նորություններ | Հայերի երկիր | Հասարակություն

Օրվա պատմական խորհուրդը․1992 թ․Մայիսի 18-ին ազատագրվեց Լաչինը՝ Արցախի կյանքի ճանապարհը

«Բերձորի մարդասիրական միջանցքի բացում» (Լաչինի մարդասիրական միջանցքի բացում, Լաչինի ազատագրում, Բերձորի ազատագրում) ռազմական գործողությունը տեղի է ունեցել 1992 թվականի մայիսի 17-18-ին։

Ստեփանակերտի հարավարևմտյան մատույցներում հակառակորդի առաջխաղացումը կասեցնելուց և Շուշիի ազատագրումից հետո ԻՊՈՒ և կամավորական ջոկատները ձեռնարկել են օպերատիվ-ռազմական և կենսական կարևորության Շուշի-Լաչին-Զաբուխ ճանապարհի բացման ռազմական գործողությունը։ Համաձայն մարտական պլանի՝ առաջխաղացումը պետք է իրականացվեր մայրուղու աջ և ձախ թևերում։ Գործողությանը մասնակցել են ԻՊՈՒ 2-րդ, 5-րդ, 6-րդ կամավորական վաշտերը, Այգեստանի, Խնածախի, Դահրավի, Ակնաղբյուրի, Ավետարանոցի, Սարինշենի, Քարինտակի, Շոշի, Բերդաձորի ենթաշրջանի և ՀՀ-ից կամավորական տարբեր ջոկատներ։

Մայիսի 17-ին հայկական ուժերը վերահսկողության տակ են առել Բերդաձորի ենթաշրջանի Ծաղկաձոր, Կանաչ թալա, Մեծշեն, Հինշեն, Եղցահող գյուղերը։

Մայիսի 18-ին ԻՊՈՒ կազմավորումները և կամավորական ջոկատները մտել են Բերձոր (Լաչին), ապա դուրս եկել ՀՀ պետական սահման՝ Գորիսի ուղղությամբ բացելով Արցախը ՀՀ-ին կապող «Մարդասիրական միջանցքը։

Միջանցքի բացումից հետո կորցրած ռազմավարական նախաձեռնությունը վերականգնելու նպատակով Ադրբեջանի ԶՈՒ հրամանատարությունը հոկտեմբերին ծրագրել է խոշոր հարձակում միջանցքի հարավային և հյուսիսային հատվածներում։

Հակառակորդի դեմ հարավային ռազմաճակատի գծում հակահարձակման են անցել Հադրութի սահմանները պաշտպանող հայկական ստորաբաժանումները։ Թեժ մարտերի ընթացքում հայկական ուժերին հաջողվել է հյուծել թշնամուն, ապա անցնելով հակահարձակման, իրար հետևից գրավել կարևոր դիրքեր և թշնամուն ստիպել նահանջել Ղուբաթլուի շրջանի խորքը, և հարավային ուղղությամբ ԻՊՈՒ ձեռնարկած ռազմական գործողություններն ավարտվել են հաջողությամբ։

Դրանից հետո հակառակորդն ակտիվ մարտական գործողություններ է սկսել միջանցքի հյուսիսում՝ Ղոչազ լեռան ուղղությամբ։ Հայ ազատամարտիկները հաջողությամբ հետ մղելով հակառակորդի բոլոր գրոհները և զարգացնելով իրենց առաջխաղացումն ազատագրել են Խրմանլար գյուղը, ապա վնասազերծել Մազմազակ գյուղում տեղակայված ռազմական հենակետերը։

Հայկական ուժերի կողմից ձեռնարկած վճռական մարտական գործողությունների շնորհիվ փաստորեն ապահովվել է Ստեփանակարետ-Լաչին-Գորիս երթևեկությունը։

Similar Posts