նորություններ | Իրադարձություններ | Քաղաքականություն

ԼՂ հիմնահարց, սահմանային միջադեպեր․ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Պուտինը․ԱՄՆ-ն և Հունաստանը ևս արձագանքել են

Վերջին շրջանում հայաստանյան ու միջազգային մամուլը լայնորեն լուսաբանում են հայ-ադրբեջանական սահմանային միջադեպերի թեման։ Այս պահի արձանագրումն այն է, որ ադրբեջանցիների կողմից ՀՀ պետական սահմանը (Սյունիքում և Գեղարքունիքում) խախտելու ընթացքում զինված բախումներ չեն եղել, մարդկային կորուստ չկա։ Խնդրի մասին ՀՀ իշխանություններն արդեն բարձրաձայնել են, ավելի՛ն դիմել ՀԱՊԿ-ին։

Մոսկվան իր հերթին Երևանին ու Բաքվին առաջարկել է հանձնաժողով ստեղծել սահմանների սահմանազատման և սահմանագծման աշխատանքները մեկնարկելու հրամայականով։

Armenia.IM-ը ձեզ է ներկայացնում այս և հարակից խնդիրների վերաբերյալ վերջին զարգացումները․

Ադրբեջանը խախտել է ՀՀ ինքնիշխան տարածքը Փաշինյանը՝ Պուտինին

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նախօրեին հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Փաշինյանը ներկայացրել է ՀՀ և Արցախի հանրապետության սահմանին տիրող ներկայիս իրավիճակը՝ ընդգծելով, որ ադրբեջանական ուժերը, հակառակ միջազգային իրավունքի բոլոր նորմերի, խախտել են Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը:  

ՀՀ վարչապետի պաշտոնակատարը շնորհակալություն է հայտնել այս օրերին ՌԴ կողմից ներդրվող ջանքերի համար, որոնք ուղղված են տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդմանը:  Զրուցակիցները միակարծիք են եղել իրավիճակի հանգուցալուծման ճանապարհների և դրա մեթոդաբանության շուրջ:

ՀՀ և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորման հարցը՝ Լավրով-Բլինքեն հանդիպման օրակարգում

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորման հարցը: Արկտիկական խորհրդի նախարարական հանդիպման շրջանակում տեղի ունեցած երկկողմ հանդիպման մանրամասները հայտնել է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը:

«Պետքարտուղարն ընդգծել է Սիրիայի ժողովրդի համար հումանիտար հասանելիության ապահովման կարևորությունը: Նրանք քննարկել են նաև տարածաշրջանային հարցեր, այդ թվում և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակամարտության երկարատև քաղաքական կարգավորման որոնումների հարցը»,- հայտնել է Փրայսը:

Պետք է հարգել Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Հունաստանի ԱԳՆ

Հունաստանի ԱԳՆ-ն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանի շուրջ ստեղծված իրավիճակին՝ այն մտահոգիչ անվանելով:  «Հայաստանի սահմանների երկայնքով լարվածությունը հատկապես մտահոգիչ է: Պետք է հարգել Հայաստանի տարածքային ամբողջականությունը: Կարևոր է խուսափել ցանկացած միակողմանի գործողությունից, որը կարող է խաթարել տարածաշրջանային խաղաղությունն ու կայունությունը»,- նշվում է Հունաստանի ԱԳՆ-ի թվիթերյան միկրոբլոգում: 



Similar Posts