նորություններ | Իրադարձություններ | Քաղաքականություն

Իշխանությունների փոքրոգի քայլերն ու ընդդիմության մեծ հանրահավաքը

Հայաստանյան ներքաղաքական օրակարգի, թերևս, ամենից քննարկվող թեման այսօր՝ մարտի 20-ին, ժամը 15:00-ին, Ազատության հրապարակում նախանշված Մեծ հանրահավաքն է, որի կազմակերպիչները 17 ընդդիմադիր կուսակցություններն են։

Ըստ մամուլում շրջանառվող լուրերի, «Փրկենք մեր Հայրենիքը» կարգախոսի ներքո անցկացվելի համատեղ հանրահավաքին ընդդիմադիր ուժերը պատրաստվել են շատ երկար և հստակ պլանավորել, թե ով ինչ գործողություն պետք է իրականացնի:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, օրինակ, կոնկրետ որոշվել է, թե որ ուժը քանի անձի ներկայություն պետք է ապահովի Ազատության հրապարակում: Պարբերականի փոխանցմամբ, այդ առումով առյուծի բաժինը ԲՀԿ-ինն ու ՀՀԿ-ին է, եւ հենց նրանք են խոստացել, որ ապահովելու են բազմամարդ հանրահավաք, որպեսզի իշխանություններին ապացուցեն, որ վարչապետի հրաժարականի եւ արտահերթ ընտրությունների գնալու պահանջ իսկապես առկա է:

Սպասվում է, որ այսօր կայանալիք հանրահավաքին ելույթ են ունենալու ընդդիմադիր ուժերի առաջնորդները, որոնց թվում նաև՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը։ Վերջնականապես հայտնի չէ, թե արդյո՞ք հավաքի գլխավոր հարթակում կլինեն ՀՀ նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը։ Ի դեպ, օրերս կայացել էր նրանց հանդիպումը։

Ավելի վաղ, «Հայրենիքի փրկության շարժումը» տեղեկացրել էր, որ փետրվարի 20-ին նախատեսված հանրահավաքի նախապատրաստական աշխատանքներով պայմանավորված՝ Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը փետրվարի 18-ին և 19-ին չի այցելելու Ազատության հրապարակ: 

Մինչև ընդդիմությունն ամենայն լրջությամբ նախապատրաստվում է վաղուց սպասված հանրահավաքին, իշխանությունները և նույնիսկ բնությունը փորձում են հակադրվել այդ ամենին։

Նախ, Երևանում բավականին մռայլ եղանակ է և շարունակում է ձյուն տեղալ, ինչը չի՛ կարող չխոչընդոտել մարդկանց զանգվածային կուտակումներին։ Մյուս կողմից, հավաքին մասնակցելու են, ամենայն հավանականությամբ, հանրապետության տարբեր մարզերում բնակվող քաղաքացիներ, քանի որ կուսակցությունների մարզային կառույցները որպես կանոն այդ ուժերի հիմնական կապիտալն են։ Իսկ ձյան տեղումներից հետո մի շարք բնակավայրերից մայրաքաղաք տանող ավտոճանապարհները դժվար երթևեկելի վիճակում են։

Ինչ վերաբերում է այլ խոչընդոտներին, ապա գործող իշխանություններն, ինչպես ասում են, թևերը ծալած չեն նստել։ Մեծ հանրահավաքին ընդառաջ գործող վարչակազմը բավականին փոքրոգի քայլեր է իրականացնում։ Արդեն երկու օր է՝ ՀՀԿ-ականների մասով նոր բացահայտումներ են արվում. մեղադրանք առաջադրվեց Երեւանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանին, Պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանին, երեկ էլ խուզարկություն է իրականացվել նախկին պատգամավոր Կարեն Բեքարյանի բնակարանում: Ընդ որում, վերջիններս այս ամենը կապում են հենց այսօրվա հանրահավաքի հետ։

Այդուհանդերձ, նույն այս գործիչները պնդում են, որ իրենց պայքարն անկոտրում է և որ իրենք շարունակելու են պահանջել Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Ի դեպ, հավաքին ընդառաջ յուրատեսակ ֆլեշմոբ են իրականացրել մի շարք հայտնի գործիչներ, որոնք տեսաուղերձում մանրամասնել են, թե կոնկրետ ինչով է պայմանավորված իրենց ներկայությունը Փետրվարի 20-ին կայանալիք համատեղ հանրահավաքին։ Նրանք նաև մարտահրավերը փոխանցել են իրենց գործընկերներին ու համախոհներին, միաժամանակ բոլորին կոչ անելով անպայման մասնակցել Ազատության հրապարակում նախատեսված հավաքին։

Մեզնից յուրաքանչյուրն, իհարկե, ազատ է իր դիրքորոշման մեջ։ Անկախ այս կամ այն կուսակցության և դրանց առաջնորդների նկատմամբ ունեցած համակրությունից կամ հակակրությունից, պետք է իրապես խորհենք, թե ինչ է կատարվում Հայաստանում, որքան և ինչպիսի կորուստներ ենք կրել գործող իշխանությունների օրոք, և որն է միասնական պայքարի անհրաժեշտությունն ու կոնկրետ մեր առաքելությունը։

Մանվել Մարկոսյան

Similar Posts