նորություններ | Իրադարձություններ | Քաղաքականություն

Քարոզարշավի սկիզբն ու Չարի վերջը․ինչո՞վ են բացառիկ այս ընտրությունները

Այսօր՝ հունիսի 7-ին պաշտոնապես մեկնարկեց ԱԺ արտահերթ ընտրությունների քարոզարշավը, որին մասնակցում է քաղաքական 26 ուժ, այդ թվում՝ կուսակցություններ և դաշինքներ։

Բուն ընտրությունները նախանշված են Հունիսի 20-ին, ասել է թե՝ ետհաշվարկի մեջ ենք ազգովի և մտածելու, գործելու շա՜տ քիչ ժամանակ ունենք։

ԱԺ արտահերթ ընտրություններ։


Եվ նորից հանրային ու քաղաքական ալեկոծություններ, նավարկություններ։

Եվ նորից խոստումնե՜ր, խոստումնե՜ր, խոստումնե՜ր, որոնք թափվում են առատության եղջյուրից։

Եվ նորից մեղադրանքնե՜ր, մեղադրանքնե՜ր, մեղադրանքնե՜ր, որոնք ուղղվում են նախկիններից մինչև ներկա իշխանություններ և ոչ մի առարկայական խոսք ապագայի մասին։

Ապագայի մասին միայն լոզունգներ, պոպուլիզմ, այն էլ անցյալն ու ներկան տապալած ուժերի կողմից։

Նորե՞րը։ Ասացվածքը լավ եք հիշում, յուրաքանչյուր նոր ՝ լավ փաթեթավորված հինն է։ Նորաձև է իշխանություններին քննադատելը, նորաձև է նախկիններին մեղադրելը, նորաձև է հին մեթոդներին ու բարքերին դիմելը։

Խորհրդարանական գալիք ընտրությունները պատմական ու առանձնահատուկ են մի քանի առումով։

Ներկաների ու նախկիների բանավեճի, կռվի, մրցապայքարի արդյունքում վճռվելու է մեր ազգի ԱՊԱԳԱՆ, իսկ դրա պատկերը անորոշ է, մեղմ ասած։

Ընտրությունները կայանում են այն պայմաններում, երբ կորցրել ենք Արցախի մեծ մասը, ունենք հազարավոր զոհեր, վիրավորներ, հաշմանդամներ, անհետ կորածներ, գերիներ, տնազուրկ ու անօթևան հայրենակիցներ, երբ Հայաստանում լկտիաբար ներսուդուրս են անում ադրբեջանական զինվորները, մարդկանց են գերեվարում, սպառնում քաղաքացիներին և մնում անպատիժ՝ առաջին հերթին մե՛ր իշխանությունների ու պատկան մարմինների կողմից։

Համապետական գալիք ընտրությունները աննախադեպ են նաև այն տեսակետից, որ նորանկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ ընտրություններին մասնակցում են մեր երկրի բոլոր ղեկավարներն անխտիր։

Ինչպես ցույց տալիս վերջին ուսումնասիրությունները, հիմնական պայքարն ընթանալու է Նիկոլ Փաշինյանի ու Ռոբերտ Քոչարյանի միջև։

Փաշինյանի վարկանիշը շեշտակի անկում է գրանցում՝ հատկապես պատերազմի ու երկրի տնտեսական ձախողումների ֆոնին, մինչդեռ ՀՀ 2-րդ նախագահի ռեյտինգն աստիճանաբար աճում է, եթե համեմատենք նրա ու Փաշինյանի մարզային հանդիպումների մասսայականությունը, որակն ու մակարդակը։ Բայց քարոզարշավը կարող է նաև անակնկալներ մատուցել, այնպես որ՝ պետք է զերծ մնալ վերջնական արդյունքների մասին անվերապահ պնդումներից։

Կարևորն այն է, որ ընտրություններն անցնեն օրինականության պայմաններում, լինի առողջ երկխոսություն, առողջ պայքար՝ հանրության՝ առանց այն էլ հոռետեսական տրամադրությունները չբորբոքելու համար։ Ժողովուրդը կարող է համբերել, բայց տալ արժանի գնահատական։

Իսկ համբերել բնավ չի նշանակում նստել, սպասել, լսել։ Պայքարը նաև ժողովրդինն է, գլխավոր ասելիքն ու որոշելիքը ժողովրդինն է, այս անգամ ընտրում ենք ոչ թե մարդկանց կամ քաղաքական ուժի, այլ նոր հնարավորություն ապրելու, արարելու, հաղթելու և բարգավաճելու, այսինքն ընտրում ենք ԱՊԱԳԱՅԻ հույսը և վերջին հնարավորությունը։

Հենց մեր ընտրությունից է կախված, գալո՞ւ է ՉԱՐԻ վերջը, թե՞ բարությունը, օրենքն ու արդարությունը մնալու են որպես գեղեցիկ շարադրված խոստում ու երազանք։


Արա ԱԼՈՅԱՆ

Similar Posts