Հասարակություն | նորություններ

Երիտասարդություն․ ինչո՞ւ է անտեսված ՀՀ կարևոր կապիտալը

Հիշո՞ւմ եք, ժամանակին ունեինք ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն։ Խոսքը կոնկրետ երիտասարդության մասին է։ Մեր հասարակության այս հատվածն այնքան կարևոր էր ու է՛, որ ստեղծված էր, գործում էր երիտասարդության հարցերի նախարարություն։ Բացի այդ, մշակվել էր երիտասարդական քաղաքականություն, իրականացվում էին պետական ու այլ ծրագրեր, բնակարաններ էին կառուցվում և վարկային արտոնյալ պայմանններով տրամադրվում երիտասարդներին։ էինք, էր, էին – ասել է թե՝ անցյալում, ոչ վաղ անցյալում թեկուզ․․․

Նաև՛ երիտասարդների ձեռամբ իշխանության եկած Նիկոլ Փաշինյանը դմփ-դմփ-հուի էնտուզիազմից հետո թեև որոշ ջահելների (երիտասարդն այլ որակական կատեգորիա է) պատգամավորական ու նախարարական մանդատ տվեց, այդուհանդերձ որոշեց օպտիմալացնել վերոհիշյալ նախարարությունը, հանել երիտասարդության կոմպոնենտը, սպորտն էլ կցել երկար անվանումով հայտնի նախարարությանը, որի մասին երգիծանքի պակաս չկա։

Աշխարհում երիտասարդության ներուժն այն աստիճանի է կարևորվում և կիրառվում, որ դրա արդյունքում աշխարհի զարգացած երկրի ղեկավար ընտրվում է հենց այդ սերնդի ներկայացուցիչը։ Մակրոն, Թրյուդո, Կուրց, Զելինսկի և այլն և այլն։ Հետաքրքրական է, որ ժողովրդավարության կղզյակ համարվող ԱՄՆ-ում, որտեղ, ի դեպ, բոլոր կարևոր օղակներում կրկին բարձր նշանակություն ու դերակատարում է վերապահված երիտասարդությանը, պետության առաջնորդի դիրքում որպես կանոն հայտնվում են տարեց գործիչներ։ Սա միգուցե նաև ազգային ենթամշակույթով, պետության առանձնահատկությամբ և այլ գործոններով է պայմանավորված։

Հայաստանի պես փոքր հանրապետության համար երիտասարդների դերակատարությունը իսկապես մեծ ուշադրության է արժանի։ Գիտությունից մինչև սպորտ, քաղաքականությունից մինչև տնտեսագիտություն և հանրային կյանքի այլ կարևոր ոլորտներ, երիտասարդության ներուժը էական է։ Սակայն, մեծ են նաև խնդիրները, որոնք այսօր ունի այդ սերունդը մեր երկրում։ Հանրապետությունում գործազուրկների շուրջ 25 տոկոսը երիտասարդ տարիքի քաղաքացիներ են։ Հատկանշական է, որ երիտասարդության շրջանում գործազրկության մակարդակն ավելի բարձր է, քան գործազրկության մակարդակը ողջ հանրապետությունում:

Բացի այդ, երիտասարդներն ունեն նաև այլ խնդիրներ։ Պետությունը պատշաճ օգնություն չի ցուցաբերում երիտասարդներին, երիտասարդ ընտանինքներին, առողջապահական բազում խնդիրներ կան, ապահովագրական մշակույթը ըստ էության դեռ չի կայացել Հայաստանում։

Երկրի անվտանգության, պաշտպանության գերկարևոր խնդիրը դրված է երիտասարդության վրա․Արցախյան վերջին պատերազմում հազարավոր երիտասարդներ իրենց կյանքը զոհեցին հանուն հող Հայրենու, նրանցից շատերը գերության մեջ են, վիրավոր են, հաշմանդամ են և այլն։ Նույն այդ հերոսները չնչին գումար են ստանում պետությունից, որի գոյության երաշխիքը հենց նույն երիտասարդներն են։ Սա առաջին հերթին անպատվաբեր է պետության ու նրա ղեկավարության համար, հերոսներն անհամեմատ վեհ են ու արժանապատիվ։

Մինչդեռ ակնհայտ է, որ ոչ մի քաղաքական ուժ չի կարող լուրջ հաջողություններ գրանցել, այդ թվում՝ ընտրություններում, եթե լավագույնս չօգտագործի երիտասարդ լիդերների ներուժը։Խոսքը զուտ ցուցակային հորիզոնականների մասին չէ:  Երիտասարդաց ջանքերը կարող են բարեշրջել իրերի ընթացքը, կարող են գեներացնել լուրջ փոփոխություններ, իսկ մենք, ընդհանուր առմամբ, շարունակում ենք նրանց վերաբերվել որպես սոսկ ջահել էնտուզիաստների կամ պարզունակ կարիերիստների…

Արա Ալոյան

Similar Posts