նորություններ | Իրադարձություններ | Հայեր | Հասարակություն

Արցախյան վերջին պատերազմից հետո Հայաստանում առաջին անգամ զորավարժություններ են անցկացվում


Այսօր՝ մարտի 16-ին, ժամը 9-ից ՀՀ Զինված ուժերի բոլոր օպերացիոն ուղղություններում մեկնարկել են մարտավարա-մասնագիտական համատեղ զորավարժություններ:

Այս մասին Facebook-ի իր էջի ուղիղ եթերում նշել է ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության օպերատիվ վարչության պետ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը:

Ի դեպ, Արցախյան վերջին պատերազմից հետո առաջին անգամն է, որ Հայաստանում անցկացվում են նմանօրինակ զորավարժություններ։

«Զորավարժություններին ընդգրկված զորամասներն ու ստորաբաժանումները կարգադրական կարգով բերվում են մարտական պատրաստականության համապատասխան աստիճանների եւ դուրս բերվում զորավարժությունների անցկացման շրջաններ:

Ծավալվել են զինված ուժերի զորամիավորումների եւ զորատեսակների կառավարման կետերը, որտեղ իրականացվում են մարտավարական զորավարժությունների, մարտական հրաձգության փուլերի  եւ հաշվարկների ճնշման, ինչպես նաեւ ստորաբաժանումների  եւ կրակի կառավարման մարզումների նախապատրաստական աշխատանքներ:

Անցկացվող զորավարժությունների նպատակներն են՝ ստուգել զորամասերի եւ ստորաբաժանումների մատունակությունը, հատկապես բարդ իրավիճակային պայմաններում գործելու ունակությունները, ստուգել զինված ուժերի օպերատիվ մարտավարական օղակների կառավարման մարմինների կարողությունները զորքերի կառավարման գործում եւ ճշգրտել հատիքային տրված ուժերի եւ միջոցների Փոխգործակցության հարցերը»:

Հիշեցնենք, որ այս օրերին Ադրբեջանում ևս զուգահեռաբար անցկացվում են լայնածավալ զորավարժություններ։

Similar Posts