Իրադարձություններ | նորություններ | Քաղաքականություն

Ապրիլի 24-ին ընդառաջ Թուրքիայի պաշտպանության նախարարը հիշեցրել է հայ-թուրքական բարեկամության մասին

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը RealClearDefense կայքի համար հոդված է գրել Հայոց ցեղասպանության վերաբերյալ՝ այն վերնագրելով «Հայկական հարցը և Հարբորդի զեկույցը»։ Այս մասին գրում է Anadolu գործակալությունը։

Աքարը հիշեցրել է ընթերցողներին, որ ատենախոսություն է գրել «Հարբորդի ռազմական առաքելությունը Հայաստան» թեմայով, նա ասել է, որ ամերիկացի գեներալ Ջեյմս Գաթրի Հարբորդը կարկառուն զինվոր էր, որը կարևոր դեր է խաղացել հակամարտություններում, որոնցում ներգրավված է եղել ԱՄՆ-ը՝ սկսած Մեքսիկական հեղափոխությունից մինչև Առաջին համաշխարհային պատերազմ, և ակտիվ դեր է խաղացել իր երկրի և Թուրքիայի, ինչպես նաև Մերձավոր Արևելքի միջև ժամանակակից դիվանագիտական հարաբերություններ հաստատելու գործում:

Ըստ Աքարի, Հարբորդի զեկույցը «մաքրել է հայկական հարցի անորոշությունները»:

«Ընդհանուր կազմված 1603 էջից` զեկույցը մաքրեց առեղծվածների և քարոզչության վարագույրը և ներկայացրեց իր մտավոր ազնվությունն ու օբյեկտիվությունը պատերազմի ընթացքում Օսմանյան կայսրության և հայ հպատակների հարաբերությունների նկատմամբ իր մոտեցման մեջ», – գրել է Աքարը։

Նա ավելացրել է, թե Հարբորդը հաստատել է, որ թուրքերը և հայերը տարիներ շարունակ խաղաղ են ապրել՝ մեջբերելով Հարբորդի խոսքերը, որոնք նշում են, որ երկու ժողովուրդները հինգ դար միասին ապրել են նույն հողի վրա, ինչը վկայում է փոխադարձ համերաշխության և փոխադարձ հարաբերությունների մասին:

Անադոլու գործակալությունը գրում է, որ Թուրքիայի դիրքորոշումը 1915-ի իրադարձությունների վերաբերյալ այն է, որ «հայերի մահը Արևելյան Անատոլիայում տեղի ունեցավ այն ժամանակ, երբ ոմանք անցան ներխուժող ռուսների կողմը և ընդվզեցին օսմանյան ուժերի դեմ: Հայերի հետագա տեղափոխումը հանգեցրեց բազմաթիվ զոհերի: Թուրքիան առարկում է միջադեպերը որպես «ցեղասպանություն» ներկայացնելը ՝ դրանք որակելով որպես ողբերգություն, որի ընթացքում երկու կողմերն էլ զոհեր են ունեցել: Անկարան բազմիցս առաջարկել է ստեղծել հիմնախնդիրը լուծելու համար Թուրքիայից և Հայաստանից պատմաբանների, ինչպես նաև միջազգային փորձագետների համատեղ հանձնաժողով»:

Նշենք, որ այս տարի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հավանականությունը մեծապես անհանգստացնում է Թուրքիային, որը պաշտոնական ու լոբբիստական աշխատանքներ է տանում՝ այն թույլ չտալու համար։

Աղբյուր` Panorama.am

Similar Posts