նորություններ | Քաղաքականություն

Բանակի կողքին ենք․․․

Վերջին օրերին ԶՈՒ և հատկապես ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի անձի շուրջ բարձրացված աղմուկը, որի արմատները գլխավորապես տանում են դեպի ներկայիս իշխանությունները, խորհրդածությունների լայն սպեկտր ունի։

Ազգ-բանակ կոնցեպցիայից հեռացած Նիկոլն ու իր թիմը որդեգրել են բանակի մասին դեկլարատիվ գովերգման, բայց ըստ էության դրա հեղինակազրկման քաղաքականությունը։ Ապացույցները բազմաթիվ են։

Առհասարակ սորոսական մենթալ կոդերը առաջին հերթին թիրախավորվում են որևէ պետության առանցքային, արժեհամակարգային կառույցներին, մեր դեպքում՝ ընտանիք, Եկեղեցի, բանակ, դպրոց և այլն։ Եվ ահա, քայլականների հոգեկերտվածքում բանակն ընդամենը պետության մաս է, ոչ թե համազգային կեցության ու կացության երաշխիք։

 
Ապշում ես, օրինակ, երբ հրապարակ են նետում թեզը, թե բա 2016 թ․ ապրիլյան պատերազմի ժամանակ զինտեխնիկան մնացել էր առանց վառելիքի, զինվորները նորմալ սնունդ չունեին և այլ տատգյուլնազական միֆեր։ Եվ հավելում են, որ հիմա ամեն ինչ կա, նորմալ սնունդ, տեխնիկա և այլն։

Չէ՜, սրանք լրիվ են ի ցույց դնում իրենց անմեղսունակությունն ու անփառունակությունը։ Էդ տղերքն ու էդ բանակը 4 օրում չպարտվեց, հող չտվեց, բա ի՞նչն էր պակասում ձեզ 44 օրում խուսափել կապիտուլյացիայից։

Ի դեպ, Մարտի 1-ին ՀՀ բանակի ակունքներում կանգնած հերթական, բայց ոչ հերթապահ մի անձնավորություն հաստատեց իր առաքելության բուն իմաստը, բարձր պահելով սպայի պատիվը։

«Չեմ կարող հանդուրժել բանակի դեմ ցանկացած ոտնձգություն. դիմումիս համաձայն հեռանում եմ Գեղարքունիքի փոխմարզպետի պաշտոնից և միանում Գլխավոր շտաբի հայտարարությանը»,-հայտարարեց գեներալ-մայոր Հենրիկ Մուրադյանը։

Նրա խոսքով, Հայաստանի Հանրապետության իշխանության անհեռանկար քաղաքականությունը հանգեցրեց նրան, որ վարչախումբը ձեռնոց նետեց Հայաստանի Զինված Ուժերին՝ մի բան, որ նշանակում է ձեռք բարձրացնել հայոց սրբության՝ հայկական բանակի վրա:

Ավելի ուշ, Հանրապետության հրապարակում Նիկոլ Փաշինյանի՝ ԶՈւ-ի ու ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի վերաբերյալ հնչեցրած հայտարարություններից հետո Զինված ուժերը տարածել են նոր հայտարարություն, որտեղ ասված է. 

«Հարգելի՛ հայրենակիցներ,  Զինված ուժերի ղեկավար կազմը կրկին հաստատում է ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր գնահատականները և շեշտում, որ, անկախ Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու փորձերից, մնում Է անդրդվելի, կշռադատված և հաստատակամ։ 

Զինված ուժերը, կազմված լինելով մեր ժողովրդի զավակներից և կանխազգալով  ազգային անվտանգության սպառնալիքները, անթույլատրելի է համարում և հորդորում է դադարեցնել Զինված ուժերին և առանձին պաշտոնատար անձանց ուղղված անհիմն մեղադրանքները։  Առկա իրավիճակը փաստում է, որ Զինված ուժերը առաջնորդվում է բացառապես պետական շահով և ծառայում է միայն ու միայն իր ժողովրդին՝ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմադրության և իրավունքի նորմերով»։

Այս ամբողջ գործընթացն, ի դեպ, ուղեկցվում է յուրահատուկ հանրային համերաշխությամբ։ «Բանակի կողքին ենք»․ ահա այս յուրահատուկ ֆլեշմոբով մարդիկ, տարբեր գործիչներ, քաղաքացիներ իրենց աջակցությունն են հայտնում ՀՀ զինված ուժերին, Հայոց բանակին թե՛ սոցիալական ցանցերում, թե՛ հանրային այլ բազմալսարան տիրույթներում։ Եվ սա շարունակում է ընդլայնվել՝ ի հեճուկս իշխանավորների մանիպուլյացիաների ․․․

«Բանակի կողքին ենք»․ ի դեպ, կան նաև այնպիսիք, որ ասում են, իսկ մենք ե՞րբ ենք հեռացել բանակից, որ ասում ենք բանակի կողքին ենք։ Չե՛նք հեռացել, պարզապես երկրորդում ենք ու պնդում հավատարմորեն՝ ԲԱՆԱԿԻ ԿՈՂՔԻՆ ԵՆՔ․․․

Similar Posts