նորություններ | Իրադարձություններ | Քաղաքականություն

Ռուս փորձագետ. Պատերազմում պարտության պատճառը Հայաստանում հեղինակավոր իշխանության բացակայությունն էր

Հայաստանին անհրաժեշտ է վերադառնալ նախագահական կառավարման համակարգին: Այս կարծիքը հայտնեց ԵԱՏՄ ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Լեպյոխինը` ելույթ ունենալով Երեւանում ընթացող «Ռուսաստանի ռազմավարական դաշնակցի կերպարը ժամանակակից հայկական հասարակությունում» ֆորումի ժամանակ:

Փորձագետը փաստեց, որ հանրապետության դիմաց կրկին դաժան ու հզոր թշնամի է կանգնել, տարածքները կորել են, թշնամին սպառնում է նոր ներխուժմամբ: Միեւնույն ժամանակ, Հայաստանում հեղինակավոր ուժեղ իշխանություն չկա, չկա ուժեղ ընդդիմություն, չկա երկրի զարգացման հստակ ծրագիր, բոլոր քաղաքական ուժերը ներգրավված են առաջացած փակուղիների շուրջ բանավեճերի մեջ: Ինչ-որ մեկը հույսը դնում է սփյուռքի, ՆԱՏՕ-ի եւ ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ նույնիսկ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ հաշտեցման վրա:

Վլադիմիր Լեպյոխինի խոսքով` այժմ Հայաստանի համար ամենակարեւորը քաղաքական խորը բարեփոխումներ սկսելն է` կառավարման նախագահական մոդելին վերադառնալու համար. «Որպեսզի հայտնվի հեղինակավոր եւ նույնիսկ ավտորիտար իշխանություն: Պատերազմում պարտության հիմնական պատճառը նման ուժի բացակայությունն է: Այո, կա նախագահ, վարչապետ, բոլոր պետական ​​մարմինները, բայց դրանք բոլորը թույլ են, բոլորը հակասությունների մեջ են, ոչ ոք լիարժեք պատասխանատվություն չի կրում երկրում եւ սահմանին տիրող իրավիճակի համար` ի տարբերություն Ադրբեջանի եւ Թուրքիայի, որտեղ ամեն ինչ որոշում են Ալիեւը եւ Էրդողանը»: Փորձագետը նաեւ առաջարկեց կլոր սեղան կազմակերպել առավելագույն թվով կուսակցությունների եւ քաղաքական ուժերի մասնակցությամբ: Կլոր սեղանը նախատեսում է կառուցողական միավորող ծրագրեր առաջարկել` երկիրը իրավիճակից դուրս բերելու համար, իսկ հետագայում առաջարկություններ նախապատրաստել ապագա նախագահի համար արտաքին քաղաքականության եւ բարեփոխումների վերաբերյալ: «Կամ էլիտաները կհամախմբվեն, կամ երկրին էլ ավելի լուրջ փորձություններ են սպասվում»,- նշեց փորձագետը:

Similar Posts