նորություններ | Քաղաքականություն

Փաշինյանը մի վիճակում է, երբ ժողովուրդը շուտով կարող է հասնել նրա հրաժարականին․ Էրդողանի ցինիզմը

Թուրքիան դեմ է հեղաշրջման ցանկացած ձևի: Սա վերաբերում է նաև Հայաստանին: Իշխանափոխությունը հայ ժողովրդի իրավունքն է, ընտրությունը պետք է կատարեն քաղաքացիները:
Այս մասին, ըստ «Անադոլու» գործակալության, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Հարևան ո՛չ բարեկամ երկրի առաջնորդն «անընդունելի» է որակել հայկական գեներալիտետի կողմից Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջը: 

«Նիկոլ Փաշինյանն արդեն գտնվում է մի վիճակում, երբ ժողովուրդը շուտով կարող է հասնել նրա հրաժարականին: Այնուամենայնիվ, եթե մենք ուղղակիորեն խոսում ենք կառավարության տապալման մասին, ապա մեր դիրքորոշումը պարզ է ՝ մենք դեմ ենք նման քայլին»,-ընդգծել է Թուրքիայի նախագահը:

Միջանկյալ նշենք՝ որոշ լրատվամիջոցների համաձայն, Թուրքիայի կողմից՝ ԳՇ հայտարարության մասին արձագանքներից հետո թուրք զինվորականները դիվերսիայի փորձ են կատարել Նախիջևանի հետ ՀՀ սահմանին։  

Իր հերթին, անդրադառնալով թեմային, ռուսական «Իզվեստիան» հիշեցրել է, որ ԱՄՆ-ն զսպվածության կոչ է արել Հայաստանի բոլոր կողմերին և նշել, որ զինվորականները չպետք է խառնվեն ներքին քաղաքականությանը: Բացի այդ, ՆԱՏՕ-ն ևս կոչ է արել կողմերին խաղաղ ճանապարհով լուծել տարաձայնությունները, իսկ ՄԱԿ-ը մտահոգություն է հայտնել ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունների առնչությամբ, ինչպես նաև կողմերին զսպվածության կոչ արել:

Հիշեցնենք, որ Փետրվարի 25-ին ՀՀ ԶՈՒ ԳՇ-ն պահանջել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարականը: Հայաստանի վարչապետը իրադարձությունները որակել է որպես ռազմական հեղաշրջման փորձ:

Հատկանշական է, որ ԳՇ-ի հայտարարությանը համանման բնորոշում էր տվել նաև Թուրքիայի ԱԳ նախարարը, ինչպես նաև Մեջլիսում ազգությամբ հայ պատգամավոր, մշտապես հայության շահերից հանդես եկող Կարո Փայլանը։

Ի լրումն թեմայի, հավելենք, որ, մամուլում տարածված տեղեկությունների համաձայն, ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը մերժել է Փաշինյանի առաջարկը՝ ներկայանալու կառավարություն։ Բարձրաստիճան զինվորականը հայտարարել է, որ բանակի դիրքորոշումն անբեկանելի է։



Similar Posts