նորություններ | Քաղաքականություն

Բանակը կրճատո՞ւմ են․«բլթոցների» հրավառություն իշխանության շուրթերով

Հայաստանում վերջին շրջանում, չգիտես պատահաբար, թե միտումնավոր օրինաչափությամբ, իշխանության տարբեր տրամաչափի գործիչներ արտահայտում են այնպիսի անհեթեթ ու ապազգային, վտանգավոր մտքեր, որ խղճահարություն հարուցելուց զատ լուրջ մտավախությունների տեղիք են տալիս։

Կենցաղային բառով ասած «բլթոցների» հարցում թիվ մեկը, անմրցելին ու անգերազանցելին, անկասկած, վարչապետն է։ Չկա մի ոլորտ, որի մասին խոսելիս Նիկոլ Փաշինյանը անտրաբանական միտք արտահայտած չլինի։ Այն, որ վարչապետը հաճախ իրարամերժ մոտեցումներ ունի, շարունակաբար ստում է, հերքում ինքն իրեն ու նոր զառանցանք տիրաժավորում՝ դարձել է ամենօրյա սովորական կենսակերպ։  

Բայց խոսքն, իհարկե, ոչ միայն լեզվական ու գաղափարական սայթաքումների մասին է, այլ ազգային անվտանգությանը լրջորեն սպառնացող դիրքորոշումների և գործողությունների։ Բանակ, եկեղեցի, Արցախ, ազգային հերոսներ և կերպարներ։ Այս ամենի առնչությամբ ժամանակ առ ժամանակ իշխանության բերանով արտաբերվում են և՛ տխմար, և՛ միաժամանակ վտանգավոր ու մտահոգիչ մտքեր։

Վերջին երկու օրերին, կարծեք, յուրահատուկ մրցավազք է սկսվել նույն իշխանության տարբեր գործիչների միջև, թե որն ավելի տարակուսելի ու անհեթեթ կարծիք կարտահայտի։ Արդեն անդրադարձել ենք ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի  մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետևյալ զառանցքին, որով նա սպառնացել էր «Հայրենիքի փրկության» շարժման լիդերներին։

«Եթե քաղաքացիները մտածում են շենքեր գրավելու մասին, թող նաև մտածեն, որ այդ շենքերը գտնվում են պետական պաշտպանության տակ, իսկ դա նշանակում է՝ պետությունն իրավունք ունի կրակելու»։  արտահայտել է՝

Ժողովրդի պաշտպանի դիրքերից հոխորտացող Անդոյից ետ չմնաց ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը։ Իսկ նախկին ու նոր պաշտոնյան ՌԻԱ Նովոստի-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ արցախյան պատերազմից հետո բանակում բարեփոխումներ են իրականացնում և ի թիվս այլքի՝ օպտիմալացնում են բանակի թվաքանակը, ասել է թե՝ բանակը կրճատում են։ Անդրադառնալով Հայաստանի ռազմական գերատեսչության ղեկավարի այս ու հարակից արտահայտություններին, «Ռազմավարական հետազոտությունների կենտրոն» ՀԿ նախագահ, ԵՊՀ դասախոս Ալվինա Աղաբաբյանը իրավացիորեն նշում է․

«Եվ դա այն պարագայում, 

1․ երբ ՀՀ իշխող օկուպացիոն վարչակարգի վարած քաղաքականության հետևանքով տանուլ տրված պատերազմից հետո մենք ունենք մոտ 410 կմ նոր սահման, որի պաշտպանության կազմակերպումն օրախնդիր է,

2․ երբ Ադրբեջանը ավելացնում է իր ռազմական բյուջեն,

3․ երբ թշնամի երկրում շարունակվում է հայատյացության քարոզը,

4․ երբ թշնամի երկրում պետական մակարդակով բարձրաձայնվում է “իրենց պատմական հայրենիք Իրևանը վերադարձնելու” մասին,

5․ երբ թշնամի երկիրը շարունակում է գերեվարված պահել մեր հարյուրավոր տղաներին,

6․ երբ թշնամին ամեն օր Սյունիքում դիմում է սադրանքների՝ կրակոցներ, սահմանի առաջ տալ, գերեվարումներ, հարձակումներ, թալան և այլն՝ այդ կերպ հետևողականորեն իրականացնելով Սյունիքի հայաթափման իր ծրագրերը,

7․ երբ թշնամի երկիրը առանց պատճառաբանության արգելում է Արցախի՝ ադրբեջանական օկուպացիայի տակ անցած տարածքներում որոնողական խմբերի՝ աճյունների հայտնաբերման աշխատանքները (փետրվարի 15-ից Ադրբեջանը թույլ չի տալիս որոնողական աշխատանքներ իրականացնել)»։ 

Թվարկում է փորձագետն ու հռետորական հարց բարձրացնում՝ մնում է հասկանալ՝ բանակի կրճատումը Ադրբեջանի հերթական պահա՞նջն է, որը հլու-հնազանդ իրագործում է ՀՀ իշխող օկուպացիոն վարչակարգը, թե՞ սա սեփական նախաձեռնություն է՝ իշմար թշնամուն, որ շարունակում ենք թուլացնել ու քանդել Հայաստանը, վստահ նորից հարձակվեք։ 

Մեկնաբանություններն ավելորդ են․․․


Ատոմ Նավասարդյան

Similar Posts