նորություններ | Իրադարձություններ | Մշակույթ

«Մեծ սիրտ պետք է ունենաս, որ ժողովրդի հետ խոսելու համար չխնայես կյանքդ»․ Խորեն Աբրահամյանի ծննդյան օրն է


Ապրիլի 1-ը հայ բեմի երախտավոր, հայ դերասան, ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, լուսահոգի Խորեն Աբրահամյանի ծննդյան օրն է։

«Ես բեմում կռիվ եմ տալիս, բեմից դուրս կռիվ եմ տալիս: Կռիվ պետք է տալ, բայց առյուծի պես: Գիտե՞ս, առյուծին չեն սիրում ոչ թե նրա համար, որ կենդանիների արքան է, այլ որովհետև չի մլավում…»: Սա վարպետի ինքնախոստովանություն-ապրելու հայեցակետերից մեկն էր։

Ասել, որ միայն դերասան էր, ռեժիսոր, բեմադրիչ, մտավորական, ամբողջական չէ՝ Աբրահամյան ֆենոմենի դեպքում։ Նա մարդ – նվագախումբ էր, Նա փիլիսոփա-գեղագետ էր, Նա Հայ-Հայություն էր, մի խոսքով, այն ամենը, ինչ ենթադրում է ՀԱՅ ՄՏԱՎՈՐԱԿԱՆԸ՝ համազգային ձգտումների, արժեքային համակարգի, ավանդույթների ու հայահաստատ գաղափարների տիեզերաչափ ներդաշնակությամբ։

«Մեծ սիրտ պետք է ունենաս, որ ժողովրդի հետ խոսելու համար չխնայես կյանքդ»-ասում էր ՎԱՐՊԵՏԸ, բովանդակ կյանքով ու գործունեությամբ հավաստանշելով իր այս հավատամքը։

Խորեն Բաբկենի Աբրահամյանը ծնվել է 1930 թ․ Ապրիլի 1-ին, Երևանում։ Մասնագիտական կրթությունն ստացել է Երևանի թատերական ինստիտուտում, որի դերասանական ֆակուլտետն ավարտել է 1951 թվականին և ընդունվել Գ. Սունդուկյանի անվան դրամատիկական թատրոնը, որտեղ կատարել է բազմաթիվ դերեր (Ռոմեո, Պեպո, Օթելլո, Արա Գեղեցիկ, Արշակ թագավոր, Կորիոլան, Մյասնիկյան, Գայ, Ռաֆո Ավետյան և այլն)։ Եղել է Հայաստանի ժողովրդական արտիստ, դերասանուհի Լյուսյա Հովհաննիսյանի ամուսինը։ 

1979-1984 թվականներին եղել է թատրոնի գլխավոր ռեժիսոր, 1988-1995 թվականներին՝ գեղարվեստական ղեկավար, միաժամանակ՝ Հայաստանի թատերական գործիչների միության վարչության նախագահ։

1985-1988 թվականներին Գյումրիի պետական թատրոնի դերասան էր և գլխավոր ռեժիսորը, 1980–1995 թվականներին դասավանդել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում։ Թատրոնում ստեղծած լավագույն դերերից են՝ Ռուստամ (Ա. Շիրվանզադեի «Նամուս»), Արմեն (Գ. Բորյանի «Կամրջի վրա»), Արամ (Ա. Արաքսմանյանի «60 տարի, երեք ժամ»), Արա (Ն. Զարյանի «Արա Գեղեցիկ»), Մյասնիկյան (Զ.Դարյանի «Հանրապետության նախագահը»), Կորիոլան (Վ. Շեքսպիրի «Կորիոլան»), Ավետյան (Պ. Զեյթունցյանի «Անավարտ մենախոսություն»)։

Հայկական մի քանի լավագույն կինոնկարների հաջողությունները պայմանավորված են նաև Աբրահամյանի դերակատարումներով՝ Գևորգ («Սարոյան եղբայրներ», 1968 թվական), Ռոստոմ («Տերը», 1968 թվական), Պավլե («Մենք ենք, մեր սարերը», 1969 թվական), Արմեն («Երևանյան օրերի խրոնիկա», 1972 թվական), Մյասնիկյան («Երկունք», 1977 թվական), Տեր Ավետիս («Հուսո աստղ», 1978 թվական), Սիսակյան («Ապրեցեք երկար», 1979 թվական) և այլն։ Նա նկարահանվել է նաև Մոսֆիլմի 3 կինոնկարում՝ «Առաջին էշելոնը», «Բարձունք», «Նրա կյանքի նպատակը»[5][6]։  Աբրահամյանի դերակատարումներին բնորոշ են դրամատիկական զսպվածությունը, հոգեբանական խոր վերլուծությունը, խոսքի նուրբ հղկվածությունը։

Նրա ստեղծագործական հաջողությունները պայմանավորված էին իր արվեստի ինքնատիպությամբ, նաև արտիստական խառնվածքին հատուկ համարձակությամբ և արդիականության խոր զգացողությամբ։

Գ. Սունդուկյանի անվան թատրոնում բեմադրել է Ն. Զարյանի «Հացավան», Վ. Շեքսպիրի «Ջոն արքա», Պ. Զեյթունցյանի «Անավարտ մենախոսություն», Պ. Ջակոմետիի «Ոճրագործի ընտանիքը» (նաև եղել է Կորրադոյի դերակատարը), Հ. Իբսենի «Դոկտոր Ստոկման», Գ. Գորինի «Քին» Ա. Քալանթարյանի «Թիկունք», Պ. Զեյթունցյանի «Անավարտ մենախոսություն», և այլ ստեղծագործություններ։ 2000 թվականին բեմադրել է Պ. Զեյթունցյանի «Խոր Վիրապ» պիեսը։ Աբրահամյանը մասնակցել է նաև բազմաթիվ ռադիո- և հեռուստաբեմադրությունների (Մ. Պանյոլի «Տոպազ», Ն. Զարյանի «Փորձադաշտ» և այլն)։ Խորեն Աբրահամյանը հայտնի էր նաև որպես ասմունքող։ Թաղված է Կոմիտասի անվան պանթեոնում։

Similar Posts