նորություններ | Հասարակություն | Քաղաքականություն

Քիչ կուսակցություններ՝ քիչ խնդիրներ․մտածումներ անդունդի եզրին ․․․

Ժամանակ առ ժամանակ շրջանառվում է այն միտք-առաջարկը, թե կուսակցությունների մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն կա։ Եվ այդ մասին, որպես կանոն, խոսք է բացվում ընտրությունների նախաշեմին կամ դրանից հետո՝ ըստ էության ընտրության արդյունքներից դժգոհ շրջանակների կողմից։

Փոքրիկ Հայաստանի համար այսքան կուսակցությունների, դաշինքների, քաղաքական միավորումների առկայությունը զավեշտալի է։

Կարող եք պնդել, թե մարդիկ ազատ են իրենց նախընտրած հարթակը հիմնել՝ իրենց հարազատ գաղափարախոսությամբ ու գաղափարակիցների համախմբան շնորհիվ։ Իհարկե, ողջամիտ վարկած է։

Բայց խոսքը ոչ թե մարդկանց քաղաքական կողմնորոշումների, ազատությունների, իրավունքների մասին է, այլ որոշակի չափանիշների, ըստ որի՝ պետք է հստակ սահմանվեն խաղի կանոնները։

Շատ կուսակցությունները դեռևս այլընտրանքի մասին չեն վկայում․քաղաքական դաշտում պետք է լինեն մի քանի լուրջ խաղացողներ, հայկական իրականության դեպքում՝ դա առավել քան տրամաբանական է։

Իսկ ի՞նչ կանոններ են անհրաժեշտ։

Կուսակցությունների կամ համանման քաղաքական պլատֆորմների պետական գրանցման համար որոշակի ցենզ ու պահանջներ, անշուշտ, կան։ Այդօրինակ կրիտերիաների մեջ հատուկ ամրագրված է, թե նվազագույնը որքան անդամ պետք է ունենա տվյալ քաղաքական ուժը, նշված են նաև կառուցվածքային ու այլ չափորոշիչներ, որոնց բավարարման դեպքում միայն հնարավոր է ստանալ պետռեգիստրի համաձայնությունը։

Ի դեպ, մի յուրահատուկ նրբություն կա․քաղաքական որևէ ուժին անդամագրության դեպքում, ենթադրաբար, հնարավոր են անձերի համընկնումներ, որովհետև դժվար է հետևել, վերահսկել կամ տարբերակել, թե տվյալ քաղաքացին, ժամանակին հանդիսանալով մեկ այլ կուսակցության անդամ, ե՞րբ է դադարեցրել իր անդամակցությունը կամ դադարեցրե՞լ է առհասարակ, չէ՞ որ ԽԾԲ արատավոր շղթան գործում է նաև այս դեպքում։

Եվ մտերիմներին ամենևին էլ դժվար չէ համոզելը, թե ընդամենը պետք է նրանց անուն-ազգանունը և ստորագրությունը, և որ ոչ մեկը, միևնույն է, չի կարող պարզել այդ ամենի իսկությունը և այլն և այլն։

Հունիսի 20-ին նախանշված խորհրդարանական արտահերթ ընտրությունների նախաշեմին նորանոր քաղաքական ուժեր են ձևավորվում, ստեղծվում, որոնք իրենց անդրանիկ հանրագումարով ազդարարում են իրենց առանձահատուկ լինելու, բոլորից տարբերվելու մասին։

Հենց նման վեհ գաղափարների ներքո են սովորաբար գեներացվում քաղաքական մութ ու անիմանալի դավերը։

Մինչդեռ այսօր, առավել քան երբևէ, անհրաժեշտ է ազգային կոնսոլիդացիա, համազգային, համահայկական համախմբում, որի գլխավոր նպատակը բոլորի ջանքերը մեկտեղելն է՝ հանուն մեզ մնացած այս սրտաչափ եզերքների՝ Հայաստանի ու Արցախի խաղաղ, անվտանգ, արժանապատիվ ու բարեկեցիկ գոյության։ Առայժմ՝ գոյապահպանական խնդիր ունենք լուծելու ազգովին։

Իսկ ապագայի մասին առավել իրական ու իրատեսական պետք է խոսել այդ բաղձալի համախմբումից, ազգային նոր Վերազարթոնքից հետո, որտեղ բացառված են դավաճանները, ապաշնորհները, ապազգայինները, օտարամոլները, անհայրենիք գործակալները, թալանչիները և մյուս արատավոր ու հանցավոր ապիկարները․․․

Արա Ալոյան

Similar Posts