նորություններ | Հասարակություն

Ահազանգ․ ինքնասպանություների թիվը Հայաստանում և աշխարհում աճում է

Աշխարհում ինքնասպանությունների քանակը տարեկան մոտենում է 1 միլիոնի: Փորձագետների համոզմամբ, մարդու` ինքնասպանության գնալու համար պետք են պատճառ, պայման, առիթ, անձնական և իրավիճակային գործոններ, օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ։ 

Երբեմն մարդիկ ինքնասպանության են գնում նաև սոցիալական խիստ ծանր պայմաններից ելնելով ,օրինակները բազում են՝ չմարված վարկեր, բազում պարտքեր, օրվա հացի անլուծելի խնդիր և այլն: 

Սա իսկապես մտահոգիչ և անչափ ցավոտ հարց է։ Հայաստանում, օրինակ, 2020 թվականին աճել է ինքնասպանության և ինքնասպանության փորձերի թիվը։ Այդ թիվը վերջին 3 տարիներին, դժբախտաբար, աճի միտում ունի։

ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով, ինքնասպանություն և ինքնասպանության փորձ գործած մարդկանց պատկերը վերջին տարիներին հետևյալն է՝ 

Այսպես․ 2018 թվականին գրանցվել է 606 ինքնասպանություն և ինքնասպանության փորձ, 2019 թվականին՝ 613, 2020 թվականին՝ 663 դեպք՝ 50-ով կամ 7 %-ով ավելի նախորդ տարվա համեմատ։ 2020 թվականին գրանցվել է 183 ինքնասպանության դեպք, նախորդ տարվա համեմատ ավելացել է 30-ով կամ 16 %-ով։ 

Իսկ ահա նախորդ տարվա դրությամբ, Հայաստանում վերջին երեք տարիներին ավելացել է ինքնասպանությունների թիվը: Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տեղեկության, 2017 թվականին Հայաստանում ինքնասպանության եւ ինքնասպանության փորձերի դեպքերը կազմել են 562, 2018 թվականին՝ 606, իսկ 2019 թվականին դրանց թիվը 613 է եղել: 

Վիճակագրական տվյալներով, մինչև 17 տարեկանների շրջանում պատկերն այսպիսին է՝ 2016 – 5, 2017- 7, 2018 – 7: Ըստ նույն տվյալների, ամենից հաճախ ինքնասպանություն և ինքնասպանության փորձ են անում  30 – 65 տարեկան քաղաքացիները: Բացի այդ, մեր հանրապետությունում ինքնասպանություն գործողների մեջ մեծ թիվ են կազմում գործազուրկները:

Ըստ որոշ մասնագետների՝ մարդիկ իրենց կյանքին վերջ են դնում սոցիալական վատ պայմանների, վախերի, կրոնական գաղափարախոսության պատճառով: 

Ուշարժան է նաև փաստը, որ Հայաստանում ինքնասպանություններ գրանցվում են նաեւ քրեակատարողական հիմնարկներում եւ Զինված ուժերում: Միայն Զինված ուժերում անցյալ տարի արձանագրվել է 13 մահվան դեպք, որից 4-ը եղել է ինքնասպանություն: 

Ինչ վերաբերում է ընդհանուր մահացության տեպմերին, ապա 2020 թվականին սկիզբ առած համավարակն ու հայ-ադրբեջանական պատերազմը իրենց հետքն են թողել Հայաստանի ժողովրդագրական ցուցանիշների վրա։

2020 թ․ դրությամբ, մահերի թիվը շուրջ 9000-ով ավելի է եղել նախորդ տարվա ընթացքում գրանցված մահերի թվի համեմատ։

Ռուբեն Արամյան

Similar Posts