նորություններ | Քաղաքականություն

Գախարիայի «դասը» Փաշինյանին կամ ինչպե՞ս չկառչել աթոռից

Մենք՝ հայերս, տարբեր առիթներով շատ ենք սիրում օրինակներ բերել Վրաստանից, հատկապես այդ երկրի կառավարման պրակտիկայից, «վարդերի» հեղափոխությունից հետո տարբեր ոլորտներում տեղի ունեցող բարեփոխումներից և այլն։ Հարևան պետության դեպքում լավագույն օրինակներն, իհարկե, շատ են և ուսանելի։

Բայց մեզ համար, ցավոք, բաղդատելի են այսպես կոչված մակերեսային պրոցեսները, ասենք՝ բարեկարգ ճանապարհներ, կարգապահ ոստիկաններ և այլն։ Հիմնական օրինակը՝ խորքայինը, որպես կանոն, մնում է անտեսված, իսկ այն վերաբերում է պետական կառավարման մշակույթին, որտեղ մարդկային պատասխանատվության գործոնը անհամեմատ կարևոր է։

Օրերս հրաժարական տվեց Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան՝ ասելով, որ չի ուզում հասարակության մեջ բևեռացում լինի։

Ի տարբերություն Հայաստանի, Վրաստանում այսպես կոչված հակահեղափոխական լուրջ շարժում չի հասունացել, բնականաբար կան հանրային դժգոհություններ իշխանությունների վարած քաղաքականությունից և այլն։

Սակայն օրակարգում չկա գործող վարչակազմի փոփոխութան հարցը։ Մի բան, որ մեր հանրապետությունում հետզհետե արդիական է դառնում։ Ապացույցը՝ Արցախյան շարժման 33-րդ տարեդարձի օրը՝ Փետրվարի 20-ին Ազատության հրապարակում 17 կուսակցությունների կազմակերպած բազմամարդ հանրահավաքն էր։


Ի դեպ, թեմայից վերացարկվելով, մեկ նկատառում անենք․համազգային շարժման պատմական օրը շնորհավորական ուղերձ հղեց ոչ թե վարչապետը, այլ նրա տեղակալ Տիգրան Ավինյանը, ինչը լրացուցիչ անգամ վկայեց Փաշինյանի ապազգային գործունեության ու նախասիրությունների մասին։

Ավելի՛ն, այս պատկերն ամբողջական ու ճշմարիտ է դառնում, եթե հավելենք, որ Արցախյան վերջին պատերազմի ավարտից հետո մեր այդ սրբագույն ու զարկված եզերք չի այցելել Հայաստանի իշխանական վերնախավը, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանը։


Դառնալով Գախարիայի քայլին ու դրան զուգահեռ հայաստանյան իրողություններին, նշենք, որ վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո Փաշինյանը պարբերաբար բևեռացման է տանում հայ հասարակությանը, շարունակում է ներազգային թշնամանք հրահրել, հասարակությանը բաժանում է սպիտակների և սևերի, սահմանում է բաժանարար գծեր և այլն և այլն։

Մինչդեր Վրաստանը կզարգանա, որովհետև ունի գործիչներ, որոնք աթոռի ու պաշտոնի մեռած չեն։ Կզարգանա, որովհետև կառավարիչները լայնախոհ են ու չափավոր։ Կզարգանա, որովհետև այդ մասին ոչ թե տարփողում, բարձրաձայնում են բերանացի, այլ իրականում, գործնականում, կոնկրետ քայլերով։

Իսկ մեր իմքայլականներն իրենց քայլերով խորացնում են պետական կառավարման ու քաղաքացիական ճգնաժամը, կառչելով աթոռներից, սարսափելով սեփական ստվերից և իրական ու ողջամիտ քննադատությունից։

Ատոմ Նավասարդյան

Similar Posts