նորություններ | Հասարակություն | Քաղաքականություն

Փաշինյանը կարևոր փակագծեր է բացել Պուտինի հետ հանդիպումից առաջ



Ապրիլի 7-ին Մոսկվա կատարելիք աշխատանքային այցի նախօրեին Նիկոլ Փաշինյանը «Ինտերֆաքս»-ի հայաստանյան թղթակից Հովհաննես Քոսյանին տված հարցազրույցում խոսել է հայ-ռուսական հարաբերությունների ապագայի իր տեսլականի, տնտեսական կապերի և ռազմատեխնիկական համագործակցության հեռանկարների մասին: 

Պատասխանելով լրագրողի հարցին այն մասին, թե Հայաստանն արդյոք դիտարկո՞ւմ է զենքի և ռազմական տեխնիկայի ձեռքբերման համար ռուսական նոր վարկի տրամադրման հարցը, ի՞նչ զենքի կարիք ունի Երևանը, և ո՞ր թվականին է Հայաստանը նախատեսում փակել սպառազինության ներկայիս վարկը, Փաշինյանը ասել է.

«Նման հարցերի վերաբերյալ որոշումները կկայացվեն՝ կախված բանակի բարեփոխումների արդյունքներից, որոնք մենք ներկայում իրականացնում ենք:

Այս փուլում ես իմաստ չեմ տեսնում քննարկել ֆինանսավորման աղբյուրները և կառուցվածքն անջատ այն նպատակներից և խնդիրներից, որոնք կկանխորոշվեն բանակի բարեփոխումների գործընթացում:

Ինչ վերաբերում է ընթացիկ վարկային պարտավորություններին, ապա, իհարկե, դրանք պատշաճ և սահմանված ժամկետում կսպասարկվեն»,-tert.am-ի փոխանցմամբ շեշտել է ՀՀ վարչապետը:

Պատասխանելով հարցին այն մասին, թե որքանով է այժմ տարածաշրջանում տնտեսական կապերի հաստատման գործընթացը կախված քաղաքական գործոնից, մասնավորապես`Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումից, Փաշինյանն ասել է. 

«Ցանկանում եմ հիշեցնել, որ հայ-թուրքական սահմանը միակողմանիորեն փակվել է Թուրքիայի կողմից դեռ 1993 թվականին:

Հայաստանը միշտ հանդես է եկել Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման օգտին, բայց դա մերժվել է հենց Թուրքիայի կողմից: Անկարայի նման թշնամական քաղաքականությունը նոր թափ էր ստացել Արցախի դեմ Ադրբեջանի 44-օրյա ագրեսիայի ընթացքում:

Մասնավորապես, Թուրքիան Ադրբեջանին տրամադրել է անմիջական ռազմաքաղաքական և ռազմատեխնիկական աջակցություն ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի տեղափոխելով նաև օտարերկրյա զինյալ ահաբեկիչների:

Այս համատեքստում, տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու և տնտեսական հեռանկարը վերականգնելու համար, Թուրքիային անհրաժեշտ է փոխել այս ագրեսիվ քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ»:       

Similar Posts