Հասարակություն | Հայեր | նորություններ | Քաղաքականություն

Սրտի վարչապետն ու ոտքերով մտածողները

Տպավորություն է, թե մեր հասարակության մի մասը (առայժմ խուսափենք ասել ազգ կամ ժողովուրդ), մազոխիզմի ու մառազմի տենդով է վարակվել։

Որքան շատ են ցավեցնում իրեն, այնքան շատ է կուրորեն երկրպագում իր դահիճներին։ Փաշինյանի ռեժիմի ամբողջ պերճանքն ու թշվառությունը վայելող այդ հատվածը «սրտի վարչապետ» կլիշեով դեռ քայլում է, քայլում է ու քայլում երկիրը տոտալ կործանման տարած իրենց առաջնորդի ետևից։

Հոգ չէ, թե խփվել են կառավարման ֆիասկոների բոլոր ռեկորդները։ Զրո տնտեսություն, զրո կրթություն, զրո ներդրում, զրո-զրո-զրո ․․․Եվ այդ 0-ն ոչ թե վերջում է, որ միավոր դառնա, այլ սկզբում ու միայնակ հպարտությամբ։

Հոգ չէ, թե պատերազմում նահատակվեց ավելի քան 5000 լույս հայորդի, մարեց այդքան օջախի ծուխ, մի ամբողջ սերունդ ամլացավ, մի ամբողջ ազգ թշվառացավ ու որբացավ։ Աչք ենք փակում, որովհետև մե՜ր (իրենց) «սրտի վարչապետն է»։

Որովհետև մեղավոր են նախկիները միայն, որոնք 30 տարի շարունակ բանակ չեն հզորացրել (Բանակի մարտունակությունն ու զորեղությունը չափվում է նրա ոչ թե անպարտելիությամբ, այլ հաղթանակներով, ինչի վկայությունը Արցախյան վերջին պատերազմին նախորդած բոլոր փառավոր դիպվածներն են)։

Աչք ենք փակում և որդեկորույսի կարգավիճակում հյուրընկալում կամ հյուրընկալվում վարչապետին ու նրա տիկնոջը («Էրատոն»՝ Եռատոնի փոխարեն)։ Մարդկային առումով այդ տուրևառությունը բնական է, ողջամիտ է, բայց կորստի, ցավի ու հակընդեմ պոպուլիզմի տեսակետից՝ անտրամաբանական, նույնիսկ անարժանապատիվ։

Կասեք յուրաքանչյուր մարդ ունի իր քաղաքական, գաղափարական, նույնիսկ մարդկային համակրությունների և հակակրությունների իրավունքը։ Այո, ոչ մի առարկություն։

Բայց չի կարող այնպես լինել, որ սուտը, ապաշնորհությունը, ապազգային կեցվածքը, օտարահպատակ ուղեգիծը դառնալ ճանապարհի ուղեբեռ մի ամբողջ ազգի, ամբողջ հայության համար։

Չի կարող այնպես լինել, որ պետությունն ու նրա մանր ու միջին արբանյակները համակողմանի ու անխնա արշավ սկսեն Եկեղեցու, Դպրոցի, Զինված Ուժերի, Գիտնականի, մտավորականի, ուսուցչի, պետական բոլոր հնարավոր ինստիտուտների ու ազգային ազդեցիկ գործիչների դեմ։

Կարող ես չսիրել, չհամակրել, բայց իրավունք չունես ստորացնել։ Քայլելն, իհարկե, առողջարար է, բայց քայլող որևէ մեկը պետք է դադարի մտածել ոտքերով և քայլը համարել իր ամենից մեծ արժանիքը։

Բայց քայլերը մի օր բերելու են անդունդի եզրին, որտեղից կամ քայլողն է վայր նետվում կամ մեզ է այնտեղ գլորելու, եթե իհարկե մենք կոնկրետ մեր քայլերը չանենք՝ մեր արժանապատվության վերջին տարածքը՝ մեր սրտաչափ Հայաստանն ու Արցախը վերջնականապես չկորցնելու համար։



Ռուբեն Արամյան

Similar Posts