նորություններ | Քաղաքականություն

Իսրայելի դաշնակից Ադրբեջանը ՄԱԿ-ում դավաճանում է Իսրայելին

Երեք տասնամյակների ընթացքում Իսրայելի կառավարությունը և ամերիկացի հրեա    ղեկավարներն ավելորդ և անարժան գովեստներ են շռայլել Ադրբեջանի հասցեին՝  հրեական համայնքի նկատմամբ ենթադրյալ հանդուրժողականության և Իսրայելի հետ բարեկամության համար: Իսրայելցի ղեկավարներն ու հայտնի ամերիկացի հրեաները մի քանի անգամ այցելել են Բաքու՝ փառաբանելով Ադրբեջանի կառավարությանը և պարծենալով իրենց միջև եղած հատուկ մտերմությամբ: Կարդացեք նաև CPJ-ը կոչ է արել անկողմնակալ եւ ապաքաղաքական քննություն անցկացնել Հրանտ Դինքի գործով Արցախի ժողովրդի իրավունքների ճանաչումն այլընտրանք չունի, Արցախի պետականության կապիտալն անհնար է ճնշել զենքի ուժով. «Հայաստանի Հանրապետություն» Ադրբեջանական սոցցանցերը գրում են երկու զինծառայողի մահվան մասին. Ռազմինֆո Սա վերին աստիճանի կեղծավորություն է։ Ճշմարտությունն այն է, որ Ադրբեջանի և Իսրայելի միջև հարաբերությունները ոչ մի կապ չունեն Բաքվում հրեաների նկատմամբ վերաբերմունքի  հետ: Երկու երկրները հիմնականում զբաղված են փոխադարձ շահագործմամբ՝ անտեսելով մարդասիրական և բարոյական բոլոր նկատառումները: Ադրբեջանն Իսրայելից գնել է միլիարդավոր դոլարների ժամանակակից մահացու զենք՝ ադրբեջանական նավթն Իսրայելին վաճառելու դիմաց, որն իր նավթի 40 տոկոսը ներկրում է Ադրբեջանից: Ամոթալի է, որ Հոլոքոստի զոհերի հետնորդները զինում են Ադրբեջանին՝ Հայոց ցեղասպանությունից փրկվածների ժառանգներին սպանելու համար որոշ գումարի դիմաց․․․

Իսրայելն Ադրբեջանի հետ լավ հարաբերություններ պահպանելու ևս երկու պատճառ ունի: Առաջին, Իսրայելի շահն է՝ հետախուզական տվյալներ հավաքել Իրանի վերաբերյալ և մուտքի հնարավորություն ունենալ Ադրբեջանի օդանավակայաններ Իրանի միջուկային պաշարների վրա իսրայելական հարձակման դեպքում: Հավանաբար սա նկատի ուներ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, երբ իր երկրի հարաբերությունները Իսրայելի հետ համեմատում էր սառցալեռան հետ. «Դրա ինը տասներորդական մասը ջրի տակ է»: Իսրայելի համար երկրորդ պատճառը՝ մուսուլմանական երկրի հետ լավ հարաբերությունների հաստատումն է, հաշվի առնելով արաբա-իսրայելական հակամարտությունը և մահմեդական աշխարհից դրա մեկուսացումը: Այնուամենայնիվ, Իսրայելի և արաբական մի շարք երկրների վերջին մերձեցման լույսի ներքո, Իսրայելի համար Ադրբեջանի արժեքն այս առումով նվազում է: Մյուս կողմից, Ադրբեջանն ակնկալում է առավելագույնի հասցնել իր քաղաքական շահերը Միացյալ Նահանգներում՝ օգտվելով Իսրայելի և ամերիկացի հրեաների ազդեցությունից Վաշինգտոնում՝ հակազդելու Ամերիկայի հայկական լոբբիին: Այնուամենայնիվ, Ադրբեջանն ու Իսրայելը թաքցնում են իրենց հարաբերություններին  խանգարող մի քանի հարցեր։ Առաջին հերթին, Իսրայելը 1993 թվականին բացել է իր դեսպանատունը Բաքվում, մինչդեռ Ադրբեջանը հրաժարվել է բացել իր դեսպանատունը կամ նույնիսկ  հյուպատոսությունը Իսրայելում՝ մտահոգվելով արաբական և մահմեդական ժողովուրդների, հատկապես Իրանի հետ, իր հարաբերությունների համար: Միայն այս փաստը հերքում է երկու երկրների թվացյալ բարեկամական հարաբերությունները: Մեկ այլ հակասություն՝ Ադրբեջանի հակաիսրայելական քվեներն ու ելույթները ՄԱԿ-ում և Իսլամական համագործակցության կազմակերպությունում: Ադրբեջանի կողմից Իսրայելի վերջին քննադատական գործողությունը տեղի ունեցավ 2021 թ. մարտի 18-ին Շվեյցարիայի Ժնև քաղաքում կայացած ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի նիստում:

