նորություններ | ՀԵտաքրքիր է

Թուրքիան «աշխարհում լրագրողների ամենախոշոր բանտապահն» է. Լրագրողների միջազգային ֆեդերացիա

2020 թվականին աշխարհում մասնագիտական պարտականությունները կատարելիս սպանվել են 65 լրագրողներ եւ լրատվամիջոցների աշխատողներ։ Տեղեկությունը հրապարակել է Լրագրողների միջազգային ֆեդերացիան (IFJ)՝ հավելելով, որ այս ցուցանիշը 17-ով ավելի է, քան 2019 թվականին, իսկ զոհվածների թիվը շուրջ նույն մակարդակին է, ինչ 1990-ական թվականներին, հայտարարել են ֆեդերացիայից:

IFJ-ն հայտնել է, որ սպանությունները տեղի են ունեցել 16 տարբեր երկրներում նպատակաուղղված հարձակումների, ռումբերի պայթյունների եւ փոխհրաձգությունների ժամանակ:

1990 թվականին IFJ-ի հաշվարկը սկսելու պահից սպանվել են ընդհանուր 2680 լրագրողներ:

«Մեքսիկայում քրեական մագնատների անողոք կառավարումը, Պակիստանում, Աֆղանստանում եւ Սոմալիում ծայրահեղականների բռնությունները, ինչպես նաեւ Հնդկաստանում եւ Ֆիլիպիններում կոշտ գծի կողմնակիցների հանդեպ անհանդուրժողականությունը նպաստել են լրատվամիջոցների արյունահեղության շարունակմանը»,- ասել է IFJ-ի գլխավոր քարտուղար Էնթոնի Բելանջերը:

Հինգ տարում չորրորդ անգամ Մեքսիկան գլխավորել է երկրների ցուցակը, որտեղ առավել մեծ թվով լրագրողներ են սպանվել՝ 14 սպանություն: Հաջորդում են Աֆղանստանը՝ 10 մահ, Պակիստանը՝ 9, Հնդկաստանը՝ 8, 4-ական սպանություն Ֆիլիպիններում եւ Սիրիայում, 3-ական՝ Նիգերիայում եւ Եմենում: Սպանություններ են կատարվել նաեւ Իրաքում, Սոմալիում, Բանգլադեշում, Կամերունում, Հոնդուրասում, Պարգվայում, Ռուսաստանում եւ Շվեդիայում:

IFJ-ն հայտնել է, որ մահերից բացի, 2021 թվականի մարտի դրությամբ ամբողջ աշխարհում իրենց աշխատանքի պատճառով բանտարկված են ոչ պակաս 229 լրագրողներ: Ֆեդերացիան հայտարարել է, որ Թուրքիան «աշխարհում լրագրողների ամենախոշոր բանտապահն» է. Թուրքիայի բանտերում պահվում են լրատվամիջոցների ոչ պակաս 67 աշխատակիցներ: 23 լրագրող ձերբակալվել է Չինաստանում, 20՝ Եգիպտոսում, 16՝ Էրիթրեայում եւ 14՝ Սաուդյան Արաբիայում:

Similar Posts