նորություններ | Հասարակություն | Քաղաքականություն

Քաղաքապետի 5 տեղակալ՝ 4-ի փոխարեն․ ինչո՞ւ են ուռճացնում պետական ապարատը

Մինչև մարդիկ արդարացիորեն դժգոհում են սոցիալ-տնտեսական դժվարություններից, աղքատությունից, գնաճից, արտագաղթից և մեր հանրապետությանը պատուհասած տարբեր հիմնախնդիներից, իշխանությունները, կառավարությունը՝ հատկապես, շարունակում է ոչ միայն ամուր փակել ականջները ժողովրդի հոգսուցավի առջև, այլև խորացնել հանրային դժգոհությունները, կարծես դիտավորյալ ծաղրելով, արհամարհելով շարքային քաղաքացիներին։

Քաղաքացիներին սիրող, նրանց խոնարհվող քաղաքական ուժը համանման լոզունգներով եկավ իշխանության ու ՎԵՐՋ․ այստեղ հեքիաթն ավարտվեց․․․

Հաջորդող բոլոր գործընթացները, իրադարձությունները վերքաղաքացիսական են և հետապնդում են մեկ ընդհանուր նպատակ՝ իշխել ու վերարտադրվել։

Եվ որքան ցավալի է արձանագրելը՝ երկու դեպքում էլ հաջողում են՝ խաղալով ոչ միայն ժողովրդի ինքնասիրության ու արժանապատվության, այլ ազգի ու պետության ճակատագրի հետ։ Խոստովանենք, այս ամենում նաև մեր, քաղաքական տարբեր համոզմունքներ ունեցող քաղաքացիների թերությունն ու մեղքը կա։

Իսկ ի՞նչ միջոցի դիմել վերարտադրվելու համար․ցանկը բազմազան է, օրինակ՝ պետական ապարատի ուռճացում, ծառայակիցների հավելագրում՝ հնարավոր նոր ընտրազանգվածի պոտենցիալով, ինչպես նաև հետագայում ընտրությունների ժամանակ վարչական լծակների շահագործմամբ։

«Առաջարկում ենք Երևան քաղաքում քաղաքապետի տեղակալների թիվը 1-ով ավելացնելմ, այսինքն՝ 4-ը դարձնել 5»,- այսօր խորհրդարանում ասել է ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ներկայացնելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը։

Տերտերյանի բնորոշմամբ, բովանդակային առումով խնդիրն այն է, որ Երևան քաղաքն ունի բազմաթիվ ծառայություններ, ստորաբաժանումներ, մասնագիտական կառույցներ, որոնք այս ոլորտում իրենց դերով, համատեղ աշխատանքով կանոնակարգում են քաղաքի ճարտարապետական խնդիրները։

«Քաղաքապետարանի կողմից նպատակահարմար է գտնվել, որ այս գործառույթները կարգավորվեն վարչական համայնքային պաշտոն զբաղեցնող առանձին տեղակալի ինստիտուտի կողմից, և կանոնակարգվեն ըստ համայնքային օրենսդրության կանոնակարգումների»,- նշել է նա։

Իհարկե, հակված չենք ամեն ինչի մեջ տեսնել վատը․դա ծայրահեղական մոտեցում է, բայց որ ժողովրդի, երևանցու համար այս ոչ հեշտ ժամանակներում այս որոշումը կարող է հարուցել հանրային քննադատության նոր ալիք, բնական է ու կանխատեսելի։

Ի վերջո, ժամանակն է, ոչ թե գնալ պաշտոնյաների, այս դեպքում՝ քաղաքապետի տեղակալի ավելացման ճանապարհով, այլ լրացուցիչ պարտականություններ դնել գործողների վրա, հաշվի առնելով, կրկնենք, մեր դժվարին ժամանակների առանձնահատկությունները․․․

Similar Posts