նորություններ | Հայեր

Եվրոպացի պատգամավորը մտահոգված է Արցախի հայկական ժառանգության պահպանման հարցով

Եվրախորհրդարանի անվտանգության և պաշտպանության ենթահանձնաժողովի նախագահ, Եվրախորհրդարանի պատգամավոր Նատալի Լուազոն անհանգստացած է Լեռնային Ղարաբաղի հայկական ժառանգության պահպանությամբ այն շրջաններում, որոնք 2020 թվականի նոյեմբերից վերահսկվում են Ադրբեջանի կողմից։

Այս մասին, panorama.am-ի փոխանցմամբ, La Croix-ում գրում է Լուազոն։ 

«Գիտե՞ք Լեռնային Ղարաբաղի  Մեխակավանի Սուրբ Մարիամ եկեղեցին: Դժվար թե նախկինում այցելել եք այն: Հաստատն այն է, որ դուք այլևս չեք կարողանա այն հայտնաբերել, քանի որ այն ամբողջովին հողին հավասարեցված է 2020 թվականի աշնանը ադրբեջանական հարձակման պահից:  Դուք երբևէ եղե՞լ եք Շուշիում: Եթե ձեր քայլերը ձեզ տանեն այնտեղ, ապա այլևս չեք գտնի պղծված և ավերված Կանաչ Ժամը, ոչ էլ Սուրբ Ամենափրկիչ  ռմբակոծված տաճարը: Մատաղիսում Սուրբ Եղիշե եկեղեցին վանդալիզմի է ենթարկվել: Ամեն օր քանդում են, ստելաներ, արձաններ կամ գերեզմանատներ:  Բոլոր հիմքերը կան վախենալու, որ այս ոչնչացումը կշարունակվի և կսրվի:

Հիշենք, որ Նախիջեւանում քանդվել է 89 հայկական եկեղեցի, ինչպես նաև ավելի քան 20,000 գերեզման և 5000-ից ավելի ստելաներ: Չմոռանանք նաև, թե ինչպես ամբողջովին և մեթոդաբար հողին հավասարվեց Ջուղայի հայկական գերեզմանատունը:  Այժմ բավական է լսել Ադրբեջանի պաշտոնյաների հայտարարությունները՝ իմանալու, թե ինչ կարելի է ակնկալել․ Ադրբեջանի ճարտարապետների միության տնօրենը հույս ունի, որ «Արցախի բոլոր եկեղեցիները կավերեն»: Նախագահ Ալիևն ինքը կոչ արեց հանել հայկական արձանագրությունները եկեղեցիներից՝ համարելով դրանք «շինծու», իսկ շենքերը վերագրեց Կովկասի ալբանացիներին:  Ի՞նչ է անում միջազգային հանրությունը՝ այս վտանգված ժառանգությունը պաշտպանելու համար: Դա պարզ է, նա այլ տեղ է նայում:

Սակայն ժողովրդի մշակութային ժառանգության վրա հարձակումը էթնիկ զտումների կանխամտածված ջանքերի մի մասն է: Սակայն բոլորը գիտեն, որ ոչ մի հակամարտություն, ոչ այս մեկը, ոչ էլ որևէ այլ, չի կարող լուծվել մյուսի գոյությունը ժխտելով:  Եվրախորհրդարանում մենք կոչ ենք արել Եվրամիության ռազմական առաքելություններին շատ ավելի համակարգված գործողություններ իրականացնել՝ հօգուտ մշակութային արժեքների պահպանման: 

Եթե ճիշտ է, որ 30 տարի առաջ աշխարհը ականատես եղավ, առանց որևէ բան ձեռնարկելու, Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական ժառանգության ոչնչացմանը, ապա մնում է չկրկնել իր սխալները և սովորել իր անգործության դասերը ժամանակին․ բաց վերքեր ժողովուրդների հիշողության մեջ, վրեժ լուծելու ցանկություն, միայն արտաքինից սառեցված հակամարտություն, որը վերսկսվեց առաջին իսկ հնարավորության դեպքում:  Լեռնային Ղարաբաղի ճգնաժամը լուծելու համար մեզ անհրաժեշտ է շատ ավելի ընդգրկուն գործողություն և ավելի մեծ վճռականություն ցուցաբերել, քան մինչ այժմ գերակշռել է՝ բոլոր գերիները պետք է ազատ արձակվեն, բոլոր սահմաններն ու մուտքը Ղարաբաղ բացվեն, ականազերծումն ավարտվի: Դրա համար անհրաժեշտ է ուժեղ միջազգային ներկայություն:  Այս տարածքի ճակատագիրը չի կարող մնալ միայն Ադրբեջանի, Ռուսաստանի և Թուրքիայի ձեռքում, որոնք չկարողացան ցույց տալ, որ ձգտում են հակամարտության խաղաղ և հավասարակշռված ելքին: Ժամանակն է, որ Մինսկի խումբը վճռականորեն ներգրավվի, որպեսզի իրական բանակցությունները վերսկսվեն և հաջողություն ունենան: Այս ամենը ժամանակ է պահանջում: Բայց Արցախի ժառանգության պաշտպանությունը չի կարող սպասել:  Ես կոչ եմ անում Մինսկի խմբի համանախագահներին՝ Ֆրանսիային, ԱՄՆ-ին և Ռուսաստանին, միջամտել Ադրբեջանին:  Ես Եվրամիությանը կոչ եմ անում օգտագործել Արևելյան գործընկերության արտոնյալ կապերը՝ Բաքվից հստակ հավաստիացումներ ստանալու համար, որ հայկական մշակութային ժառանգությունը կպահպանվի:  Ես դիմում եմ ՅՈՒԿԵՍԿՕ-ին, որը չպետք է թույլ տա իրեն վախեցնել, բայց նաև ոլորտի այլ դերակատարների, ինչպիսիք են Հակամարտության գոտիներում ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքը՝ լսելու Երևանի իշխանությունների և հայկական սփյուռքի օգնության կոչերը: Թույլ մի տվեք, որ Լեռնային Ղարաբաղի եկեղեցիները քանդվեն»,-ասվում է հոդվածում:   

Similar Posts