Մշակութային պետություն և պետական մշակույթ. առաքելություն
Պատերազմների, ճգնաժամերի, ահաբեկչությունների, հակասությունների կծիկ դարձած մոլորակի վրա իբրև լուսավոր միակ կետ, միայնակ հպարտությամբ, դեռևս շարունակում է մնալ Մշակույթը:Աշխարհաքաղաքական ուժային կենտրոնների տարաձայնությունները մեկ վայրկյանում մոռացվում են մեկ բեմի վրա, մեկ նկարի առանցքում, մեկ համերգի շրջանակում:
Ռուսները պաշտում են Ջեքսոնին, ամերիկացիները բեմադրում Չեխովի պիեսները, Մագամաևը սիրով կատարում էր Բաբաջանյանի երգերը և այլն, և այլն:
Այսինքն՝ Միակ զորավոր ու բարոյական ուժը, որ դեռ համագործակցության ու խաղաղության հույս է ներշնչում, մշակույթն է, որի տարատեսակ դրսևորումները կոչված են ներդաշնակելու այս անհանգիստ ու խաթարված աշխարհի տարբերությունները:
Այո՛, այժմ, առավել քան երբևէ, հարկավոր է ներդաշնակել մշակութային պետության ու պետական մշակույթի փիլիսոփայությունները:
Դեկլարատիվ մակարդակում ունենք Մշակութային օրենսդրության հիմունքների մասին ՀՀ օրենք, որի կիրառելիությունը մեծ հարցականների և մեծ մտահոգությունների թեմա ։ Այդուհանդերձ, ի՞նչ է ասվում օրենքում, ո՞րն է դրա առաքելությունն ու նպատակը։
Պետական մշակութային քաղաքականության հիմնական սկզբունքներն են`
1) մշակույթի ոլորտում կառավարման պետական, հասարակական և ժողովրդավարական բնույթը.
2) մշակութային և ստեղծագործական գործունեության ազատությունը.
3) մշակութային արժեքներին հաղորդակցվելու մատչելիությունը.
4) միջազգային նշանակություն ունեցող ազգային մշակութային արժեքների նկատմամբ նախապատվությունը.
5) մշակութային կազմակերպությունների ինքնուրույնությունը։
Նույն օրենքում 4-րդ հոդվածում շարադրված է՝
Պետական մշակութային քաղաքականության նպատակներն են`
1) հասարակության կողմից մշակույթի՝ որպես զարգացման միջոցի գիտակցումը.
2) նոր արժեքների և նոր գաղափարների որոնումը.
3) հասարակության ստեղծագործական ներուժի վերարտադրման և զարգացման համար պայմանների ստեղծումը.
4) քաղաքացիական հասարակության ձևավորումը:
Փոքր պետությունների, այդ թվում՝ Հայաստանի համար մշակույթը նաև ապրելու միակ երաշխիք է և ինտեգրվելու այցեքարտ, մինչդեռ այն մեզանում այժմ, ցավոք, շքեղ հրավիրատոմսի, բայց ոչ ներքին հավատամքի ընկալում ունի:
Խնդիրները բազում են, անելիքը՝ կրկնակի և, ի դեպ, մեկ գերատեսչությունից, մեկ անձից ու քաղաքական շրջանակից անդին, որովհետև այն բոլորանվեր առաքելություն է…