններին, զրուցել, հասկանալ, ընդունել սխալները։ Որովհետև ոչինչ հավերժ չէ, չկա հավերժ իշխանություն կամ ընդդիմության, կա համահայկական արժեհամակարգ, պատիվ և առաքելություն։    

Similar Posts