նորություններ | Քաղաքականություն

Փաշինյանական հաշվեհարդարը շարունակվում է․ ԱԳՆ համակարգից հեռացրին Սանկտ Պետերբուրգի նախկին հյուպատոսին

Մինչև օրեցօր խտանում են Նիկոլ Փաշինյանի ու նրա գլխավորած կառավարության հրաժարականը պահանջող մարդկանց, տարբեր գործիչների շարքերը, իշխանական ապարատն ու նրա մանրումեծ կառույցները հաշվեհարդար են իրականացնում իրենց «շեֆին» քննադատող ընդդիմախոսներին։

Ինչպես փոխանցում է Yerkir.am-ը, օրերս արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի հրամանով ԱԳՆ համակարգից ազատվել է ՌԴ Սանկտ Պետերբուրգ քաղաքում ՀՀ նախկին գլխավոր հյուպատոս, ՀՀ արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար Հրայր Կարապետյանը: Նա գլխավոր հյուպատոսի պաշտոնից հետ էր կանչվել 2019 թվականի հուլիսից: 

«Հրայր Կարապետյանի դիվանագիտական  առաքելության ընթացքում Սանկտ Պետերբուրգում կառուցվեց և համայնքի ուժերով կահավորվեց գլխավոր հյուպատոսության նոր շենքը, Սանկտ Պետերբուրգում տեղադրվեց  Կոմիտաս վարդապետի արձանը, ստեղծվեցին երկկողմ կապեր ՌԴ մի շարք նահանգների և ՀՀ մարզերի միջև և այլն: 

Հայ-ռուսական հարաբերությունների զարգացման մեջ ունեցած դերի համար Հրայր Կարապետյանը պարգևատրվել է ՌԴ Դաշնային խորհրդի նախագահի, ԱՊՀ և ՀԱՊԿ միջխորհրդարանական վեհաժողովի մի շարք մեդալներով և շքանշաններով, արժանացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի, ՌԴ արտգործնախարարության և Սանկտ Պետերբուրգի կառավարության պատվոգրերի ու շնորհակալագրերի»,-հիշեցնում է աղբյուրը։ 

Հատկանշական է, որ վերջին շրջանում Հրայր Կարապետյանը սուր քննադատությամբ էր հանդես գալիս ՀՀ կառավարության ու վարչապետի վարած արտաքին քաղաքականության վերաբերյալ, հատկապես մատնանշվում էին հայ-ռուսական հարաբերություններում թույլ տրված կոպիտ սխալները:

«ՀՀ մի շարք դիվանագետների հետ Հրայր Կարապետյանը նույնպես միացել էր այն հայտարարությանը, որով պահանջվում էր ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը»,- գրում է աղբյուրը։

Փաշինյանի ու իր վարչակազմի ոխակալ քաղաքականության համար սա հերթական, բայց ոչ առաջին ու վերջին օրինակն է։ Այս օրերին քննարկվող ամենաթարմ համանման թեման ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հետ կապված պետական, քաղաքական, հասարակական թնջուկն է, որի հանգուցալուծումը առկախում է թե՛ վարչապետը, թե՛ Նախագահը։

Ազատ խոսքի, այլակարծության, ժողովրդավարության մասին մշտապես աղաղակող նախկին լրագրող ու նախկին պատգամավոր Փաշինյանը, փաստորեն, դեմ է այդ արժեքներին, ինչի մասին վկայում է նրա պաշտոնավորության եռամյա շրջափուլը։

Similar Posts