նորություններ | Իրադարձություններ | Հայերի երկիր | Հասարակություն

Տոնացույց․1918 թ․Մայիսի 28-ին հիմնադրվեց Հայաստանի առաջին հանրապետությունը

Օրվա պատմական դիպվածն ու խորհուրդը. Մայիսի 28-ը Հայաստանի առաջին հանրապետության հիմնադրման օրն է. 1918 թվականի այդ օրը՝ մայիսյան հերոսամարտներից՝ Սարդարապատից, Բաշ-Ապարանից և Ղարաքիլիսայից հետո սկիզբ դրվեց հայոց բաղձալի պետականությանը:

Առաջին հանրապետությունը հիմնադրվեց հայ ժողովրդի համար ծանր ժամանակահատվածում, երբ երիտթուրքական բնաջնջման ծրագրից խուսափած բազմահազար հայ գաղթականներն ու սովը, տրանսպորտային ուղիների շրջափակումները, Քեմալական Թուրքիայի 1920 թվի հարձակումը, ինչպես նաև Խորհրդային Ռուսաստանի նվաճողական քաղաքականությունը հնարավորություն չէին ընձեռելու պետության ղեկավարներին ստեղծել կայուն պետություն:

Առաջին հանրապետությունը գոյատևեց մինչև 1920 թվականի դեկտեմբերի 2-ը, երբ Հայաստանը խորհրդայնացավ:

Չնայած կարճ կյանքին Առաջին Հանրապետության դերը անգնահատելի է պետականությունը վերագտնելու գործում:

Տոնը՝ տոն, իրականում, Մայիսի 28-ի խորհուրդը որքան պետականության, նույնքան էլ՝ պետության քաղաքացու, հանրության բաղադրիչով է հատկանշվում: Ոչ մի պետություն, անկախ պետական միավոր չի կարող ունենալ զարգացում թշվառ վիճակում գոյող, անհեռանկար կյանքով, ցածր կենսամակարդակով, խախտված իրավունքներով ապրող քաղաքացիներով…

Պետական անկախությունը չի կարող առանձին կարգավիճակ լինել, փոխաբերաբար ասած՝ պետական անկախությունն ավելի կարևոր չէ, քան անկախության, անկախական սերնդի կերտած պետությունը, որի առանցքում հայ մարդն է, ՀՀ քաղաքացին՝ իր արժանապատիվ կենսագործունեությամբ ու զարգացման մեծ հեռանկարով…

Այսօր, առավել քան երբևէ պետական մտածողություն է հարկավոր բոլորիս, ձախողումների, սխալների մասին դեռ շատ կխոսվի, բայց հիմա մի կարևոր հորդոր՝ մի կողմ դնել անձնական, քաղաքական տարաձայնությունները և վերջին ճիգով ու միաբանությամբ փրկել մեր վտանգված պետականությունը՝ հանուն հայ ժողովրդի դարավոր ու փառավոր գոյության։

Եվ ուրեմն, Շնորհավո՛ր Մայիսի 28, սիրելի ա՛զգ, դեռ շնորհավորելու առիթներ կլինեն և, հաստատապես, կլինեն նո՛ր տոներ և նոր շնորհավորանքի պատեհություններ։

Արա Ալոյան

Similar Posts