նորություններ | Հայեր | Մշակույթ

Բարձրաճաշակ ջազը Մարտի 14-ին Գյումրի է այցելում․ Մաեստրո Արտյոմ Լալայանը խոստանում է անմոռանալի երեկո

Մարտի 14-ին Գյումրիի համար մեկ համերգասրահում՝ Hayat Music Hall -ում նախատեսված է հայկական ջազի դյուցազն, համաշխարհային ջազի ասպետ, «Ջազ հայկական բարբառով» նախագծի և «Ամարաս» ջազ բենդի հիմնադիր` ջազմեն, դաշնակահար և կոմպոզիտոր Արտյոմ Լալայանի մենահամերգը:

Սա հերթական ու հաճելի առիթ է արվեստասեր գյումրեցիների համար՝ վայելելու բարձաճաշակ ջազ՝ սիրված Մաեստրոյի կատարմամբ։ Հայտնի է, որ համերգային երեկոյի ընթացքում կկատարվեն հեղինակային կոմպոզիցիաներ, որոնք յոթ նոտաների վարպետի՝ Արտյոմ Լալայանի շնորհիվ հանդիսատեսին տանելու են ջազի կախարդական աշխարհի յոթերորդ երկինք։

Սպասվելիք երաժշտական աննախադեպ իրադարձության վերաբերյալ որոշակի մանրամասներ իմացանք «Բարև» մշակութային ակումբի ղեկավար, մշակութաբան, Մարտի 14-ին կայանալիք բացառիկ համերգի կազմակերպիչ Տիգրան Հարությունյանից։ Մեր այն հարցին, թե ինչո՞ւ համերգի վայր է ընտրվել Hayat Music Hall –ը, մեր զրուցակիցն ասաց հետևյալը․

«Նախ Hayat-ն արդեն մի քանի տարի է՝ ինչ դարձել է Գյումրիի երաժշտական և համերգային բարձրաճաշակ զարկերակը, հենց այդ պատճառով ընտրությունը ընկավ այդ չքնաղ կառույցի վրա՝ որպես Արտյոմ Լալայանի Գյումրիի առաջին համերգի վայր»։

Տիգրան Հարությունյանից տեղեկացանք, որ Արտյոմ Լալայանի հետ՝ իրենց համագործակցությունը սկսվել է 2017 թվականից՝ ՌԴ-ում ՀՀ դեսպանատնից, որտեղ  «Բարև» մշակութային ակումբը կազմակերպել էր «Survival songs: from west to east»  վավերագրական ֆիլմի շնորհանդեսը։ Այդ ժամանակ, Տիգրանի խոսքով, Արտյոմը ներկայացրել է հայկական ավանդական երգերը ջազային կատարմամբ։

Մեր հարցին, թե ի՞նչ անակնկալներ են նախապատրաստել պահանջկոտ հանդիսատեսի համար, երաժշտական ի՞նչ կատարումներ են լսելու արվեստասեր գյումրեցիներն ու համերգին ներկա ջազի սիրահարները, մշակութաբանը մանրամասնեց․

«Անխոս, երեկոն լի է լինելու անակնկալներով, թե՛ հանդիսատեսի, թե՛ երաժիշտների համար: Բացի Մաեստրոյի հեղինակային կատարումներից նաև լինելու է «jam session» Hayat Music Bend-ի երաժիշտների հետ, ասեմ ավելին ` ունենք նաև հյուր Բուենոս Այրեսիցմի չքնաղ ջազ/սոուլ երգչուհի, ով հատուկ մեր համերգի համար ժամանել է Գյումրի: Ներկաներին սպասվում է անմոռանալի երեկո»։

Տիգրան Հարությունյանից հետաքրքրվեցինք նաև՝ հաճա՞խ են նման համերգներ, միջոցառումներ կազմակերպում, ինչպիսի՞ն է երաժշտասեր հանրության, մասնագետների արձագանքը։ Մեր զրուցակիցն ասաց․

«Մոսկվայում բավականին հաճախ կազմակերպում էինք այլընտրանքային միջոցառումներ և ունեինք արդեն ձևավորված հանդիսատեսի կորիզ, Գյումրիում սա առաջին փորձն է, բայց վստահ ենք, որ կկարողանանք այս անգամ ևս գրավել բարձրաճաշակ հանդիսատեսի սիրտը»։

Իսկ թե առաջիկայում ի՞նչ նախաձեռնություններով են մտադիր հանդես գալ, «Բարև» մշակութային ակումբի ղեկավարը նշեց, որ ծրագրում են համերգներ կազմակերպել Հայաստանի տարբեր քաղաքներում, փորձելու են ձևավորել հայ էստրադայի մի նոր ճյուղ, ինչպես նաև նպաստել հայկական մշակույթի զարգացմանը։

Ինչպես ասում են, ետհաշվարկը գնում է․ջազի սիրահարներին խորհուրդ ենք տալիս օգտվել բացառիկ հնարավորություններից, նախ, եթե գյումրեցի չեք, այցելեք մեր մշակութակիր հայրաքաղաք, ապաև՝ վայելեք համաշխարհային ջազի հայ ասպետի՝ Արտյոմ Լալայանի սքանչելի համերգային երեկոն․․․

P.S

Միջոցառմանը մասնակցելու համար դիմեք՝
https://www.facebook.com/events/258716792323069/?ti=ls
հեռախոսահամար՝ 094 777 067



Similar Posts