Ադրբեջանի հաճախակի ջատագով Սայմըն Վիզընտալի կենտրոնը, անմիջապես  դատապարտեց ՄԱԿ-ում Ադրբեջանի ներկայացուցչի ելույթը՝ խստորեն մեղադրելով Ադրբեջանին՝ «հրեական պետության դեմ փաստացի «արյունալի զրպարտություն» անելու մեջ»։ Խոսելով Խորհրդի օրակարգի 7-րդ կետի`«Պաղեստինում և այլ գրավյալ արաբական տարածքներում մարդու իրավունքների իրավիճակի» մասին, մարտի 18-ին ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական առաքելության երրորդ քարտուղար Քամրան Սեյֆուլաևը երեք րոպեանոց ելույթ ունեցավ՝ խստիվ քննադատելով պաղեստինցիների նկատմամբ Իսրայելի պետության վերաբերմունքը: Ահա թե ինչ ասաց նա. «Պատիվ ունեմ փոխանցել այս հայտարարությունը Չեզոք երկրների շարժման անունից [Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շարժման նախագահն է, որը բաղկացած է 120 երկրներից]։ Երկար տարիներ Չեզոք երկրների շարժումը պահպանել է համերաշխության հաստատ դիրքորոշում պաղեստինյան ժողովրդի և նրա արդար դատի հետ և դատապարտել է Իսրայելի կողմից մարդու իրավունքների ու միջազգային մարդասիրական իրավունքի զանգվածային, բացահայտ և համակարգված խախտումները: Շարժումը նաև ընդգծում է Պաղեստինի ժողովրդին օգնելու համար քաղաքական, տնտեսական և մարդասիրական աջակցություն ցուցաբերելու շարունակականության անհրաժեշտությունը և ամրապնդելու նրանց կայունությունն ու ջանքերը` ուղղված իրենց օրինական ազգային նկրտումների իրականացմանը, ներառյալ ինքնորոշման և ազատության անքակտելի իրավունքը իրենց Պաղեստինի անկախ պետությունում: Մենք ընդունում և բարձր ենք գնահատում ՄԱԿ-ի և նրա գործակալությունների, մասնավորապես`Մերձավոր Արևելքում պաղեստինցի փախստականների ՄԱԿ-ի օգնության և աշխատանքների գործակալության և Պաղեստինի ժողովրդի անքակտելի իրավունքների իրականացման կոմիտեի ջանքերը: Շարժումը խրախուսում է նրանց աջակցության շարունակումը:

Շարժումը գնահատանքով է նշում Գլխավոր քարտուղարի զեկույցը Մարդու իրավունքների խորհրդի 43-րդ նստաշրջանին ներկայացված գրավյալ սիրիական Գոլանում իսրայելական բնակավայրերի վերաբերյալ: Շարժումն իր լուրջ մտահոգությունն է հայտնում իսրայելական բնակավայրերի քաղաքականության և դրա հետ կապված գործողությունների շարունակման վերաբերյալ, ներառյալ բնակավայրերի ընդլայնումը, հողերի սեփականազրկումը, տների քանդումը և գույքի բռնագրավումն ու ոչնչացումը, ինչը փոխել է գրավյալ տարածքների ու գրավյալ սիրիական Գոլանի ֆիզիկական բնութագիրն ու ժողովրդագրական կազմը: Գլխավոր ասամբլեան, Անվտանգության խորհուրդը և Մարդու իրավունքների խորհուրդը հաստատել են, որ իսրայելական բնակավայրերի կառուցումն ու ընդլայնումը և հարակից այլ գործողությունները Պաղեստինի գրավյալ տարածքում և գրավյալ սիրիական Գոլանում անօրինական են՝ միջազգային իրավունքի համաձայն: Շարժումը խորապես մտահոգված է ՄԱԿ-ի բազմաթիվ պաշտոնական զեկույցներով, մասնավորապես՝ Գլխավոր քարտուղարի վերջին զեկույցով, որը վերահաստատել է Պաղեստինի ժողովրդի մարդու իրավունքների շարունակական ոտնահարումները իսրայելական ուժի կողմից գրավյալ Պաղեստինի  պետության ամբողջ տարածքում: Այս առումով, Շարժումը միջազգային հանրությանը կոչ է անում ճնշում գործադրել, որպեսզի անմիջապես դադարեցվի Իսրայելի կողմից այս անօրինական միտումների շարունակումը, ինչը միջազգային իրավունքի բացահայտ խախտում է:

