Հասարակություն | նորություններ | Քաղաքականություն

Ադրբեջանական վերջին սադրանքը՝ համաշխարհային հանրության ուշադրության կենտրոնում

Արդեն տեղեկացրել ենք, որ Մայիսի 12-ին ադրբեջանական զորքը Սյունիքի մարզի Սև լճի տեղանքում հատել է ՀՀ պետական սահմանն ու առաջացել ավելի քան 3 կմ։ Ստեղծված իրավիճակի առնչությամբ ՀՀ ՊՆ-ն, ԱԱԾ-ն, ՄԻՊ-ը, ինչպես նաև տարբեր քաղաքական ուժեր հանդես են եկել հայտարարությամբ։ Հրավիրվել է ԱԽ հատուկ նիստ, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դատապարտել է հակառակորդի ոտնձգությունը։ ՀԱՊԿ-ը ևս հանդես է եկել հայտարարությամբ։

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում վերջին զարգացումների վերաբերյալ որոշ թարմ տեղեկություններ։

ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։

ՀՀ ԱԳՆ հաղորդմամբ, զրուցակիցները շարունակել են քննարկումները ադրբեջանական կողմի գործողությունների հետևանքով ՀՀ պետական սահմանին ստեղծված իրավիճակի և լարվածության թուլացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերի շուրջ:

Նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանն ընդգծել է ադրբեջանական կողմի սադրանքների հրահրման և դրա հետևանքով Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգության ցանկացած դրսևորման անթույլատրելիությունը:

Հայաստանի և Ռուսատանի արտաքին գերատեսչությունների ղեկավարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության և կայունության պահպանման շուրջ:

Հիշեցնենք, որ Լավրովը հեռախոսազրույց էր ունեցել նաև Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ։

ԱՄՆ պետդեպատամենտ. Պահանջում ենք զսպվածություն՝ իրավիճակը խաղաղորեն լիցքաթափելու համար

ԱՄՆ պետդեպատամենտի խոսնակ Նեդ Փրայսը թվիթերում գրառում է կատարել՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի սահման ներխուժման վերաբերյալ։

«Մենք ուշադիր հետևում ենք Հայաստան-Ադրբեջան սահմանի դեմարկացիայի չենթարկված հատվածի երկայնքով լարվածության աճի մասին հաղորդագրություններին: Մենք հասկանում ենք, որ կողմերի միջև շփումը շարունակվում են և պահանջում ենք զսպվածություն՝ իրավիճակը խաղաղորեն լիցքաթափելու համար»,- այս մասին գրել է Նեդ Փրայսը թվիթերում։

Հիշեցնենք, որ այս Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածք ներխուժման հարցով Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին։ Նախօրեին ԱԽ հրավիրված նիստի ընթացքում Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ արդեն երկրորդ օրն է Սյունիքի մարզի Սև լճի շուրջ պայթյունավտանգ իրավիճակ է։ Նրա խոսքով՝ ադրբեջանական զինուժի շուրջ 250 ներկայացուցիչներ այս պահին շարունակում են գտնվել Հայաստանի պետական սահմաններից ներս՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզի որոշակի հատվածներում։

Մենենդես․ ԱՄՆ-ը և ամբողջ միջազգային հանրությունը պետք է խստորեն արձագանքեն, որ Ադրբեջանը հասկանա՝ լուրջ հետևանքներ կունենա

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը հանդես է եկել հայտարարությամբ՝ ի պատասխան Հայաստանի Սյունիքի մարզ Ադրբեջանի ապօրինի ներխուժման մասին հաղորդագրություններին։

«Ադրբեջանական զորքերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի ոտնահարումը վտանգավոր և անօրինական ագրեսիա է, որն ընդգծում է կայուն սպառնալիքը, որին հայ ժողովուրդը շարունակում է բախվել: Այսօր ավելի վաղ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի հետ իմ զրույցից հետո պարզ է, որ Միացյալ Նահանգները և ամբողջ միջազգային հանրությունը պետք է խստորեն արձագանքեն այս ներխուժմանը, որպեսզի Ադրբեջանը հասկանա, որ դա լուրջ հետևանքներ կունենա իր չարամիտ գործունեության համար»,- հայտարարում է Բոբ Մենենդեսը։

Մենենդեսը նշում է, որ երբ անցյալ աշնանը Ադրբեջանը հարձակվեց հայ ժողովրդի վրա, «նախորդ վարչակազմը չկարողացավ ներգրավվել և դուռը բաց թողեց այնպիսի բռնապետերի համար, ինչպիսիք են Ալիևը, Էրդողանը և Պուտինը` որոշելու հայ ժողովրդի ճակատագիրը»:

«Դա այլևս չի կարող պատահել: Ես հորդորում եմ Բայդենի վարչակազմին՝ զբաղվել այս խնդրով ամենաբարձր մակարդակներով`հասկացնելու համար, որ Ադրբեջանը պետք է հարգի Հայաստանի ինքնիշխանությունը, և որ հետագա սպառնալիքներն ու ագրեսիաները պարզապես անընդունելի են»,-հայտարարում է Մենենդեսը։

