նորություններ | Իրադարձություններ | Հայեր | Հասարակություն

Ֆուտբոլային սխրանքը՝ համազգային վերածննդի ելակետ

Ընդունված կարծիք է՝ Հայաստանն առանձնապես աչքի չի ընկնում, մեծ հաջողություններ չի գրանցում կոլեկտիվ մարզաձևերում։ Մինչդեռ անհատական մակարդում՝ շախմատ, ըմբշամարտ, ծանրամարտ և այլն, մեր մարզիկները հայոց եռագույնը բարձրացնում են ամենաբարձր հարթակներում։

Սա, ի դեպ, մեր ազգային մտակերտվածքի, հոգեբանության առաձնահատկություններով է պայմանավորված։ Հայտնի միտք է՝ Հայաստանում ամեն օր 2-3 միլիոն վարչապետ է արթնանում, մենք բոլորս սիրում ենք խորհուրդներ տալ, կառավարել, առաջնորդել, բայց ոչ երբեք ծառայել։

Այս համահայկական օրինաչափության ու վիճակագրության վրա դրական իմաստով որոշակի վետո է դնում Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը, որը վերջին խաղերում պարզապես պատմություն է կերտում․մեր ֆուտբոլային տարեգրության մեջ առաջին անգամ ազգային ընտրանին Աշխարհի առաջնության որակավորման առաջին 3 խաղերում տոնում է նույնքան հաղթանակ՝ չերկնչելով պատմականորեն առավել ուժեղ մրցակիցներից ու գերազանցելով նրանց։

J-խմբի միանձնյա առաջատար Հայաստանի հավաքականը (9 միավոր), ի թիվս մյուս մրցակիցների, գերազանցում է ոչ ավելին, ոչ պակաս՝ Գերմանիայի գերհզոր ընտրանուն, թիմ, որ ասոցացվում է Հաղթանակի, Փառքի, Ֆուտբոլային Հսկայի հետ։ Ճիշտ է, այս հավաքականի հետ մերոնք դեռ չեն խաղացել, բայց փաստն այն է, որ մենք ուղիղ 3 միավոր, ասել է թե՝ մեկ հաղթանակ ավելին ունենք Գերմանիայից ու Հյուսիսային Մակեդոնիայից, ինչպես նաև մեր ետևում ենք թողել Ռումինիայի, Իսլանդիայի ու Լիխտեյնշտեյնի հավաքականներին։

Ռումինիայի ընտրանուն հյուրընկալեցինք երեկ՝ Մարտի 31-ին, և գերդրամատիկ մրցապայքարում հաղթեցինք 3։2 հաշվով՝ վերջակետ դնելով խմբի միանձնյա առաջատարի հետ կապված տարակուսանքներին։

Ի դեպ, ամբողջ Եվրոպայում 9 միավոր վաստակած ընդամենը 4 թիմ կա այս պահի դրությամբ․ Հայաստան, Դանիա, Իտալիա և Անգլիա։ Բացի մեզնից, մյուս բոլոր այս երկրները ֆուտբոլային գերտերություններ են համարվում։

Հայաստանի ազգային թիմի գլխավոր մարզիչ, իսպանացի տաղանդավոր մասնագետ Խոակին Կապարոսը այս ու մեր նախընթաց հաջողությունների մասին խոսելիս, որպես կանոն, առանձնանշում ու հատկանշում է թիմային խաղը։ Այո, ասում է նա, ես չեմ սիրում առանձնացել որևէ ֆուտբոլիստի։

Իսպանացի մասնագետի վերաբերմունքն այս հարցում պետք է մեզ կարևոր եզրահանգումների մղի։ Մենք վաղուցիվեր պետք է հասկանանք, որ ես-ն առ ոչինչ է Մենք-ի դեմ։

Որովհետև միասնական, համակարգված, ներդաշնակ վարմունքը չի կարող անպտուղ լինել, հաղթանակները, պարտությունները, խաղադաշտում, կյանքում, թե ռազմի դաշտում, մեկ տեր չեն ունենում, ունենում են մեկ կողմ։

Իհարկե, լինելու են ձախողումներ, վրիպումներ, բայց դրանք չեն կարող այնքան ցավալի լինել, որքան միակենտրոն խաղը, քայլը, գործունեությունը։ Երբ ամեն ինչ բարդում ենք մեկ անձի վրա, երբ ամեն ինչ իր վրա է վերցնում կոնկրետ մեկ անձ։

Մինչև մեր ֆուտբոլային գլխավոր թիմը շարունակում է լուրջ ռեկորդներ ու պատմական առաջընթաց գրանցել, մենք ազգովի պետք է մեկ անգամ ևս խորհենք միաբանության, միակամության ու Հաղթանակ կռելու համահավաք ձգտումների մասին։

Եվ, այո՛, ինչու չէ, թող մեր ֆուտբոլային ընտրանու սխրանքը դառնա համազգային վերածննդի ազդակ ու ելակետ․․․


Similar Posts