նորություններ | Հայեր

Այսօր մեծ հայդուկապետի՝ Զորավար Անդրանիկի տարեդարձն է

Այսօր՝ փետրվարի 25-ին ծնվել է համազգային հերոս, Զորավար Անդրանիկ Օզանյանը։ Հայդուկապետն իր ամբողջ կյանքը նվիրեց ազգային պայքարին, դարձավ իր ժամանակների կուռքն ու թշնամու սարսափը միաժամանակ։

Անդրադառնալով Զորավարի տարեդարձին, հետաքրքիր պատառիկ է ներկայացրել «Հանուն Հայրենիքի» հասարակական կազմակերպության նախագահ, հայրենատեր գործիչ Ներսես Ներսիսյանը։

Այն ներկայացնում ենք ամբողջությամբ։

«Երիտթուրքերու հեղաշրջումից հետո, երեսփոխանական ընտրության առիթով, Սիմոն Զավարյանը մի քանի նամակ է ուղարկել Անդրանիկին։ Ներկայացնում ենք Սիմոն Զավարյանի նամակը և Անդրանիկի ուշագրավ պատասխանը։

«Սիրելի՛ Պարոյր (Անդրանիկի կեղծանունը), Մուշի եւ Սասունի ժողովուրդը այս անգամ իր ցանկութիւնը կը յայտնէ ձեզ ընտրել Օսմանեան փարլամէնթի անդամ…: Կը փափաքինք, որ խոստումդ տաս:

Ձերդ՝ Զաւարեան»:

Անդրանիկի պատասխանը.

«Սիրելի՛ ընկեր, նամակներդ ստացած եմ եւ զարմանքով կարդացած. ես ու՜ր, Օսմանեան փարլամէնթի անդամ ըլլալը ուր: Այդ ոճրագործներու վոհմակները, որոնք հոդ նստած են, ես անոնց չեմ հաւատար եւ երկրորդ, որ իմ գործս չէ հոդ գալ եւ այդ աթոռին վրայ նստիլ:

Ես կը փափաքիմ, որ օր մը պատուով մեռնիմ: Ոչ այդ աթոռը եւ ոչ ալ 50 օսմ. ոսկի ամսականը կ’ուզեմ: Զիս հանգիստ ձգեցէք իմ պուլկարական համեստ հիւղակիս մէջ։

Ես կը նախընտրեմ հոս ճակտիս քրտինքով եւ բազուկիս ուժով ցորեն, գարի, լուբիա եւ գետնախնձոր ցանել եւ մշակել ու ապրիլ, քան թէ գալ եւ փարլամէնթի անդամ ըլլալ:

Բոլոր ընկերներուս բարեւ:

Ձերդ՝ Պարոյր»:

Similar Posts