նորություններ | Հասարակություն

Ահազանգ․գյուղերը ոչ թե Հայաստանի կույրաղիքն են, այլ արյունատար համակարգը

Ժամանակին, պետական ամենաբարձր մակարդակով, տարփողվում էր Հայաստանի ներդաշնակ զարգացման մասին, որն, ըստ էության, ենթադրում էր նաև մարզերի համահավասար զարգացում։

Տարիներ ի վեր այդ նպատակի համար ստացվել են միջազգային տարբեր դրամաշնորհներ, պետբյուջեով նախատեսվել և հատկացվել են կոնկրետ ֆինասավորումներ։

Բայց, ինչպես կյանքն ապացուցեց, ամեն ինչ մնաց թղթի վրա՝ հանգրվանելով ինչ-որ չինովնիկի աշխատանքային գրապահարանում։

Գյուղը բարիք է ստեղծում պաթետիկ խոսքի ետևում ծվարած քաղաքական գործիչները, որոնք նաև սիրում են խոսել ժողովրդի անունից, սրտից ու իբր ժողովրդի լեզվով, մարզային համայնքների մասին հիշում են ընտրությունից ընտրություն ընկած ժամանակահատվածի պատեհությամբ, հոգու խորքում իսկական տառապանք ապրելով մարզեր, գյուղական, սահմանամերձ բնակավայրեր այցելությունից (այդպիսիք շատ են)․․․

Այսօր գյուղացին, մարզաբնակ քաղաքացին բազում ու բազմապիսի խնդիրներ ունի՝ կենցաղային, ընտանեկան, դեմոգրաֆիկ, առողջապահական, կրթական, զբաղվածության, արժանապատիվ վարձատրության ու կյանքի և այլն և այլն։

Արցախյան վերջին պատերազմից հետո այդ խնդիրների փնջին ավելացել է ևս մեկը, եթե չասենք գլխավորը՝ մարդիկ անվտանգային լուրջ սպառնալիքների առջև են, սահմանների վերաձևման տխրահռչակ ու ստորացուցիչ պրոցեսը Սյունիքում, Գեղարքունիքում, այլուրեք սեղմել է անվտանգության փրկօղակը, հարյուրավորները տներ են կորցրել, դարձել անօթևան, վտարանդի, հարյուրավորները որդի են կորցրել ու մնացել բաց երկնքի տակ, բոլորոս սեղմվել, դարձել ենք սրտաչափ երկիր, որտեղ իրար սրտով էլ չենք գնում՝ քաղաքական տարակերպ փոխհրաձգությունների արանքում․․․

Արտահերթ խորհրդարանական ընտրություններով քաղաքական երկրորդ շնչառություն ապրելու ձգտում ունեցող իշխանությունները շարունակում են մեջքով կանգնած մնալ գյուղացուն, մարզում ապրող քաղաքացիներին։ Մինչդեռ արտահերթության ու արտակարգության օրակարգով պետք է օր առաջ արձագանքել նրանց հիմնախնդիրներին, որոնք կարող են մետաստազներ տալ ու հասնել Հայաստանի սիրտ՝ Երևան։

Մեր ծանր օրերում չկան առանձիններ, առանձին խնդիրներ կամ վայելքներ, կա մեկ՝ համընդհանուր ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ՝ փրկել Հայ մարդուն՝ Հայրենիքի փրկության մեծ նպատակադրման համար։

Հանրահավաքների կապրիզ ունեցող որևէ մեկը, անկախ հանգամանքից, թե քաղաքական որ ճամբարում է, իրավունք չունի գյուղացուն հիշել իր ճառասացության ցանկության ժամին, պարտավոր է լուռ, լուռ ու խոնարհ շրջվել դեպի մարզերում ապրող հայրենակիցները, ներողություն խնդրել ու նրանց համար ստեղծել բոլոր հնարավորությունները ՎԵՐ ԿԱՆԳՆԵԼՈՒ ու ԱՅՈ՛ առաջնորդող հիմնարար ուժ լինելու համար։

Այդպիսի հնարավորություն կարող է լինել որոշ ԲՈՒՀ-երի տեղակայումը մարզերում, որոշ պետական ու մասնավոր կառույցների գործունեության տեղափոխումը մարզային համայքներ, ինչը մի կողմից կաշխուժացնի կյանքը մարզերում, մյուս կողմից կբարձրացնի գործարար միջավայրի կենսունակությունը, կնպաստի զբոսաշրջության, գյուղատնտեսության ու այլ առանցքային ոլորտների զարգացմանը, կմեղմի դեմոգրաֆիկ, սոցիալ-տնտեսական համընդհանուր տխուր վիճակը։

Որովհետև աներկբա է, որ գյուղերը, մարզերը ոչ թե Հայաստանի կույրաղիքն են, այլ արյունատար համակարգը․․․

Similar Posts