նորություններ | Հասարակություն | Քաղաքականություն

Արման Թաթոյան․իշխանության «մղձավանջը», ժողովրդի՝ սիրելին․․․

Բազմիցս առիթ ենք ունեցել անդրադառնալու ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի և հատկապես օմբուցմեն Արման Թաթոյանի գործունեությանը։ Արցախյան վերջին պատերազմի օրերին և հաջորդող այս բարդ շրջափուլում հատկապես Թաթոյանն ու իր ղեկավարած կառույցը կատարել են այնպիսի համակողմանի աշխատանք, որ այն ներկայացնելու համար բավարար չեն նույնիսկ իր իսկ՝ ՄԻՊ-ի ներկայացրած հաշվետվություններն ու զեկույցները։ Ադրբեջանի վայրագություններից, ռազմական հանցագործություններից մինչև ռազմագերիների խնդիր ու ՀՀ սահմանամերձ շրջանների բնակիչների, ՀՀ քաղաքացիների, այդ թվում՝ լրագրողների իրավունքների պաշտպանության հարցեր։  Լայն դիապազոն ընդգրկող այս խնդիրներն ու դրանց ուղղությամբ տարվելիք աշխատանքները ներառվել են ՄԻՊ բովանդակ գործունեության մեջ՝ թե՛ միջազգային, թե՛ տարածաշրջանային և թե՛, բնականաբար, ներհայկական (Հայաստան-Արցախ) հարթակներում և մակարդակներում։ Եվ ի դեպ, այդ աշխատանքների ծավալը բազմապատիկ ավելին է, քան երբևէ, էապես արդյունավետ է, քան երբևէ։

Հանրային ընդգծված կարծիք կա, որ ՄԻՊ-ը դարձել է մեր պետության թերևս ամենակայացած կառույցներից մեկը, այն պայմաններում, երբ գործող վարչակազմը կազմաքանդել և շարունակում է կազմաքանդել պետական բոլոր ինստիտուտները, ռազմավարական նշանակության պետական հենասյունները՝ դպրոց, ԲՈՒՀ, խորհրդարան, բանակ, ԱԱԾ, ուժային այլ կառույցներ, Եկեղեցի (փորձում է, դեռ չի հաջողել – խմբ․) և այլն և այլն։ Եվ ահա, պարզ է, որ իշխանական շրջանակներին հաճո չէ Արման Թաթոյանի գործունեության արդյունավետությունն ու կարողունակությունը՝ իրենց անգործության, ապաշնորհության ֆոնին։ Միջանկյալ հիշեցնենք, որ կառավարությունը նույնիսկ մտադիր էր կրճատել ՄԻՊ-ին տրվելիք ֆինանսավորումը, ինչը հանրային բուռն քննադատության արժանացավ։ Իհարկե, եթե խոսքը գնար պատգամավորների, գերատեսչական մանրումեծ չինովնիկների, դրանց կցված քարտուղարուհիների ու այլ յուրայինների պարգևավճարների մասին, կառավարությունը շանթ ու որոտ կտարածեր, թե բա արժանի են, թե բա կաշառակեր չեն, ազնիվ են, դրա համար են խրախուսվում ակնհայտորեն։ Մինչդեռ Օմբուցմենի աշխատանքն այնքան թափանցիկ, կարևոր ու տարողունակ է, որ ոչ միայն պիտի բացառի ՄԻՊ-ի գործունեության ֆինանսավորման կրճատումը, այլ նաև սահմանի պետական օժանդակության առավել բարձր նիշ։

Ինչպես գիտեք, նախօրեին՝ Մայիսի 6-ին ԱԺ-ն լսեց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի կողմից ներկայացված «2020 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին» տարեկան հաղորդումը եւ խոշտանգումների կանխարգելման մեխանիզմի զեկույցը: Քննարկումն, ինչպես ենթադրվում էր, բավականին թեժ անցավ։ Իրավիճակի զավեշտին անդրադառնալով, «Հրապարակ» օրաթերթը գրում է․

