նորություններ | Իրադարձություններ | Հասարակություն | Քաղաքականություն

Ինչպես վիրահատել վիրավոր Հայրենիքին․քաղաքական ալեգորիա

Ինչպես հիվանդին չեն վստահում վատ բժշկին, այնպես էլ պետությանը, Հայրենիքին՝ վատ ղեկավարին։

Երկուսի հանձնառությունն էլ մարդկային ճակատագրերն են։

Երբ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը «ազգակործան պատուհաս» բնորոշումը տվեց գործող վարչապետին, իշխանական ճամբարում ու նրանց մոլի համակիրների շրջանում իսկական աղմուկ բարձրացավ, ինչից հետո մեդիաարշավ սկսվեց նախկին ղեկավարի դեմ։

Բայց եթե ԼՏՊ-ի արտահայտություն-որակումը դիտենք մեր շարադրվելիք նյութի համատեքստում, ապա պարզ է դառնում, որ ընդամենն արձանագրվել է, որ վատ ղեկավարը, ինչպես վատ բժիշկը պատուհաս է մի դեպքում՝ մարդու, մյուս դեպքում՝ ազգի համար։

Սա ի միջիայլոց․․․

Եթե խոսենք քաղաքական ալեգորիայի լեզվով, ապա ակնհայտ է, որ Հայաստանն ու Արցախը վիրավոր են, մահացու՛ վիրավոր, և, այժմ, ախտորոշման կարիք այլևս չկա։ Դա այնքան ակնհայտ է, որ տեսանելի է բոլորին, նույնիսկ օտար վիրաբույժներին։

Վիրահատական սեղանին է համայն հայության ոչ թե առողջության, այլ կյանքի հարցը։ Վտանգն ու մտահոգությունն ավելի են մեծանում, երբ գլխավոր բժիշկը համառորեն շարունակում է միանձնյա որոշումներ կայացնել, անտեսել մասնագետների կարծիքը, եթե կուզեք՝ նաև հիվանդների, վիրավորների ցանկությունը, դրսևորելով մասնագիտական անբարեխղճություն և կամակորություն։

Այս ամենը շատ ցավալի է, որովհետև հետզհետե խորանում է հիվանդության լրջությունը՝ գոյացնելով վտանգավոր մետաստազներ։

Զուգահեռաբար, հայտնվում են ինքնահռչակ հեքիմներ, բուժակներ, այսպես ասած՝ խորհրդավոր փրկիչներ, որոնց նպատակը ոչ միայն և ոչ այնքան վիրավորին ապաքինելն ու նրան բնականոն կյանք վերադարձնելն է, այլ նաև սեփական շահը հետապնդելն ու որոշակի դիվիդենտներ շահելն է։

Հենց այս շրջափուլում շատ կարևոր է տարբերել բարեխիղճ մասնագետին, ով հիպոկրատին երդում տալուց զատ կենսագործունեությամբ ապացուցել է իր սրտացավ ու որակյալ մասնագետ լինելը՝ վայելելով ինչպես բուժառուի, հիվանդի, այնպես էլ նրա հարազատների և ողջ մասնագիտական հանրույթի վստահությունն ու սերը։

Իհարկե, դժվար է միանգամից զատորոշել նման մասնագետի։

Եվ, անշուշտ, քիչ են նման բժիշկները, որոնք պատրաստ են սեփական կյանքի գնով ու պատասխանատվությամբ հանձն առնել իրենց վստահված վիրավորի ապաքինումն ու վերջնական բուժումը։

Բացի այդ, քիչ են պատրաստի դեղատոմսերը, և, դրանք հասարակական լայն շրջանառության մեջ մտնելու համար պետք է ունենան մասնագիտական քննարկումներ և եզրակացություններ։

Բայց որ այս ամենի անհրաժեշտությունը կա, վաղուց փաստ է։

Առողջ դատենք, առողջ ապրենք, առողջ լինենք․․․  

Արա ԱԼՈՅԱՆ

Similar Posts