Uncategorized | Հասարակություն | նորություններ | Քաղաքականություն

Վրացական «հյուրընկալություն»՝ Պոզների համար կամ ինչու՞ է այսքան շատ ատելություն հետխորհրդային տարածքում


«Վրաստանում Ռուսաստանի քաղաքացիների համար վտանգավոր է։ Այնտեղ ուղղակի վտանգավոր է մեկնել։ Ռուսները պետք է սա հստակ հասկանան»։

Նման հայտարարություն է արել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Թբիլիսիում հայտնի հեռուստահաղորդավար Վլադիմիր Պոզների հետ մեկ օր առաջ տեղի ունեցած միջադեպը։

Պեսկովը հավելել է, որ Մոսկվան խստորեն դատապարտում է ծայրահեղ ազգայնականների ագրեսիվ գործողությունները Թբիլիսիում Ռուսաստանի քաղաքացիների դեմ:  «Մենք տեսանք Վրաստանի վարչապետի այսօրվա հայտարարությունը, որը նույնպես դատապարտեց այդ գործողությունները, և մենք ողջունում ենք այս հայտարարությունը», – ասել է ՌԴ ղեկավարի խոսնակը: 

Կրեմլի խոսնակը նշել է նաև, որ Մոսկվան երախտապարտ է վրացական ոստիկանությանը՝ ռուսների անվտանգությունն ապահովելու համար: 

Իսկ ի՞նչ է տեղի ունեցել Վրաստանի մայրաքաղաքում․նախօրեի երեկոյան տասնյակ ցուցարարներ հավաքվել էին Թբիլիսիի կենտրոնում գտնվող հյուրանոցներից մեկի մոտ, որտեղ հանգրվանել էր Պոզները: Իրավիճակն այնքան է թեժացել, որ բախումներ են տեղի ունեցել քաղաքացիների և ոստիկանության միջև:

Մարդկանց դժգոհության պատճառը ռուս լրագրողի ավելի վաղ արած հայտարարություններն էին Աբխազիայի և Հարավային Օսիայի մասին:

Հատկանշական է, որ Վրաստան այցելած Վլադիմիր Պոզները հայտնել էր, թե եկել էր Վրաստան՝ իր ծննդյան օրը նշելու, այլ ոչ թե քաղաքականությունից խոսելու համար: 

Ընդհանրապես, Պոզների հետ կատարվածը լակմուսի թուղթ է առ այն, թե ի՜նչ մթնոլորտ է բովանդակ Կովկասում, լայն ընդգրկմամբ՝ հետխորհրդային տարածքում, ազգամիջյան ինչ ատելանք կա, և որքան է այն հասել իր անթույլատրելի գագաթնակետին։

Սիրու՞մ են մեզ ադրբեջանցիները և թուրքերը, հարցն, իհարկե, հռետորական է։ Ո՛չ, բոլոր հնարավոր միջոցներով մեզ թշնամի հռչակած այս հարևան ու ոչ բարեկամ պետությունները շարունակում են ապրել մեզ բնաջնջելու հույսով։

Մեր ատելանքը փոխադա՞րձ է։ Ազնիվ լինենք, առնվազն համարժեք չէ։ Քրիստոնեաբար ու խաղաղասիրաբար դեռ ապավինում ենք Բաքվի և Անկարայի՝ հայատյացության կեցվածքի փոփոխության աղոտ հույսին։ Մի թեզ, որ օրերս հրապարակ նետեց նաև մեր երկրի ԱԳ նախարարը։

Քաղաքական ու աշխարհաքաղաքական հայտնի գործոններով պայմանավորված՝ առկա են հայերի և թուրքերի, հայերի և ադրբեջանցիների, ռուսների և վրացիների, աբխազների և վրացիների, ուկրաինացիների և ռուսների, ու այսպես մի շարք ազգերի միջև հակասություններ։ Այդ տարաձայնությունները վերաճել են ատելանքի, ակնհայտ թշնամության՝ բորբոքելով ազգայնամոլների հույզերը։

Սա, իսկապես, վտանգավոր, կործանարար և ոչ մի տեղ չտանող ուղեգիծ է։ Համակեցության պայմանները պիտի դառնան մեր տարածաշրջանի, հետխորհրդային տարածքի ու հատկապես Կովկասի զարգացման ուղենիշները, որովհետև միկրոմենամարտերը կարող են բերել աշխարհաքաղաքական անդառնալի հետևանքների։

Իսկ դա կբերի այդքան սարսափելի, այդքան անցանկալի Համաշխարհային Երրորդ պատերազմի հանգրվանին, երբ բոլորը մինչև ատամները զինված կլինեն ու մինչև վերջ ագրեսիվ միմյանց նկատմամբ։

Ո՞վ կստանձնի խաղաղության մեծ շինարարի առաքելությունը։ Առայժմ տեսանելի ու հասկանալի չէ, բայց որ դրա հրամայականը կա՝ կասկածից վեր է․․․

Արա ԱԼՈՅԱՆ

Similar Posts