նորություններ | Իրադարձություններ | Հայեր | Քաղաքականություն

Վիրավորն ու զինված հանցագործը՝ միևնույն խցո՞ւմ․ ի՞նչ պայմանով է ԱՄՆ ռազմական օգնություն ցուցաբերում Ադրբեջանին

Հատկապես Արցախյան վերջին պատերազմից հետո կրկին թեժացել են խոսակցությունները ԱՄՆ-ի կողմից Բաքվին ռազմական օգնություն տրամադրելու թեմայի շուրջ։

Մինչև ատամները զինված, հայության դեմ շարունակաբար հոխորտոցող Ալիևն ու իր վարչակազմը դեռ նման հավակնություններ ունեն։ Ավելի՛ն, Սպիտակ տունը կամա թե ակամա դառնում է սև ուժերի «հովանավորյալը»։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը թույլատրել է ռազմական օգնություն ցուցաբերել Ադրբեջանին։ Ինչպես հաղորդում է The Hill պարբերականը, Բայդենը Կոնգրեսին տեղեկացրել է, որ վարչակազմը երկարացնում է «Ազատության աջակցության ակտի» 907-րդ ուղղման կասեցումը:

Ուղղումն ընդունվել է 1992 թվականին՝ հայկական լոբբիի ճնշման ներքո։ Փաստաթուղթը սահմանափակում է ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին պետական մակարդակով օգնություն ցուցաբերելը։ Սակայն 2001 թվականին ԱՄՆ-ի վարչակազմերը ժամանակավորապես կասեցրել են ակտի գործողությունը, հիմնականում նպատակ ունենալով ստանալ Ադրբեջանի աջակցությունը՝ որպես տարանցիկ տարածք Աֆղանստան բեռների փոխադրման համար։

Կոնգրեսին ծանուցելիս պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հայտարարել է, որ Ադրբեջանին նման օգնությունը չի խաթարի և չի խանգարի ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ընթացիկ ջանքերին, ինչպես նաև չի օգտագործվի Հայաստանի դեմ հարձակողական նպատակներով:

Ամերիկյան դիվանագիտության ղեկավարը նաև հայտարարել է, որ օգնությունն անհրաժեշտ է միջազգային ահաբեկչության դեմ պայքարին աջակցելու, ինչպես նաև «Ադրբեջանի սահմանների անվտանգության ամրապնդման» համար:

Պարբերականը նշում է, որ որոշումը արժանացել է ԱՄՆ հայ համայնքի քննադատությանը։ Բայդենի քայլը դավաճանություն է որակվել Հայոց ցեղասպանության ճանաչման մասին նրա պատմական որոշումից հետո:

Եվ իսկապես․ երկակի ստանդարտների քաղաքականությունը, ցավոք, չի շրջանցել և չի շրջանցում նաև գերտերություններից Միացյալ Նահանգներին։ Մի կողմից՝ նախագահ  Ջո Բայդենի մակարդակով Վաշինգտոնը ցեղասպանություն է որակում 20-րդ դարասկզբին հայերի դեմ կատարված կոտորածները։ Մյուս կողմից, ԱՄՆ-ում օրակարգ է բերվում Բաքվին զինելու հարցը։

Սա նշանակում է հավասարության նշան դնել զոհի ու մարդասպանի միջև, սա նշանակում է ընդհանուր խցում թողնել անպաշտպան վիրավորին և զինված հանցագործին։

Similar Posts