նորություններ | Քաղաքականություն

Փաշինյանից մարդիկ ավելի շատ են վիրավորված, քան նախկիններից

Շախմատի առաջնությանը, որտեղ Տիգրան Պետրոսյանը պիտի չեմպիոն դառնար, Երեւանի օպերայի հրապարակում հետեւում էին բազմաթիվ մարդիկ։ Այս կադրերի վրա հնչում է ֆիլմի հեղինակի կամ հերոսի հարցը. «Ի՞նչն է բերել նրանց այստեղ, շախմատի նկատմամբ սե՞րը, թե՞ վիրավորված ազգի արժանապատվությունը»։

88-ին վիրավորված ազգի արժանապատվությունն էր՝ գումարած տեղեկատվության պակասը։ Դրանից հետո էլ մարդիկ հրապարակներ են դուրս գալիս նույն պատճառով։ Վիրավորանք կա։ Ընդորում՝ բարիկադի երկու կողմերում։

Փաշինյանական դոկտրինի մոլի հետևորդները վիրարավորված են այսպես կոչված նախկին իշխանություններից, նրանից հիասթափվածները վիրավորված են իրենց երբեմնի «սրտի վարչապետից», իսկ Նիկոլի ընդդիմախոսները նրա վարած քաղաքականությունից, որի հետևանքով երկիրը հայտնվել է խորը փոսի մեջ՝ մարդկային, տարածքային ահռելի կորուստներով, սոցիալ-տնտեսական, դիվանագիտական, աշխարհաքաղաքական, ժողովրդագրական, իրավական ու բազում այլ բնույթի ձախողումներով։

Ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանից մարդիկ ավելի շատ են վիրավորված, քան նախկիններից։ Ճշմարտության համար պետք է ասել, որ 2018 թ․հայտնի իրադարձությունների ժամանակ և դրանից հետո մարդկանց գերակշիռ մասը հավատում էր բարեփոխումների ալիքին, խոստումներին, արդարադատության, օրենքի և արժանապատվության հաստատմանը։

Բայց ունենք այն, ինչ ունենք, ասել է թե՝ կրկին կանգնած ենք կոտրած տաշտակի առջև, և Փաշինյանը, փաստորեն, այդպես էլ չկարողացավ ըստ ամենայնի արդարացնել մարդկանց հույսերը, չկարողացավ դուրս գալ զրպարտիչ լրագրողի, միտինգավորի, կամ, ԽՍՀՄ ժամանակների տերմինով ասած, կուլտմասավիկի դերից։ 

Եվ հիմա, երբ դժգոհության լուրջ ալիք է հասունացել, երբ խտանում են վարչապետի աթոռին նստած ապաշնորհի հրաժարականը պահանջող մարդկանց, կուսակցությունների, կառույցների շարքերը, Նիկոլ Փաշինյանը, որին վաղուց ընդունված է համարել քաղաքական նոր տարեգրության մեջ Քաջ Նազար, էլի նեղն է ընկել ու էլի հիշել է «գյադեքին»։

ՀՀ ԳՇ հայտնի հայտարարությունից հետո Փաշինյանը կրկին հիշեց իր ընտրողներին, կրկին սիրեց, խոնարհվեց ու հպարտացավ նրանցով, այս անգամ նոր կարգախոս հնչեցնելով, թե բա ՎԵՐՋ ԹԱՎԻՇԻՆ։

Արցախի ահռելի հատվածին, Հայաստանի սահմանամերձ շրջաներին ՎԵՐՋ հայտարարած մարդն անամոթաբար շարունակում է իր մերձավորներին քաշքշել, բերել հրապարակ, քաջնազարավարի ասելով, թե բա «գյադեք էս կողմն անցեք, գյադեք էն կողմն անցնեք»։

Ի դեպ, արձանագրենք, թե ովքեր են պահանջում Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Եվ այսպես՝

* ՀՀ Զինված Ուժերը – Գլխավոր շտաբը

* Ոստիկանության բարձրաստիճան սպաներ


* Տարբեր ուժային կառույցների նախկին բարձրաստիճան սպաներ

* Հայ առաքելական եկեղեցին՝ Հայրապետներով

* ՀՀ 2-րդ, 3-րդ ղեկավարները և նույնիսկ գործող նախագահը

* Գիտական համայնքը

* Ռազմագերիների, զոհվածների, անհետ կորածների ծնողները, արցախցիները

* Գիտությունների Ակադեմիան

* բազմաթիվ կուսակցություններ ու ՀԿ-ներ

* Մայր ԲՈՒՀ-ը

Շարքը թվարկելի է ․․․

Առհասարակ մարդը մեզանում այդպես էլ չդարձավ պրոցեսների լուրջ դերակատար, գեներատոր։ Մարդուն, ՀՀ քաղաքացուն մշտապես վերաբերվել ենք որպես ընտրող, քաղաքական մանրադրամ։ Նիկոլի մոտ այս ամենն ավելի սուր ու ցայտուն է արտահայտված ․․․

Similar Posts