նորություններ | Քաղաքականություն

Համազգային պայքարի զենք՝ հեղափոխական ֆեյք վրձնի փոխարեն

Այն, ինչ կատարվում է քաղաքակիրթ աշխարհում, մեծ հաշվով որոշակի կանխատեսելիություն և տրամաբանություն ունի՝ հատկապես պետական կառավարման և հանրային պրոցեսների մակարդակում: ՌԴ-ում, ԱՄՆ-ում, Եվրոպայում, մոլորակի մյուս զարգացած կետերում պաշտոնանկություններն ու կադրային նշանակումներն ունեն ողջամտություն, թելադրված են լուրջ օրակարգով և ունեն հանրության ու քաղաքական շրջանակների համար փաստարկված հիմնավորումներ:

Արևմտյան երկրներում, հին աշխարհամասի առաջատար պետություններում հեղափոխական ալիքներ, մեծ հաշվով չկան, կան իշխանության համար պայքարող կուսակցություններ, դաշինքներ, որոնք երկրի ղեկավարման մեջ ունենում են փոփոխական հաջողություններ՝ այդպիսով զերծ պահելով պետությունը անցանկալի ցնցումներից: Այդպես է ԱՄՆ-ի դեպքում՝ դեմոկրատների և հանրապետականների մրցակությամբ, ՌԴ-ում՝ Միասնական Ռուսաստանի և Լիբերալների, նույնիսկ Կոմկուսի գաղափարական պայքարով և այլն և այլն: Սա աշխարհաքաղաքական տեսակետից դասական օրինաչափություն է, ավելի՛ն, եթե կուզեք՝ իրական ժողովրդավարության հիմքերը հենց այս ամենի մեջ են, այլ ոչ թե բոլորին մերժող, ինքնահավան, մեծամիտ որևէ քաղաքական հեղափոխական հոսանքի կառավարման, որի արդյունքում ստեղծվում է միաբևեռ իշխանություն՝ հարակից վտանգներով ու բովանդակ կորուստներով։

Բայց մեր՝ Հայաստանի պարագայում ամեն ինչ գործում է շրջուն տրամաբանությամբ:  Նույնիսկ հեղափոխական ալիքը, որ խոստանում էր բացառել տարիներ ի վեր արմատացած, կարծրացած անօրինաչափ կառավարումը, չարդարացված նշանակումները և նույնիսկ պաշտոնանկությունները, այդպես էլ չարդյունավորվեց: Գեղեցիկ նկարը վրձնեցին, ստիպեցին նմանվել նկարին, չստացվեց: Հպարտ քաղաքացին շարունակեց աղքատ հպարտության դիրքերից անհույս թիավարել հիասթափության օվկիանում: Շատ հաճախ պաշտոնի են նշանակում մեկին, որին ճանաչում են հենց այդ իրողությունից հետո և ազատում են աշխատանքից նրան, որի ձեռքերով հեղափոխական կրակից հանվել էր հաջողության համեղ շագանակը: Հարցն անունները չեն, դրանք հայտնի են լայն հանրությանը: Խնդրո առարկան պետական կառավարման ձախողումներն ու վրիպակներն են, իսկ մասնավոր դեպքերում՝ արդեն աղաղակող ու անթույլատրելի սխալները:

Սորոսական էքսպանսիային ծառայող ուժերը վաղուցիվեր ներխուժել են մեր պետության ու ազգի բոլոր կենսական ոլորտները՝ կրթություն, մշակույթ, առողջապահություն, բանակ, եկեղեցի, ընտանիք՝ տարատեսակ հռչակագրերի, ժողովրդավարության քղամիդով մատուցվող անսեռ, անմարմին գաղափարների ու այլ հակապետական, հակամարդկային ու հակազգային մեթոդաբանությունների տեսքով:

Նոր Հայաստան, Նոր Հայրապետ – այսպիսին էր հեղափոխության ջատագովների արշավը Հայ Առաքելական եկեղեցու դեմ, այնուհետ պատկերն ավելի խտացավ՝ կրթական ծրագրերից Հայ եկեղեցու պատմության, հայ գրականությունից հայ արմատի, հայ դասականների սահմանափակումների, ռազմագիտություն առարկայի հետ կապված վերապահումների, անչափահաս երեխաների շրջանում սեռական ուսուցման քարոզի, առողջապահության ոլորտի տոտալ տապալման / Կովիդ-19-ի վարակվածության ու մահացության ցուցանիշով առաջատարն ենք տարածաշրջանում/ և բազում այլ երևույթներով:

Պատկերավորության համար կարելի է ընդամենը ասել, ունենք կառավարման տեսակետից առողջապահության անառողջ, կրթության՝ անկիրթ նախարարներ: Շարքը թվարկելի է, մտահոգությունն անփարատելի: Գերխնդիրն այն է, թե ինչպես և երբ է գործող իշխանությունը վերանայելու իր քաղաքականությունը՝ այդ թվում կադրային, պետական կառավարման և ոլորտային համակարգման առումով, այլապես մեզ բոլորիս սպառնում է ոչ թե նոր հեղափոխություն / ռեվոլյուցիաների տեսությունն ու պրակտիկան հարուստ է համանման փաստերով/, այլ, վախենամ, ավելի վտանգավոր սցենարով, հաշվի առնելով Ադրբեջանի հետ շարունակվող հակամարտությունը և Թուրքիայի կողմից առկա հավերժ թշնամանքն ու ռազմաքաղաքական սպառնալիքը:

Բայց փաստենք նաև, որ ներկա իշխանությունից ակնկալել տրամաբանություն ու ազնվություն, նույնքան վտանգավոր է, քանի որ համբերության բաժակն այլևս սպառվել է և երկրի թշվառության հաշվին պաշտոնավարող Նիկոլ Փաշինյանն ու իր քաղաքական տիկնիկային անսամբլը օր առաջ պետք է հեռացվեն։ Այլապես տանուլ կտանք մեր արժանապատվության վերջին տարածքը, որը կոչվում է սրտաչափ Հայաստան ու Արցախ։ Քաղաքական կեղծ ռոմանտիզմին ծառայած վրձինը պարտավոր ենք փոխարկել համազգային պայքարի զենքի։ Այլընտրանք չունենք պարզապես․․․

Ռուբեն Արամյան

Similar Posts