նորություններ | Քաղաքականություն

Բռնապետի նոր գրաքննությունը․ 10 միլիոն տուգանք «զրպարտության» համար

Մի հայտնի ու շատ պատկերավոր ասացվածք կա․ գողն առաջինն է գոռում ՝ բռնեք գողին։ Կյանքի և ոչ մի փուլում, ոչ մի կարգավիճակում չկայացած, մեծ հաշվով կյանքի քննությունը չհաղթահարած Նիկոլ Փաշինյանը փետվարի 11-ին խորհրդարանում առաջին ընթերցմամբ անցկացրեց իր գրած օրինագիծը, ըստ որի՝ իր հասցեին վիրավորանքի համար քաղաքացիները կտուգանվեն մինչեւ 5 միլիոն դրամով, իսկ իր հասցեին զրպարտանքի համար՝ մինչեւ 10 միլիոն դրամով։ Խեղճ 10 միլիոն հա՜յություն․․․

Պատկերացնո՞ւմ եք, ամբողջ կյանքում գրաքննությունից, անարդարությունից, անազատությունից բողոքող վարչապետը սարսում է սեփական ստվերից, մինչդեռ համահավաք հայությանն ու Հայաստանին թողել է օրերիս լուսանցքում։

Եթե խոսքը վերաբերեր, պայմանական ասած, Մոզամբիկի հայ համայնքին / հայերն ամենուր են/, օրենսդրական հիշյալ նախաձեռնությունը կարող էր որոշ արդարացումներ ունենալ, դե ոչ զարգացած երկրում ապրելով տեղի հայերը կարող են մի փոքր էմոցիոնալ ու հայհոյախոս լինել։ Բայց սա, իհարկե, սարկազմի ժանրից է։ Իրականում ամեն ինչ չափազանց լուրջ է ու արմատական վերլուծության, իրավաքաղաքական գնահատականի կարիք ունի։

Հայաստանն ու Արցախը թշնամու ազատ տեղաշարժի տարածք վերածած, մարդկային, տարածքային կորուստներ բերած, ամբողջ հայությանը շարունակաբար ու տարաբնույթ աղետների ենթարկող Նիկոլ Փաշինյանը սեփական սխալներն ընդունելու, ժողովրդից ներողություն խնդրելու, իրավական, քրեական ու ինչու չէ՝ ֆինանսական պատասխանատվության ենթարկվելու փոխարեն՝ նորանոր մտքեր է հղանում, թե ուրիշ ի՞նչ կերպ կարելի է կեղեքել, ցավեցնել, ահաբեկել ազգին, հայությանը, այդ թվում՝ իրեն ընտրած քաղաքացիներին, որոնք տեսեք-տեսեք «հանդգնություն» են ցուցաբերել և հիասթափվել վարչապետից ու նրա անփառունակ, ապազգային թիմից։ Պետության անկառավարելի կառավարիչը խփում է բռնապետության բոլոր ռեկորդները՝ գերազանցելով ինքն իրեն։

Չորրորդ իշխանության երբեմնի ներկայացուցիչ Փաշինյանը, ով, ի դեպ, ժամանակին հեռացվել է պետհամալսարանից և, ամենայն հավանականությամբ, շատ շուտով հեռացվելու է նաև վարչապետի պաշտոնից ու քաղաքական ասպարեզից, լրագրողական տարիներից ի վեր երբեք խտրություն չի դրել ում հետ և ինչպես խոսել շանտաժի, զրպարտության լեզվով։ Եվ, օ՜ զարմանք, այժմ ինքն է որոշել խոսել զրպարտության մասին, սահմանել այսպես ասած վարքականոններ և պատիժներ։ Այլևս բռնապետի վերաճած վարչապետի հերթական գրաքննությունը՝ նոր օրենդսրական նախաձեռնության տեսքով, դատավճիռ սեպող մուրճի պես իջնում է ուղիղ հայության գլխին։

Ռուս դասական գրող Ֆ․Դոստոևսկին իր հանրահայտ «Ոճիր և պատիժ» վիպակը նկարագրելիս ՝ նշել է հետևյալը․

«Համալսարանից հեռացված մի երիտասարդ, որն ապրում է ծայրահեղ աղքատության մեջ, ենթարկվելով որոշ տարօրինակ, «անավարտ» գաղափարների, որոնք պտտվում են օդում՝ որոշում է միանգամից վերջ տալ իր վատթար դրությանն ու սպանել մի պառավի, որը տոկոսով փող է տալիս… Բայց սպանությունից հետո ծավալվում է ոճրագործության ամբողջ հոգեբանական գործընթացը:

Մարդասպանի առջև ծառանում են չլուծված հարցեր, չենթադրված և անակնկալ զգացմունքները տանջում են նրա սիրտը…

Աստծո ճշմարտությունը, երկրային օրենքը հաղթանակում են, և ամեն ինչ վերջանում է նրանով, որ մարդասպանը հարկադրված էր մատնել իրեն, որպեսզի թեկուզև կործանվի տաժանակրության մեջ, բայց դարձյալ հարի մարդկանց. Մարդկությունից տարանջատվելու և մեկուսանալու զգացմունքը, որ նա ապրել էր ոճիրը կատարելուց անմիջապես հետո, մաշում է նրան…»․․․

Ինչպես ասում են՝ առանց մեկնաբանության։

Մեկ բան ակներև է, ո՛չ մի իշխանություն, առավելևս՝ ապազգային ու ազգակործան, ո՛չ մի օրենք ու իմպերատիվություն մնայուն ու հավերժ չէ, քանի որ, ի վերջո, արդարության օրենքն է հաստատում իր գերազանցությունը մարդկության ու մոլորակի վրա։ Մնացյալը՝ ժամանակի ու միասնական պայքարի մարտահրավեր է։ Հենց այս նպատակի ներքո պիտի մեկտեղվեն բոլոր առողջ ուժերի, քաղաքացիների ջանքերը, որպեսզի Հայաստանում հաստատվեն արդարության օրենքն ու օրենքի արդարությունը։

Ռուբեն Արամյան

Similar Posts