նորություններ | Քաղաքականություն

Փաշինյանը կրկին սադրում է․ ինչպե՞ս խուսափել նոր Մարտի 1-ից («չպայթած» Իսկանդերն ու նրա հետևանքները)



Նիկոլ Փաշինյանի սկանդալային արտահայտությունը ռուսական Իսկանդերի անսարքության մասին շարունակում է նոր մետաստազներ ստանալ ինչպես Հայաստանում, այնպես էլ ռուսական մամուլում ու ՌԴ պաշտոնյանների շրջանում։ Իսկանդերի 10 տոկոսով չպայթելու մասին փաշինյանական գիտաֆանտաստիկ միտքը հարուցել է ոչ միայն մասնագետների, այլև բոլոր ողջամիտ մարդկանց տարակուսանքը։

Ամենագետի դիրքերից խոսող դիլետանտի, իրեն մարդ-նվագախումբ համարող վարչապետի զավեշտալի ձևակերպման առնչությամբ իր տարակուսանքն էր արտահայտել նաև ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, ազգային հերոս Տիրան Խաչատրյանը։ Լրագրողի հարցին ի պատասխան, գեներալը երկար ծիծաղել էր՝ այդպիսով ի չիք դարձնելով Փաշինյանի մտքի իսկությունը։

Վարչապետն էլ, ավանդույթ դարձած փոքրոգությամբ ու քինախնդրությամբ, աշխատանքից ազատեց իր ասածը հերքող, իրեն չքծնող Տիրան Խաչատրյանին։ Ժողովրդական լեզվով ասած եկավ արժանապատիվ գեներալի «հախից»։

Դիպվածին անդրադարձել է ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։ Նա ֆեյսբուքյան գրառմամբ դիմել է Հայատանի նախագահ Արմեն Սարգսյանը, որը ստորագրել է ԶՈՒ ԳՇ պետի տեղակալի ազատման մասին հրամանագիրը. 

«Պարոն գեներալ, հարգանքներս 

Զինված ուժերի շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանի մասին պատկերացումներս այլ էին։  Կամ, ես ճիշտ չէի հասկացել Սոթքի հանքավայրի տարածքներից ադրբեջանական GPS-ներով զավթելու նրա բացատրությունը։ Այսօր գեներալ, ազգային հերոս Տիրան Խաչատյանն ապացուցեց, որ արժանապատիվ սպա է։

Նա չքծնեց Նիկոլին, չփորձեց «չգմփացող» Իսկանդերի հետ կապված «հիմնավորել» Նիկոլի անհիմնավորելի մտքերը։  Գեներալը որպես իր ուսադիրները հարգող սպա, պարզապես հերքեց ու ծիծաղեց նիկոլական մտավարժանքների վրա։  Ու տեղում ազատվեց աշխատանքից։

Հարգանքներս, պարոն գեներալ եւ ընդունեք իմ ներողությունը Ձեզ չհասկանալու եւ վիրավորելու համար։  Դուք արժանապատիվ սպա եք ու հավատացեք,  ստորաքարշ լաքեյների ժամանակը մոտենում է եզրագծին ու քաղաքական աղբամանում «պրեսսը» աննախադեպ է լինելու։

Ապրե՛ք դուք, որ չկեղծեցիք ու չքծնեցիք։ 

Հ.Գ. Ու մի հարց Արմեն Սարգսյանին. որ էդպիսի էնտուզիազմով ստորագրում եք Նիկոլի դեմ տված թղթերը, չե՞ք ուզում հարցնել, թե ինչն էր սխալ ասել գեներալը։ Թե՞ Նիկոլի դեմ տված թղթերը Ձեզ համար անքննելի կոնստանտներ են»։


Հիշեցնենք նաև, որ Տիրան Խաչատրյանի հետ կատարվածից հետո ԶՈՒ Գլխավոր Շտաբն այսօր հայտարարություն է տարածել և պահանջել ՀՀ կառավարության և վարչապետի հրաժարականները։ Արձագանքելով հայտարարությանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այդ ամենը համարում է ռազմական հեղաշրջման փորձ։ Նա նաև իր կողմնակիցներին կոչ է արել հավաքվել Հանրապետության հրապարակում՝ ասելով, որ ինքն այնտեղ ելույթ կունենա ժամը 16,00-ին։

Զուգահեռաբար հանրահավաք է կազմակերպել նաև «Հայրենիքի փրկության» շարժումը։ Այն կկայանա այսօր՝ ժամը 15,00-ին։ Այս ընթացքում բազմաթիվ գործիչներ, այդ թվում՝ ռազմական, հանդես են գալիս Հայոց Բանակին ու ԳՇ-ին սատարող կոչերով։

Ինչպես ասում են՝ ներքաղաքական կրքերը թեժանում են, ինչը լուրջ մտավախություն է առաջացնում, որ հնարավոր են քաղաքացիական հնարավոր բախումներ անդառնալի հետևանքներով։ Իսկ սա այս փուլում գոյատևող Հայաստանի համար կարող է բավականին ծանր լինել ․․․

Similar Posts