նորություններ | Իրադարձություններ | Քաղաքականություն

Վարչապետ, բռնապետ, ոստիկանապետ․ Փաշինյանը նորանոր ռեկորդներ է խփում

Նախօրեին «Հայրենիքի փրկության շարժման» բողոքի գործողությունների ավարտին ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը կոչ էր արել առավոտյան ժամը 11։30-ին լինել Կառավարության  3-րդ մասնաշենքի մոտ, քանի որ Նիկոլ Փաշինյանն այցելելու է այդ մասնաշենք: Եվ ահա այսօր, վաղ առավոտից քաղաքացիները հավաքվել էին Կառավարության շենքի մոտ՝ խոչընդոտելու Փաշինյանի մուտքը շենք, սակայն մինչև քաղաքացիների գալը Ոստիկանությունն արդեն շրջափակել էր Կառավարության շենքը, թույլ չտալով քաղաքացիներին կատարել մտադրվածը։

 
Այնուհետև «Դավաճան, հողատու», «թուրքի ծնունդ» և այլ վանկարկումներով քաղաքացիները ուղեկցեցին Նիկոլ Փաշինյանին, որը դուրս էր գալիս Կառավարության 3-րդ մասնաշենքից։ Վարչապետի անցնելուց հետո ոստիկանությունը կրկին սկսեց բերման ենթարկել քաղաքացիներին: Ժամը 13-ի դրությամբ արդեն իսկ բերման էր ենթարկվել 57 քաղաքացի։

«Հայրենիքի փրկության շարժման» համակարգող խորհրդի անդամ Իշխան Սաղաթելյանին բերման ենթարկելու ընթացքում ոստիկանների գործողությունների հետևանքով քաղաքական գործչի բերանից արյուն էր հոսում։ «Ոչ մի վնասվածք էլ չեմ ստացել, գլուխները պատին են տվել, թեթև բան է եղել, ոչինչ»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա, ապա հավելեց, որ սա խուժանություն է, ոստիկանությունը շարունակում է ծառայել հանցագործ խուժանին։ «Հատ-հատ պատասխան են տալու, սրանք թուրք են, սրանք հայ չեն, այսքան եթե մարդ էին թող գնային թուրքերի դեմ կռվեին, ոչ թե սեփական ժողովրդի։ Ես խոստանում եմ՝ Նիկոլին օր ու արև չեմ տալու, սա թող բոլորն իմանան»,- ասաց  նա։
 
Հայտնի է նաև, որ ՀՅԴ անդամ, հայրենադարձ Ռազմիկ Արաբյանի ոտքը կոտրվել է ոստիկանների գործողությունների արդյունքում: Նա ոստիկանական բաժանմունքից տեղափոխվել է 8-րդ հիվանդանոց, այնուհետև դուրս գրվել բժշկական անհրաժեշտ միջամտությունից հետո:


Տեղում իրենց աշխատանքն իրականացնող և բողոքի ակցիան լուսաբանող լրագրողները ևս անմասն չեն մնացել ոստիկանության բիրտ ուժից։ Քաղաքացիներին բերման ենթարկելու ընթացքում ոստիկաները հրել և գցել են «Sputnik Արմենիա»-ի լուսանկարիչ Արամ Ներսեսյանին։ Բարեբախտաբար, վերջինս վնասվածքներ չի ստացել։ Միաժամանակ, լրագրողները հորդորեցին Նիկոլ Փաշինյանին մոտենալ և պատասխանել նրանց հարցերին, սակայն Փաշինյանը չպատասխանեց նրանց։ Նախկին լրագրողն անտեսում է իր երբեմնի գործընկերներին, ավելի՛ն ոստիկանների ու թիկնապահների թիկունքում հրահանգում բռնի ուժ կիրառել չորրորդ իշխանության ներկայացուցիչների նկատմամբ՝ ոտնահարելով մի շարք իրավունքներ, որոնց մասին ժամանակին դիֆերամբներ էր ձոնում։


«Կառավարական մի շենքից մյուսը գնալու համար Նիկոլ Փաշինյանը ամբողջ ներքին զորքերի համակարգը, ոստիկաններին հանել է փողոց։ Սա հասկանո՞ւմ եք՝ ինչ է։ Մեր ժողովուրդը հասկանո՞ւմ է, որ Ադրբեջանի «կիրթ» նախագահի հետ համաձայնության գալուց և Արցախը հանձնելուց հետո, այս մարդը փորձում է իրենց անունից հաստատել, որ ժողովուրդը համաձայն է եղել իր հետ»,- Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության ակցիայի ընթացքում ասաց ՀՅԴ անդամ Բագրատ Եսայանը։ Ի դեպ, Կառավարության շենքի տանիքին դիպուկահարներ են նկատվել: Դա երեւում է համացանցում տարածված տեսանյութում։

Հավելենք, որ այսօր՝ ժամը 18:00-ին Արամի արձանի մոտից («Հանրապետության հրապարակ» մետրոյի կայարանի հարևանությամբ) մեկնարկել է Փաշինյանի հրաժարականի պահանջով քաղաքացիների երթը: Ոստիկանության մեծաթիվ ուժեր հետևում են այդ ամենին։

Ցավոք ազգ-բանակ կոնցեպցիան վերածվում է ազգ-ոստիկանություն անփառունակ, առաջին հերթին իշխանությունների համար տխրահռչակ ձևակերպում-իրականության։ Ժողովրդի, կուսակցությունների, ընդդիմախոսների հետ կառուցողական երկխոսություն սկսելու փոխարեն իշխանությունն իր բոլոր լծակներով սեփական բռի մեջ պահող բռնապետ Փաշինյանը, կարելի է ասել, դարձել է թե՛ բռնապետ, թե՛ոստիկանապետ և թե՛ վարչապետ։ Ընդորում՝ այս ու այլ բոլոր հանձնառությունների մեջ լինելով ապաշնորհ ու հնարավորինս նենգ ու փոքրոգի․․․

Ռուբեն Արամյան

Similar Posts