Ֆրանսիայի նախագահականի մամուլի հաղորդագրությունը

Մայիսի 13-ին Հանրապետության Նախագահը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ընթացող զարգացումների թեմայով հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ պարոն Նիկոլ Փաշինյանի հետ։ Հանրապետության Նախագահը հիշեցրել է Ֆրանսիայի հավատարմությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը և ընդգծել Հայաստանի տարածքից ադրբեջանական զորքերի անհապաղ դուրս բերման անհրաժեշտությունը։Ֆրանսիան ցանկանում է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի միջոցով հնարավոր լինի լուծում գտնել տարածաշրջանում առկա լարվածության իրավիճակին `այս տարածաշրջանում կայունությունն ու անվտանգությունը վերականգնելու համար:

Վալերի Բուայե․ Ֆրանսիան պետք է պատժամիջոցներ կիրառի Ադրբեջանի դեմ

Օգտվելով Մերձավոր Արևելքում վերսկսված լարվածությունից՝ մի քանի հարյուր ադրբեջանցի զինվոր ներխուժել է Սև լճի շրջան՝ ՀՀ հարավային Սյունիքի մարզի Վերիշեն և Իշխանասար գյուղերի մոտակայքում: Այս մասին գրել է ֆրանսիացի պատգամվոր Վալերի Բուայեն։

«Իլհամ Ալիևի վարչակարգի կողմից պատվիրված այս նոր ագրեսիան տեղի է ունենում Արցախի Հանրապետության դեմ պատերազմը սկսվելուց վեց ամիս չանցած և, անհրաժեշտության դեպքում, ցույց է տալիս Ադրբեջանի ռազմատենչ մտադրությունները»,- գրում է Բուայեն:

Ֆրանսիացի պատգամավորը նշում է, որ հանդիպելով այս նոր ագրեսիային՝ Մինսկի խմբի համանախագահ և ԵԱՀԿ անդամ Ֆրանսիան պետք է դուրս գա իր չեզոքության արհեստական քաղաքականությունից, դատապարտի ադրբեջանական ագրեսիան, պատժամիջոցների ենթարկի Բաքվի ռեժիմին, որն ապակայունացնում է Հարավային Կովկասը, և հնարավորինս շուտ իր օգնությունը հասցնի ռուսական ուժերին` թույլ տալու հայերին և արցախցիներին՝ խաղաղ ապրել իրենց երկրներում:

Նշենք, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է․Ադրբեջանի զինված ուժերը ներխուժել են հայկական տարածք։ Նրանք պետք է անհապաղ հետ քաշվեն: Եվս մեկ անգամ ասում եմ հայ ժողովրդին` Ֆրանսիան համերաշխ է ու այդպիսին էլ կմնա»։

Պահանջո՛ւմ ենք լինել անզիջում թշնամու այս դավադիր ոտնձգության հանդեպ. Գորիսի մտավորականություն

 Գորիսի մտավորականության նախաձեռնող խումբը հանդես է եկել Սյունիքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ հայտարարությամբ, որտեղ ասված է.

«Պիտի խոստովանենք, որ մեր իշխանությունների հանցավոր անգործությունն է հիմնական պատճառը, որ Ադրբեջանն իրեն իրավունք վերապահեց՝ լկտի սադրանք իրականացնելով ներխուժել Գորիս քաղաքի մերձակայքում գտնվող Սև լճի տարածք, որի արդյունքում խախտված է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը։

Այս իրողությունը, անտարակույս, խիստ անհանգստացրել ու մտահոգել է ողջ հայ ժողովրդին։ Սակայն դրա հանգուցալուծումն իր անորոշությամբ առաջին հերթին ազդել է հազարավոր տարիներ իր ծննդավայրում ապրող և արարող գորիսեցիներին։

Հարկ ենք համարում հիշեցնել, որ Գորիսն այն հայկական եզակի տարածաշրջաններից է, որտեղ հայ ժողովրդի պատմության ամենաօրհասական ժամանակաշրջաններում անգամ թուրքը չի կարողացել բնավորվել։

Մեր անվերապահ աջակցությունը հայտնելով հայկական զինված ուժերին՝ պահանջո՛ւմ ենք լինել կոշտ ու անզիջում թշնամու այս դավադիր ոտնձգության հանդեպ։

Մենք պարտավոր ենք վերջապես գիտակցել, որ այլևս թշնամուն տալու ոչ մի թիզ տարածք չունենք։

Հայ սպան, զինվորն ու զորականը թող համոզված լինեն, որ Զանգեզուրի հերոսական ժողովուրդն աներեր կանգնած է նրանց թիկունքին և յուրաքանչյուր զենք գործածելու ունակ անհատ ամեն պահ պատրաստ է մեր զինվորագրված զավակներին միանալով՝ մեր հայրենիքի սահմաններից դուրս շպրտել սանձարձակ կեցվածք որդեգրած դարավոր թշնամուն…

Բանաստեղծ – Տիգրան Գրիգորյան
Արձակագիր – Վարդան Սարգսյան
Սյունիքի նկարիչների միության նախագահ – Ժիրայր Մարտիրոսյան
Հայագետ, բ.գ.թ., դոցենտ – Մհեր Քումունց
Գորիսի զարգացման ակումբի համահիմնադիր – Արտուր Խոջաբաղյան
ԳՊՀ դասախոս, պատմաբան ֊ Գրիշա Հարությունյան
Տ․գ․թ․ դոցենտ ֊ Համլետ Հովսեփյան»։

Աղբյուրը՝ panorama.am

Similar Posts