Հասարակություն | Իրադարձություններ | նորություններ | Քաղաքականություն

Համամասնական՝ ռեյտինգային ընտրակարգի փոխարեն․ նախընտրական գլուխկոտրուկ

Ազգային ժողովի արտահերթ նիստում 83 կողմ քվեարկությամբ առաջին ընթերցմամբ այսօր՝ ապրիլի 1-ին, ընդունվեց «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:  Երկրորդ ընթերցմամբ քննարկումը կազմակերպվելու է 24 ժամվա ընթացքում։ 

Այս օրինագծով առաջարկվում է հանել ռեյտինգային ընտրակարգը եւ ներդնել փակ համամասնական ցուցակներով ընտրակարգը: Նախագծի համահեղինակներն են պատգամավորներ Արման Բաբաջանյանը, Սերգեյ Բագրատյանը, Վահագն Հովակիմյանը և Համազասպ Դանիելյանը:

Առաջիկա ընտրություններից առաջ իշխանական ու իշխանամետ պատգամավորների, մեծ հաշվով՝ իշխանության առաջարկած օրինագիծն արդեն իսկ հասցրել է թեժ քննարկումների առիթ դառնալ։

«Դուք ասում եք, որ ռեյտինգային համակարգը պետք է հանվի, բայց չեք ասում՝ ինչ փոփոխություններ են արվելու։ Ի՞նչ շահ ունի հանրությունն այս փոփոխությունից։ Ինչո՞ւ է նման հրատապությամբ բերվել նախագիծը, ինչո՞ւ երկու տարի շարունակ որևէ քայլ չէր արվում»,-ԱԺ արտահերթ նիստում հետաքրքրվել է ԱԺ անկախ (նախկինում՝ իմքայլական) պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը՝ դիմելով օրինագծի համահեղինակներից իմքայլական պատգամավոր Վահագն Հովակիմյանին։

Ի պատասխան, Վահագն Հովակիմյանը նշել է, թե նախագիծը 38 հոդված ունի, որոնցից 30-ը վերաբերում են տարածքային ցուցակները հանելուն։ Նրա խոսքով, քաղաքացին ընտրելու է միայն քաղաքական ուժին՝ առանց որևէ նշում կատարելու։  

Ներկայացնելով իր քաղաքական ուժի դիրքորոշումը՝ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը հայտարարել է, որ իրենք առաջարկում են գնալ բաց համամասնական համակարգին։ Թե ինչո՞ւ, պատգամավորը ներկայացրել է իր հիմնավորումը․

«Ռեյտինգային ընտրական համակարգը հնարավորություն է տալիս հարուստներին՝ օգտագործել իրենց ռեսուրսները, որպեսզի ձայն հավաքեն, բայց քաղաքացուն պատգամավորի օգտին քվեարկելու հնարավորությունից ամբողջությամբ զրկելն էլ ճիշտ չէ»։ Այս սցենարի դեպքում, Գորգիսյանը մտավախություն է հայտնել, որ ունենալու ենք զուտ կոճակ սեղմողների խորհրդարան։

Ինչպիսի՞ ճակատագիր է սպասում Ազգային ժողովին՝ առայժմ վաղ է ասել։ Իսկ, այ, ինչ ճակատագիր կունենա առաջարկվող նախագիծը՝ կիմանանք առնվազն 24 ժամ հետո։

Similar Posts