նորություններ | Քաղաքականություն

Ալիևի բացած թանգարանը սարսուռ է առաջացնում ցանկացած մարդու մոտ․Խոսրով Խլղաթյան

ԲԵՐԱՆՆ ԱՐՆՈՏ ՄԱՐԴԱԿԵՐԸ ԷՆ ԱՆԲԱՆ ՀԱԶԱՐ ԴԱՐՈՒՄ ՀԱԶԻՎ ԴԱՐՁԱՎ ՄԱՐԴԱՍՊԱՆ

Ադրբեջանի ղեկավար Ալիեւի հերթական նախաձեռնությամբ Բաքվում բացվել է մի այնպիսի թանգարան, այնպիսի չտեսնված ու չլսված թանգարան, որի գոյությունը միայն սարսուռ կարող է առաջացնել ցանկացած բանական մարդու մոտ։

Ինչպես կարելի է բացել մի թանգարան, որը պատմում է հրեշավոր ոճրագործության մասին, այն էլ՝ թուրանաադրբեջանական բանակի, սիրիացի իսլամիստ ծայրահեղականների, պակիստանցի ու աֆղանցի ջիհադիստների կողմից իրականացված, աշխարհի քաղաքակիրթ հորջորջվող տերությունների տրամադրած մահաբեր զենքերով ու գործուն թողտվությամբ իրագործված։

Պատերազմի հանցագործները ոչ միայն չեն պատժվում, այլ նաեւ հավերժացնում են իրենց գործած չարիքները, իսկ աշխարհի քաղաքական բախտն ու ճակատագիրը տնօրինող գերպետությունները կամ անթաքույց հրճվում են, կամ նրանց այս նողկալի արարքը չի էլ հետաքրքրում, դրա ժամանակը նրանք չունեն։Իսկ ինչու՞ հայերս նման թանգարան բացելու մասին չմտածեցինք, երբ թշնամին ռազմադաշտում թողնում էր իր ռազմաավարը, զոհերին ու գերիներին, ինչու՞ թշնամուն շարունակաբար չծաղրեցինք, ինչու կարծեցինք, թե օրերից մի օր թուրքը մեզ հաշտության ու խաղաղության ձեռք կմեկնի։

Կամ ինչու՞ Նյուրնբերգում միջազգային դատ եղավ, ու դատվեցին ֆաշիստական Գերմանիայի պարագլուխներն ու նրա ռազմական հանցագործները։ Բա ո՞վ այսօր դատ պիտի աներ Հայաստանի ու հայ ժողովրդին աղետի մեջ ներքաշած դահիճների համար։Եվ ոճրագործության թանգարանի բացումը 2020 թվականի նոյեմբերի 9-ի տխրահռչակ փաստաթղթի ո՞ր կետի դրույթներից է բխում, մասնավանդ, երբ Պուտինն ասում էր, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ավարտված է, երբ Թուրքիայի ղեկավարներն ասում են, թե պատրաստ են իրենց փակ դռները բացել Հայաստանի դեմ։

Ռուսը կամ մյուս գլոբալիստները, փաստորեն, նորից ուզումեն ախոյանության ալիքի վրա կեղծ բարեկամության մի նոր բեմ կառուցել, որտեղ կրկին հոշոտվողը պիտի հայը լինի։Սրանք ընդամենը պարապ խոսքեր են, որով փորձում են շղարշել մեր աչքերը, ապակողմնորոշել, թմրեցնել ու հանգստացնել, որպեսզի իրականացնեն հերթական եղեռնազարկերը։

Այս զազրելի արարքի ֆոնին պատերազմ արտահանող երկրները շարունակում են սրել իրավիճակը Սիրիայում, Ուկրաինայում, Լիբիայում, այլ վայրերում։ Նրանք ավելի են կատարելագործում մահաբեր զենքերը, ավելի են բացում իրենց ախորժակները, ավելի են թեժացնում աշխարհաքաղաքական իրավիճակները։ Մարդկային կյանքն ի՞նչ արժեք ունի նրանց համար, ժողովրդավարությունն ու մարդու իրավունքների պաշտպանության դոկտրիններն էլ ուղղակի թղթի վրա են գրված, որպեսզի դրանց տակ քողարկվեն իրենց հրեշավոր այլանդակությունները։ Ահա քեզ մարդը, այն էլ՝ ստեղծված Աստծո պատկերով։Ահա քեզ Մեծ լոռեցու ասած ,,Բերանն արնոտ մարդակերը էն անբան, որ դեռ անպատիժ սպանում է դար ու դարեր։

Գիտեմ, թուրքը կասի, թե արդարացի վրեժ է լուծել հայերից կրած կորուստների դիմաց, թե վերականգնել է պատմական արդարությունը, ռուսը կասի, թե Արցախն ադրբեջանի մասն է, որովհետեւ այս պահին այդպես է պահանջում թուրքերի հետ մերձենալու նրա աշխարհաքաղաքական շահը, բրիտանացին կասի, թե հայերի ու իրենց շահերը չեն համընկնում։ բայց այդպես էլ ոչ ոք չի ուզենա բարձրաձայնել, որ պատերազմի մեջ մեզ ներքաշել են ԽՍՀՄ փլուզման նախօրեին ու հետագա գործընթացներում, որ մենք ինքնապաշտպանվող կողմն էինք ու ստիպված էինք կռվել՝ հերթական եղեռնազարկը չապրելու համար, որ թուրքն է այս սպանդի հիմնական դերակատարը՝ գումարած իրեն աջակցող արյունախում սատանաները։

Դե հիմա թող աշխարհիս հզորները, հատկապես քրիստոնեկական արժեքներ դավանող հզոր երկրների ղեկավարները գան ու հիանան Ալիեւի բացած ոճրագործության թանգարանով, նրան մեծարանքի խոսքեր շռայլեն։Չկասկածեք, շուտով բոլորս դրա ականատեսը կլինենք, ու չի լինի մի երկիր,մի կազմակերպություն, առավելապես ՄԱԿ-ը, որ գոնե կես բառով դատապարտեն այս քստմնելի արարքը, այս արյունարբու մարդու սատանայական հրճվանքը։

Բայց կգա, անպատճառ կգա Աստծո պատիժը։ Իսկ մենք ուրիշ ոչինչ չունենք այս հերթական պղծությանը հակադրելու, քան, գաղտնի կամ բացահայտ, զորանալն ու զինվելն է՝ հոգով եւ բազկով։

Խոսրով Խլղաթյան

Similar Posts