նորություններ | Իրադարձություններ | Քաղաքականություն

Քոչարյանի թիմը բազմապատկվում է, իսկ Փաշինյանը հրահանգում է ծեծել իրեն դավաճան ասողներին

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, այս տարվա հունիսի 20-ին Հայաստանում նախանշված են ԱԺ արտահերթ ընտրությունները, որին մասնակցում են քաղաքական 26 ուժեր, այդ թվում՝ կուսակցություններ և դաշինքներ։

Աներկբա է, որ հիմնական պայքարն ընթանալու է Արցախի առաջին և Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Նիկոլ Փաշինյանի միջև։

Այս պահին արդեն հետաքրքիր պատկեր է ուրվագծվում, որի արդյունքում աստիճանաբար հստակ է դառնում, թե հաղթելու իմաստով ում շանսերն են բարձր և ով է , ի վերջո, ընտրությունների ֆավորիտը։

«Ռոբերտ Քոչարյանի թիմի անդամը դառնալու կամ նրանց քարոզարշավին աջակցելու համար բառացիորեն հերթեր են գոյացել, պետական գերատեսչությունների տարբեր կալիբրի չինովնիկներ, մեր տեղեկություններով, թաքուն կամ բացահայտ այցելում են քոչարյանականներին և իրենց աջակցությունն ու ծառայություններն են առաջարկում՝ ֆինանսական տեսքով, ընտրություններին գաղտնի աշխատելու, ձայներ բերելու և այլ միջոցներով։

Ըստ ամենայնի, պետական պաշտոնյաներն էլ են տեսնում, որ համակարգը քանդվում է, և օր առաջ փորձում են նժարի ծանր կողմում հայտնվել»,-գրում է «Հրապարակ» թերթը։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի վարքագծին՝ գոնե այս քարոզարշավի շրջանակում, նույն պարբերականը գրում է․

«Քարոզարշավի հենց առաջին օրը Նիկոլ Փաշինյանի աջակիցները՝ վարչապետի և, ըստ որոշ լուրերի՝ Խաչատուր Սուքիասյանի թիկնազորի հետ միասին, Արմավիրի մարզում ծեծի ենթարկեցին նրան դավաճան անվանած քաղաքացուն: Մեզ զանգահարած անձը տեղեկացրեց, որ վերջերս նման դեպք գրանցվել է նաև Հյուսիսային պողոտայում՝ ծեծի են ենթարկել Փաշինյանին դավաճան գոռացողին, իսկ մի քանի օր առաջ էլ Վանաձորում Փաշինյանի հասցեին բացասական արտահայտություններ արած քաղաքացուն փողոցից նստեցրել են մեքենան ու տարել:

ՔՊ-ին մոտ կանգնած մեր աղբյուրն ասաց, որ ներքին հրահանգ կա վարչապետի ԺՊ-ից՝ այսուհետ իրեն դավաճան ասողների հարցերը տեղում լուծել՝ բռնել ու ծեծել, որպեսզի դաս լինի մյուսների համար, և քարոզչության հետագա ընթացքն անխափան անցնի: Իսկ ամենամեծ պատիժը Փաշինյանին քննադատողներին բաժին է հասնելու հունիսի 20-ից հետո՝ իշխանությունն այդ առումով մեծ ծրագրեր է կազմում»,-գրում է «Հրապարակ» թերթը։

Similar Posts