Իրադարձություններ | Հասարակություն | նորություններ | Քաղաքականություն

Ի՞նչ փաստաթուղթ է ստորագրելու Փաշինյանը․սկանդալային հայտարարություն․ՖՈՏՈ

Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը Telegram–ի իր ալիքում հրապարակել է այն հայտարարության լուսանկարը, որը, նրա պնդմամբ, պատրաստվում են ստորագրել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ 

«Ահա փաստաթուղթը, որի մասին ես գրել եմ Facebook–ում: Սրանք փաստաթղթի առաջին էջի առաջին պարբերություններն են, որոնք ներկայումս համաձայնեցվում են: Սրա մեջ կա նաև գաղտնիացված մաս (չհաշված Նիկոլի և Ալիևի բանավոր պայմանավորվածությունները)։ Նիկոլը համաձայնվել է ամեն ինչի հետ, բայց դեռ չի ստորագրել»,– գրել է նա։  Ավելի վաղ, նախկին դեսպանը նշել էր, որ երեկ երեկոյան ավարտվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքվելիք նոր հայտարարության փաստաթղթի ձևակերպման աշխատանքը։ 

«Այդ փաստաթղթում դիվանագիտորեն, գեղեցիկ ձևակերպումներով, ըստ էության, ձևակերպվում է նոր դեմարկացիան՝ Հայաստանի համար աղետալի հետևանքներով»,-նշել էր Միանսյանը և պնդել, թե դեմարկացիան հիմնված է լինելու երեք սկզբունքի հիման վրա՝ ԽՍՀՄ քարտեզների, աշխարհագրական նպատակահարմարության և այդ պահին եղած իրական պատկերի։ Սրա հետևանքով, ըստ նրա, Նիկոլ Փաշինյանը քննարկման առարկա է դարձրել Տավուշի մարզի 5 գյուղերը և Արարատի մարզի մեկ գյուղն Ադրբեջանին հանձնելը։   

Այս ամենին կառավարության այսօրվա նիստում արձագանքել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ Նա բավականին կոշտ բնութագրումներ է հնչեցրել, ինչպես նաև մանրամասնել հնարավոր փաստաթղթի ստորագրման հարցում իր դիրքորոշումը․

«Այս գործողություններն այլ կերպ քան Ադրբեջանի տեղեկատվական գործակալական ցանցի գործունեություն ես չեմ կարող որակել: Ես չգիտեմ՝ դե յուրե ինչ ձեւակերխում ունի, բայց իմ քաղաքական գնահատականը դա է: Ընդ որում, պետք է վերլուծել, թե այդ աշխատանքային փաստաթղթերը նրանք որտեղից են ստանում: Ես ինչքան վերլուծում եմ, միակ աղբյուրը, որ կարող են ստանալ, Ադրբեջանն  է: Որովհետեւ եռակողմ խոսակցություն է գնում ՌԴ, ՀՀ եւ Ադրբեջան։ Ինչքան վերլուծում եմ, այդ փաստաթղթերը ստանում են Ադրբեջանից»,-հայտարարել է Փաշինյանը:

Միաժամանակ, նա վստահեցրել է, որ այն լուծումները, որոնք ՀՀ միջազգային գործընկերների հետ ձեռք են բերված նախնական համաձայնություններ, այդ լուծումները 100 տոկոսով համապատասխանում են Հայաստանի շահերին: «Եթե Ադրբեջանը այդ պայմանավորվածություններն օգտագործի եւ այն պայմաններում, ինչ որ խոսել ենք, ապա այո, ես այդ թուղթը ստորագրելու եմ»,-շեշտել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ հիմա այդ թուղթը չի հրապարակի, քանի որ կոռեկտ չէ, այն աշխատանքային թուղթ է և ներկայում բանակցություններ են ընթանում:

Փաշինյանի այս հայտարարությունը հարուցել է հասարակական ու քաղաքական լայն շրջանակների, հատկապես՝ իր ընդդիմախոսների վրդովմունքը։ Շատ գործիչներ շտապել են հայտարարել, որ այդ փաստաթղթի ստորագրմամբ Հայաստանը վերջնականապես (թվերի լեզվով ասած՝ էլի 100 տոկոսով) կործանվելու է։

Նիկոլ Փաշինյանը պնդում է, սակայն, որ այն 100 տոկոսով ազգային շահից է բխում։

Թե ո՞րն է առավել հավանական ու իրապես համազգային շահով թելադրված 100-ների հարաբերակցության մեջ, թերևս երկար սպասել չի տա ․․․

Արա Ալոյան

Similar Posts