նորություններ | Իրադարձություններ | Հասարակություն

Արցախին կենացների ու ուղերձների մակարդակով հայրենասիրություն պետք չի.Իվետա Տոնոյան

Արցախին կենացների ու ուղերձների մակարդակով հայրենասիրություն պետք չի։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ պատգամավոր (ԲՀԿ) Իվետա Տոնոյանը և մանրամասնել․

– Իհարկե գիտեի, որ Արցախի տարածքի 75%-ը կորցնելուց հետո անասելի դժվար է լինելու առաջին անգամ գնալ Արցախ, բայց չէի էլ կարող պատկերացնել, որ այցս կհամընկնի Մայիսի 9-ի հետ: Երիցս դժվար էր այսօր լինել Արցախում ու զրկված լինել Շուշի գնալու հնարավորությունից:

Շուշին իմ Արցախն էր… 2020 թ․ հոկտեմբերի 11-ին ամենավատ երազում անգամ չէի կարող պատկերացնել, որ վերջին անգամ եմ այցելում բերդաքաղաք Շուշի, որովհետև Արծրուն Հովհաննիսյանի տրամաբանությամբ՝ թշնամուն «Գյոռբագյոռ» էինք անում ու 5 րոպեից էլ Բաքվում թեյ էինք խմելու։

Ընդամենը ոչ վաղ անցյալում հայկական քոչարիով ու զուռնա-դհոլով Ղազանչեցոցի բակում նշում էինք Մայիսյան եռատոնը, իսկ այսօր նույն տեղում վխտում են ադրբեջանցիները, դեպի Շուշի տանող ճանապարհի սկզբնամասում ծածանվում են Ադրբեջանի ու Թուրքիայի դրոշները…

Բայց միևնույնն է ես հավատում եմ, որ Սուրբ Ղազանչեցոց Մայր տաճարում հնչած բոլոր աղոթքները հասնելու են Բարձրյալին։

Հավատում եմ, որ Շուշին կրկին լինելու է մերը, շարունակելու է մնալ հայկական, և մենք վերստին ի լուր աշխարհի բղավելու ենք, որ Մայիսի 9-ը խորհրդանշն է հայոց վերածննդի…

Իսկ մինչ այդ բոլորս պետք է լինենք Արցախի ու արցախցիների կողքին, որովհետև հատկապես դժվարին այս պահին հայկական երկրորդ հանրապետությանը կենացների ու ուղերձների մակարդակով հայրենասիրություն պետք չի, այլ կոնկրետ սրտացավություն ու ոտքի կանգնելու համար անհրաժեշտ աջակցություն։


Similar Posts