նորություններ | Հայեր | Քաղաքականություն

Ֆրանսահայերն արցախցու կողքին են․ մեկնարկում է «Վարանդա» բացառիկ ծրագիրը

Ֆրանսահայերն արցախցու կողքին են․ մեկնարկում է «Վարանդա» բացառիկ ծրագիրը

Ֆրանսիայում բնակվող հասարակական գործիչ, գրող, լրագրող, հրապարակախոս, ծնունդով արցախցի Անժելա Սահակյանը (Փարիզի հայկական ռադիոյի (AYP FM) մեկնաբանն է, «Արցախապատում», «Հայ մամուլի տեսություն» և «Բաց նամակ ճշմարտության պարտադրանքով» հաղորդաշարերի հեղինակ-վարողն է – խմբ․), ազդարարել է մի յուրահատուկ նախաձեռնության մասին։

Անվանի գործիչը, մասնավորապես, նշել է հետևյալը․

«Սիրելի հայրենակիցներ, արցախյան պատերազմի օրերին, մենք բոլորս համախմբվեցինք և յուրաքանչյուրս մեր հնարավորությունների սահմաններում՝ թե՛ նյութապես․ թե՛ բարոյապես օգնեցինք մեր հայրենակիցներին։ Ցավոք պատերազմն ավարտվեց մեր պարտությամբ։ Շուշին, Հադրութը, Մարտունու շրջանի մի շարք գյուղեր անցան թուրքերի ձեռքը և արդյունքում բռնագրավված տարածքներից ունենք հարյուրավոր փախստականներ, որոնք ոչ միայն կորցրել են իրենց ծնողներին, ամուսիններին, քույրերին ու եղբայրներին, նաև զրկվել են իրենց հարազատ օջախներից, դարձել բնավեր ու ակամայից հայտնվել փախստականի կարգավիճակում։

Այս ծանր օրերին, մենք պետք է կրկին կանգնենք նրանց կողքին։ Այս մտահոգությամբ ստեղծվել է «Վարանդա» խորհրդանշական անունը կրող նախագիծ, որին աջակցում է Հայ բարեգործական ընդհանուր միության Ֆրանսիայի մասնաճյուղը (UGAB France)- ը։

Ծրագրի նպատակն է Ֆրանսիայի տարածքում գտնվող որև է հայ կամ ֆրանսիացի ընտանիք երեք ամսվա կտրվածքով, ամիսը 90 եվրո վճարի անտուն մնացած Արցախի մեկ ընտանիքի, մինչև կարողանան աշխատանք գտնեն ու հոգան իրենց նվազագույն կարիքները։

Հովանավորելով այս ընտանիքները ՝ դուք նրանց թույլ կտաք վերակառուցել իրենց կյանքը Արցախում կամ Հայաստանում, և ամենից առաջ հույս կտաք նրանց ավելի լավ ապագայի համար:

Ձեր նվիրատվությունը կարող եք կատարել գրելով UGAB France- ին ՝ նշված էլեկտրոնային հասցեով՝ administrative@ugabfrance.org

Ձեր նվիրատվությունը կուղարկվի անմիջապես UGAB- ի հայաստանյան գրասենյակ, այնուհետև անձամբ կհասցվի հովանավորվող ընտանիքներին:

Եթե ցանկանում եք կապ հաստատել հովանավորվող ընտանիքի հետ և ավելի շատ տեղեկություններ ունենալ այն մասին, թե ինչպես կարելի է ճանաչել շահառուներին, կարող եք կապվել ծրագրի ղեկավարների հետ այս էլեկտրոնային հասցեով՝ artsakh.varanda@gmail.com

Հայ բարեգործական ընդհանուր միության Ֆրանսիայի մասնաճյուղի հասցեն է՝

UGAB France – 11, Square Alboni, 75016 Paris – 01 45 20 03 18»,- ասված է տարածված հաղորդագրության մեջ։

Իսկապես, տեղին ու ոչ ավելորդ նախաձեռնություն է, որ կոչված է էական, շարունակական աջակցություն ցուցաբերել պատերազմից տուժած մեր հայրենակիցներին։

Similar Posts