Ավելին, Շարժումը հաստատապես համոզված է, որ Իսրայելը, որպես բռնազավթող տերություն, պետք է պատասխանատվություն կրի, ինչպես մարդու իրավունքների միջազգային օրենսդրության, այնպես էլ միջազգային մարդասիրական իրավունքի համակարգված խախտումների համար արաբական բոլոր գրավյալ տարածքներում, ներառյալ սիրիական Գոլանում: Շարժումն ընդգծում է, որ Իսրայելը, որպես բռնազավթող տերություն, պետք է անհապաղ ազատ արձակի պաղեստինցի բոլոր բանտարկյալներին, հատկապես երեխաներին ու կանանց: Այն նաև պետք է դադարեցնի միջազգային իրավունքի լուրջ խախտումները և լիովին վերացնի Գազայի շրջափակումը՝ քաղաքացիական բնակչության նկատմամբ շարունակվող պատժիչ միջոցները վերացնելու համար և ազատ արձակի կալանքի տակ գտնվող պաղեստինցի երեխաներին՝ համաձայն միջազգային ստանդարտների, մասնավորապես՝ «Երեխայի իրավունքների մասին» համաձայնագրի: Ամփոփելով, Շարժումն իր լիակատար աջակցությունն է հայտնում Պաղեստինի պետության կառավարությանը՝ Պաղեստինի պետության տարածքների բռնազավթմանը վերջ դնելու և Պաղեստինի ժողովրդի օրինական իրավունքներն իրականացնելու ուղղությամբ շարունակական ջանքերին»: Զավեշտալի է, որ Սայմըն Վիզընտալի կենտրոնի պաշտոնյաները տարիներ շարունակ Ադրբեջանին քծնելուց, բազմիցս այդ երկիր այցելելուց և նրան որպես Իսրայելի մտերիմ բարեկամ գովաբանելուց հետո, այժմ բողոքում են Իսրայելի հասցեին Բաքվի կոշտ քննադատությունից: Հուսով եմ, որ հրեա և իսրայելցի ղեկավարները գիտակցում են, որ այս տարիների ընթացքում Ադրբեջանը խաբել է իրենց և սովորել են այն ուսանելի դասը, որ չի կարելի վստահել ոչխարի մորթով գայլին: Նրանք պետք է նաև գիտակցեն, որ, ինչպես ասացվածքն է ասում․ «շների հետ քնողն արթնանում է լվերով»:

Իսրայելցի և հրեա պաշտոնյաները կարծես թե ոչինչ չեն սովորել Թուրքիայի կողմից խաբված լինելու իրենց փորձից: Տասնամյակներ շարունակ Թուրքիային աջակցելուց հետո, նույնիսկ խայտառակ կերպով խոչընդոտելով Հայոց ցեղասպանության ճանաչմանը Կոնգրեսում, իսրայելցի և հրեա պաշտոնյաները այժմ մեղադրում են Թուրքիային հակասեմականության և Իսրայելի նկատմամբ թշնամանքի մեջ: Հայերը տարիներ շարունակ զգուշացնում էին նրանց, որ չվստահեն Թուրքիային, և որ նրանց կհարվածեն թիկունքից ամենաանսպասելի պահին, սակայն ապարդյուն: Փոխադարձ շահագործման այս գռեհիկ խաղում իսրայելացիներն ու ամերիկացի հրեաները մնացին դատարկաձեռն։ Նույնը կատարվում է նաև Ադրբեջանի հետ նրանց հարաբերություններում: Ավելի վատ կլինի, եթե նրանք արագ ուշքի չգան: Չի կարելի ամեն ինչ գնահատել միայն նավթով, զենքով ու փողով: Շատ ավելի արժեքավոր բաներ կան մարդկության, արդարության և ճշմարտացիության նման, քան ֆինանսական ու անձնական շահը: Սակայն այս անձնասիրական աշխարհում գրեթե անհնարին է նման պարկեշտ վարքագիծ ակնկալել․․․

Հարութ Սասունյան

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
www.TheCaliforniaCourier.com


Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի 

Similar Posts