նորություններ | Իրադարձություններ | Քաղաքականություն

«Հայաստանում կապիտուլյանտական ռեժիմի պահպանման դեպքում Ադրբեջանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին հնարավոր է». Свободная Пресса-ի անդրադարձը

Ռուսական Свободная Пресса-ն վերլուծական հոդված և փորձագիտական կարծիքներ է ներկայացրել ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոյի երեկվա հայտարարության վերաբերյալ, ըստ որի` «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության դռները պետք է բաց լինեն բոլոր պետությունների, այդ թվում` Ադրբեջանի համար»: Հայտնի է, որ Ռուդենկոն այս մասին ասել էր` պատասխանելով այն հարցին` արդյոք ՀԱՊԿ-ը կարող է ընդլայնվել Ուզբեկստանի և Ադրբեջանի հաշվին:

Իր խոսքում դիվանագետն ասել էր, որ «ՀԱՊԿ-ի դռները բոլորի, այդ թվում` Ադրբեջանի առաջ պետք է բաց լինեն»:

«Միակ բանը, որ կարող է սահմանափակել երկրի մուտք գործելը, կազմակերպության կանոնադրության որոշ դրույթներն են, ըստ որոնց` ՀԱՊԿ-ին անդամակցելու համար անհրաժեշտ է, որ անդամ պետությունների միջև դիվանագիտական հարաբերություններ լինեն: Նման հարաբերություններ Հայաստանի և Ադրբեջանի միջև առայժմ չկան: Երբ դրանք հաստատվեն, լիահույս ենք, որ դա վաղ, թե ուշ տեղի կունենա, այդ ժամանակ էլ հարցը կարող է դրվել գործնական հարթությունում` այս կամ այլ տեսքով»,-եզրափակել էր Ռուդենկոն:

Աղբյուրը նկատում է, որ կա ևս մի խոչընդոտ` Ադրբեջանը Չմիացման շարժման անդամ է. այս բլոկը միավորում է երկրներ, որոնք չեն անդամակցում որևէ ռազմաքաղաքական միության: Սակայն զուգահեռ կա նաև Բելառուսի օրինակը, որը ևս այս բլոկի անդամ է, սակայն միևնույն ժամանակ դա չի խանգարում ՀԱՊԿ-ին անդամակցելուն:

«Իրականում մենք հասկանում ենք, որ գլխավոր խոչընդոտը հայ-ադրբեջանական հակամարտության մինչև վերջ լուծված չլինելու փաստն է: Կողմերը որևէ կերպ չեն կարողանում պայմանավորվել սահմանազատման շուրջ, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը վերջնական կարգավորված չէ, երկրների միջև անգամ խաղաղության պայմանագիր չի ստորագրվել»,-գրում է հոդվածի հեղինակ Դմիտրի Ռոդիոնովը` հիշեցնելով, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վերջերս հայտարարել էր, որ «Երևանի կողմից քաղաքական կամքի դրսևորման դեպքում, Երևանն ու Բաքուն կարող են խաղաղության պայմանագիր կնքել»:

Հոդվածագիրը նշում է, որ «Երևանն առայժմ ակտիվություն չի ցուցաբերում այս ուղղությամբ, քանի որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները սարերի ետևում չեն ու ադրբեջանական կողմի հետ որևէ պայմանավորվածություն կարող է դիտվել որպես զիջում և բացասաբար անդրադառնալ իշխանության վարկանիշին»:

«Բայցևայնպես, խաղաղության պայմանագիրը և Բաքվի ու Երևանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումը դեռևս չի նշանակում Ադրբեջանի ավտոմատ անդամակցություն ՀԱՊԿ-ին. դա սոսկ կվերացնի հիմնական խոչընդոտը, սակայն այս հարցում կա ևս մեկը` Թուրքիայի դիրքորոշումը, որը դժվար թե հավանություն տա նման քայլին:

Հո իզուր չէ՞ր Էրդողանն Արցախյան երկրորդ պատերազմում օգնում Ադրբեջանին` իր համար ճանապարհ հարթելով դեպի Կասպից ծով, ինչը ՌԴ-ին տարածաշրջանում նեղը գցելու փորձ է նշանակում: Դժվար թե սուլթանի նպատակասլացությունը համատեղելի լինի Ադրբեջանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հետ»,-գրում է Ռոդիոնովը:

