նորություններ | Քաղաքականություն

Մեղադրել Թուրքիային և խոսել բարեկամության մասին․փաշինյանական ռեժիմի ֆարսը

Բոլորս չենք մոռացել, թե Փաշինյանի շուրթերով ինչ լալագին տեքստ-մեղադրանքներ էին հրապարակվում Թուրքիայի հասցեին՝ վարչապետի հետ տեղական ու միջազգային մի շարք ազդեցիկ լրատվամիջոցների հարցազրույցներում։

Ստեղծվել էր մի դիվային կերպար՝ ի դեմս Անկարայի, որը շարունակ զինում է փոքր եղբորը՝ Ադրբեջանին, թե՛ սպառազինությամբ, թե բարձրագույն հրամկազմով ու զինվորներով, և թե՛ Թուրքիայի հովանավորությամբ Արցախի դեմ կռվելու համար օտարերկրյա վարձկան-ահաբեկիչներով։

Այդ բոլոր հարցազրույցներում կարմիր թելով անցնում էր «ադրբեջանա-թուրքա-ահաբեկչական տանդեմ» արտահայտությունը՝ մի կողմից վկայելով գործողների անճարակության մասին, մյուս կողմից հող նախապատրաստելով, ժողովրդին հոգեբանորեն տրամադրելով հնարավոր պարտությանը։ Այս ամենում, ի դեպ, կար նաև դիտավորություն՝ Ռուսաստանի Դաշնության գործոնը ստվերելու և անուղղակի մեղադրելու առումով։

«Ինքս համոզված եմ, որ հայ- թուրքական հարաբերությունները պետք է բարելավել և հանուն այս բարելավման, Հայաստանը պետք է գնա որոշակի զիջումների»։

Այս մասին ժամանակին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը, ով նաև ասել է, թե Թուրքիայի Կենտրոնական Ասիա դուրս գալը մեր շահերին ոչինչով չի հակասում, այլ կրկնենք, հակասում է Ռուաստանի և Չինաստանի շահերին։

Ըստ էության, ներկա իշխանությունները միայն ներքին լսարանի համար են Թուրքիային թշնամի կամ ախոյան հռչակում, մինչդեռ նրանց քաղաքական վարքագիծը, դիվանագիտությունը վկայում է այդ ամենի ճիշտ հակառակի մասին։

Ավելին, տարբեր պաշտոնյաններ, հայտարարում են, թե Թուրքիան թշնամական երկիր չէ, և որ պետք է երկխոսել Անկարայի հետ, որովհետև հակառակ դեպքում մեր փոխարեն Թուրքիայի հետ կխոսեն մյուսները (ենթադրաբար՝ Ռուսաստանը-խմբ․)։

Իշխանության մոլորությունն ու հակառուսականությունն այն աստիճանի է խորացել, որ, մի կողմից՝ հանդգնում են ձեռնոց նետել հզորագույն տերություններին, Ռուսաստանին, Չինաստանին և այլն, մյուս կողմից՝ լկտիաբար հայտարարում են թուրքերի հետ համերաշխության ու գործակցության հեռանկարների մասին՝ այն էլ՝ մեզ համար այնքան ցավոտ ու մշտամորմոք դիպվածի՝ ՀԱՅՈՑ ՄԵԾ ԵՂԵՌՆԻ պատմական օրվան՝ Ապրիլի 24-ին ընդառաջ։

Ի դեպ, ուշագրավ է նաև ռուս փորձագիտական շրջանակների արձագանքը ՀՀ իշխանությունների՝ հայ-թուրքական հարաբերությունների խոսակցությունների համատեքստում։

«Հայաստանի և Ղարաբաղի բանակը ամեն ինչ ունեին պաշտպանողական մարտեր մղելու համար։ Հայաստանին նաև ՌԴ կողմից ժամանակին տրամադրվել էին աշխարհում լավագույնը համարվող օպերատիվ- տակտիկական համալիրները»։

Այդ մասին հայտարարել է ռազմական փորձագետ, ռազմական հետախուզության գնդապետ Անդրեյ Դեվյատովը և հավելել՝ մի բան է այդ զենքը ունենալ, մի բան է կարողանալ կիրառել և ճիշտ օգտագործել։ 

«… Այլևս ուղիղ պետք է ասել, որ Հայաստանում իշխանության էր եկել Տրոյական ձի, որի նպատակը Հայաստանը շարքից հանելն էր, քանի որ Հայաստանը խոչընդոտ էր Մետաքսի ճանապարհի և Կենտրոնական Ասիայից գազն Թուրքիայով` Եվրոպա հասցնելու համար»,- շեշտել է նա։

Սարգիս Ադաջյան


Similar Posts