Հայեր | նորություններ

Լատինատառ Հայաստանից՝ լատինական Ամերիկա…

Կյանքն առանց բառախաղի անհնար է պատկերացնել: Ես կասեի՝ անհնար է կյանքն ապրել առանց բառախաղի, որովհետև, մի կողմից, Բանն էր ի սկզբանե, մյուս կողմից՝ մարդկային փոխհարաբերությունները բովանդակ առումով նաև գրի ու շարադրանքի, օրենքի և իրավակարգավորման հենք ունեն: 

Այդուհանդերձ, ես մնում եմ այն համոզմունքին, որ ամենից կարևոր բաները չշարադրվողն են, վերձևակերպումային են, թեպետ իմ այս մտորումներն ակամից ենթարկվում են բացառության կանոնին։

Ժամանակ առ ժամանակ մեզանում մեծ (ես կասեի՝ արդարացված) աղմուկ է բարձրանում համացանցային գրագրության ու գրագիտության շրջանակում՝ լատինատառ գրողների դեմ։ Այո՛, իբրև համահավաք ազգ-պետություն, մենք ենթարկվում ենք նաև որոշակի տրանսֆորմացիաների, ինտեգրվում ենք միջազգային հասարակությանը, այդ թվում՝ ֆեյսբուքային, որ այլևս հաղորդակցականից վերածվել է միջմշակութային, միջանձնանային խոշոր հարթակի…

Ի դեպ, Ֆեյսբուքում հայերեն գրելու վերաբերյալ ֆեյսբուքահայության առավել հայասեր հատվածը նույնիսկ հատուկ օր է հռչակել (Փետրվարի 7 – խմբ․), ինչը միայն ուրախացնող է ու ոգևորիչ:

Բայց այդ ու այլ ձեռնարկները կարող են դառնալ դրվագային նվաճումներ, եթե մենք իրապես չենք արժևորում մեր գիրն ու լեզուն, եթե չենք կարևորում մեր ազգային մտածելակերպն ու լեզվամտածողությունը,  չենք դառնում այսպես կոչված մինի-առաքյալներ, մինի-քարոզիչներ՝ Հայոց պատմության, լեզվի ու գրականության, արվեստի ու պետության: 

Առհասարակ, մեզանում արժեքների անկում կա. մենք 21-րդ դարի քաղաքացու քղամիդով անդրդվելիորեն մերժում ենք ազգային-ավանդականը և կուրորեն ընդօրինակում այլածին-օտարոտին։

Լատինատառ մեր քաղաքացին, այո՛, սիրում է դեգերել աշխարհի, տեղեկատվության, մշակույթների անսահման օվկիանոսում՝ բիբլիական մեր հողակտորից մինչև հեռավոր ափեր, Անտարկտիդայից մինչև Լատինական Ամերիկա /բառախաղի ժանրը բերեց այս աշխարհահատվածին/:

Եվ, այո՛, պատմաբաններն ու վիճակագիրներն, անշուշտ, կպնդեն ու կփաստարկեն, որ համանման սպառնալիքներ ու միտումներ եղել են բոլոր դարերում ու շրջափուլերում, բայց մեր համահավաք դիմադրողականությունն ու շրջահայացությունը մի կարևոր պահի տարբերակել է օրանցիկը՝ մնայունից, ժողովրդապառակտիչը՝ ազգամիավորողից:

Վստահ եմ, այս փորձությունն էլ կտանենք պատվով, եթե չենք սպառել մեր ազգային ինքնասիրության (չշփոթել սնապարծության կամ եսասիրության հետ) ու արժանապատիվ կենսակերպի վերջին նկրտումներն ու նպատակադրումները: Այլ ճանապարհ պարզապես չկա, եթե Հայհոյանքը (այդ թվում՝ լատինատառ) խորթ է Հայոց բառամթերքին և եթե ՀԱՅԵՐԸ հայեցումի ու հայեցիության նոր ու լուսավոր ուղենիշ են…
                                                                                                        

Արա Ալոյան

Similar Posts