Իշխանությունը բարկանում է, Հ1-ը՝ լռում․ Արման Թաթոյանը վրդովված է

«Իշխանությունը երեկ չկարողացավ զսպել իր հակակրանքը ՄԻՊ Արման Թաթոյանի նկատմամբ։ Երեկ ՄԻՊ տարեկան հաշվետվության քննարկումն անցավ կիսադատարկ դահլիճում։ Իմքայլականների դատարկ աթոռները դրա վառ ապացույցն էին։ Թաթոյանի մոլեռանդ քննադատ Մարիա Կարապետյանն ԱԺ ամբիոնից փորձեց սևացնել օմբուդսմենի աշխատանքը՝ նրան մեղադրելով մեդիատեռոր իրականացնելու մեջ։ Ի պատասխան, Թաթոյանն իր եզրափակիչ ելույթում նրան տեղը դրեց՝ ասելով , որ մանիպուլյացիա և կեղծիք է տարածում։ Նաև Հանրային հեռուստաընկերությանը խարազանեց, թե դարձել են «իշխանության մարմինների քարոզիչը», իսկ ՄԻՊ աշխատանքը գրեթե չեն լուսաբանում»։ Արման Թաթոյանը հայտարարեց, որ ինքը շարունակաբար այցելել և տեղում արձանագրել է Սյունիքում՝ հատկապես վերջին պատերազմից հետո ստեղծված անվտանգային մարտահրավերները, լուրջ սպառնալիքները, մարդկանց իրավունքների ոտնահարման խնդիրներն ու այլ պրոբլեմները, հրապարակավ բարձրաձայնել այդ ամենի մասին, մինչդեռ հանրային միջոցներով սնվող Հանրային հեռուստաընկերությունը հարկ չի համարում անդրադառնալ այդ ամենին։

Տպավորություն, չէ՛, ավելի շուտ համոզմունք կա, թե իշխանությունն ամեն գնով կամենում է դրսևորել իր ապազգային, հակահասարակական ու հակապետական բոլոր առանձնահատկությունները՝ խտրություն չդնելով և ոչ մեկի, ոչ մի կառույց միջև։ Բայց, եթե իրենք իրե՛նց հեքիաթին են հավատում, ապա մենք մերն ունենք, ՉԱՐԻ ՎԵՐՋԸ․ այն հաստատ կյանքի է կոչվելու՝ առաջին հերթին Արման Թաթոյանի պես սրտացավ, պետականամետ, պրոֆեսիոնալ գործիչների շնորհիվ, իսկ մեր օրերում մարդ մեկ հազար արժե, որքան էլ ամբոխավարությունը վերջին շրջանում դարձավ գերիշխող։

«Հայաստանյան» ջուր՝ ադրբեջանական ջրաղացին․ Բաքուն արշավ է սկսել ՀՀ ՄԻՊ-ի դեմ

Հատկանշական է նաև, որ ԱԺ -ում ունեցած ելույթի ժամանակ Արման Թաթոյանն իր խոսքում ասաց, թե պետք չէ ջուր լցնել Ադրբեջանի ջրաղացին։ Եվ որքա՜ն հեռատես էր նա։ Արդեն հայտնի է դարձել, որ Ադրբեջանն արշավ է սկսել ընդդեմ Արման Թաթոյանի՝ նրան մեղադրելով հակաադրբեջանական գործունեության մեջ։ Ադրբեջանի օմբուդսմեն Սաբինա Ալիևան երեկ Արման Թաթոյանի դեմ պաշտոնական նամակ է ուղարկել միջազգային կառույցներին: Բողոքը Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանը գործունեության մասին է պատերազմի ժամանակ և պատերազմից հետո: Ադրբեջանի օմբուդսմենը բողոքում է, որ Արման Թաթոյանը հակաադրբեջանական գործունեություն է իրականացնում: Ալիևայի բողոքը պաշտոնական է, և այն ուղարկվել է երեկ Ազգային ժողովում Հայաստանի ՄԻՊ-ի քննարկումից հետո:

Հ․Գ․

«Հրապարակ»-ի տեղեկություններով, տևական ժամանակ է՝ Արման Թաթոյանը մտածում է հրաժարական տալու մասին։ Խոսվում է նաև, որ նա մի շարք առաջարկներ է ստացել՝ մեծ քաղաքականություն մտնելու: Եթե այդպես է, ապա դա կլինի ՉԱՐԻ ՎԵՐՋԻՆ միտված առաջին քայլերից մեկը․․․

Արա ԱԼՈՅԱՆ

Similar Posts