Եվ ուրեմն ինչպե՞ս հասկանալ Ռուդենկոյի հայտարարությունը. արդյոք ՀԱՊԿ-ին Բաքվի անդամակցության նախապայմանները հասունացե՞լ են, կամ արդյոք Արցախյան համակարտության լուծումը բացո՞ւմ է ճանապարհը:

Այս հարցերի առնչությամբ ՌԴ Ժողովուրդների բարեկամության համալսարանի ավագ դասախոս, քաղաքագետ, քաղաքական գիտությունների թեկնածու Քամրան Հասանովը նշել է, որ Ռուդենկոն այս թեմային անդրադարձել է միայն այն պատճառով, որ իրեն համապատասխան հարց է տրվել, այլ ոչ թե սեփական նախաձեռնությամբ: Սակայն, ըստ քաղաքագետի, ստեղծված հետպատերազմական իրավիճակում Ադրբեջանի անդամակցության հարցը պակաս մշուշոտ է, քան նոյեմբերի իննի եռակողմ հայտարարության ստորագրումից առաջ:

«Ղարաբաղյան հարցի լուծումը ճանապարհ չի բացում, սակայն վերացնում է անդամակցության համար պաշտոնական խոչընդոտները: Կարծում եմ` ընթացիկ պայմաններում միակ հնարավոր տարբերակը դիտորդի կարգավիճակն է»,-ասել է Հասանովը` ընդգծելով, որ Թուրքիան հաստատապես դեմ կլինի անդամակցությանը: Նա նկատել է, որ «Անկարայի համար Բաքվի անդամակցությունը ՀԱՊԿ-ին կնշանակի Անդրկովկասում թուրքական ազդեցության ավարտ. վերադարձ 1922թ.»:

Մինչդեռ ՌԴ Ֆինանսական համալսարանի դոցենտ Գևորգ Միրզայանը վստահ է, որ Ռուդենկոյի երեկվա հայտարարությունը որևէ արտառոց բան չի պարունակում:

«Իսկ ուրիշ ի՞նչ պետք է ասեր ռուս փոխնախարարը. որ Ադրբեջանի մուտքը ՀԱՊԿ արգելվա՞ծ է: Դա չափազանց անհարգալից կլիներ հարևանի նկատմամբ: Որ Ադրբեջանը վաղը կարող է անդամակցել ՀԱՊԿ-ի՞ն, դա էլ արդեն սուտ կլիներ: Ադրբեջանն այնքան ժամանակ չի անդամակցի ՀԱՊԿ-ին, քանի դեռ պատերազմական վիճակում է գտնվում կազմակերպության անդամներից որևէ մեկի հետ և հարձակվում է նրա տարածքի վրա: Հայ-ադրբեջանական  հակամարտության կարգավորման դեպքում անդամակցությունը հնարավոր է: Հայաստանում կապիտուլյանտական ռեժիմի պահպանման դեպքում անդամակցումը հնարավոր է, իսկ տեսանելի հեռանկարում` քիչ հավանական»,-նշել է քաղաքագետը:

Նրա խոսքով` «ներկայում ՌԴ-ն փորձում է միջնորդի դեր կատարել Հայաստանի և Ադրբեջանի միջև և ինչ-որ կերպ կարգավորել կոնֆլիկտը»: Միրզայանի կարծիքով` ներկայում խնդիրն այն է, որ «Ադրբեջանն իրեն չափազանց արկածախնդիր է պահում, փորձում է օգտվել Հայաստանում իշխանության ղեկին կապիտուլյանտի գտնվելու փաստից, որպեսզի առավելագույն զիջումներ կորզի հիմա, երբ հայ հասարակությունը շփոթված է»:

Փորձագետը եզրափակել է` նշելով, որ եթե Ադրբեջանն անդամակցի ՀԱՊԿ-ին, ապա, հաշվի առնելով նրա նկատմամբ Թւորքիայի ներկայիս ազդեցության մակարդակը, կլինի «ՀԱՊԿ-ում Թուրքիայի տրոյական ձին»:

Similar Posts