նորություններ | Քաղաքականություն

Այո, ունեցել ենք ձախողումներ․նախարարի խոստովանությունը

Այսօր՝ Ապրիլի 7-ին Ազգային ժողովում կայացել է ՀՀ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի ճեպազրույցը։ Ի թիվս այլ հարցերի, Ռուստամ Բադասյանն անդրադարձել է նաև գործող իշխանության հնարավոր վրիպումներին․

«Ամեն կոնկրետ գործընթացի մասով կա կոնկրետ պատասխանատու, և չի կարելի բոլոր հարցերի պատասխանը ակնկալել քաղաքական իշխանությունից, բայց կարծում եմ, որ հանրության հետ պետք է ազնիվ լինել և ընդունել, որ որոշ հարցերում, այո՛, մենք ունենք ձախողումներ»,- նշել է նախարարը։

Այդուհանդերձ, լրագրողների ճշտող հարցին, թե արդյո՞ք «Մարտի 1»-ի գործի քննությանն է վերաբերում ձախողումը, Ռուստամ Բադասյանը նշել է, թե խոսքն ընդհանուր ամեն ինչի մասին է։

Նրա խոսքով, ինքը հիմնական պատասխանատուն է դատաիրավական ոլորտի բարեփոխումների համար, և քննադատության հիմնական թիրախն այն է, թե վեթինգ չի կատարվել։

«Պատրաստ եմ կրել քաղաքական պատասխանատվություն, եթե կորոշվի, որ ես եմ հենց այդ հարցի և վեթինգ չանելու մեղավորը։ Էլի, ոչ թե արդարանալու, այլ՝ անկեղծ լինելու շրջանակում նշեմ, որ վեթինգի բովանդակության վերաբերյալ հանդես է եկել արդարադատության նախարարությունը և ազնիվ ասել է, թե ինչն է հնարավոր անել առանց սահմանադրական փոփոխություններին, և ինչը հնարավոր չէ առանց դրանց։ Բայց, կարծում եմ, որ հանրությանը դա չի հետաքրքրում»,- հայտարարել է Արդարադատության նախարարը։

Similar Posts