նորություններ | Քաղաքականություն

Թույլ մի՛ տվեք Ադրբեջանին ռազմագերիների հարցը դարձնել քաղաքական շահարկումների առարկա․ Ն․Զոհրաբյանի կոչը՝ ԵԽԽՎ-ին

Մարտի 12-ին կայացել է ԵԽԽՎ միգրացիայի, փախստականների և տեղահանված անձանց հանձնաժնողովի նիստը, որի օրակարգում քննարկվել է վերջին պատերազմից հետո Արցախում առաջացած հումանիտար ճգնաժամի մասին զեկույցը։ ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը կրկին բարձրացրել է հայ ռազմագերիների հարցը, որոնց Ադրբեջանը շարունակում է պահել որպես քաղաքական պատանդներ և կոչ է արել Եվրոպայի Խորհրդին՝դադարեցնել  հռետորական հայտարարություններն ու  բարի ցանկություններից անցնել կոնկրետ քայլերի։

Իր ելույթում Զոհրաբյանն ասել է.

«Հարգելի գործընկերներ, 
Մեր վերջին քննարկումից տևական ժամանակ է անցել, սակայն արյունալի պատերազմից հետո Արցախում հումանիտար ճգնաժամը չի դադարում, այն ավելի է խորացել ու թե՛ մեր կառույցը և թե՛ միջազգային մարդասիրական իրավունքով  զբաղվող կազմակերպությունները որևէ քայլ չեն անում ճգնաժամի հաղթահարման համար՝ բացի հռետորական կոչերից։

Հայ ռազմագերիներն ու գերեվարված կանայք շարունակում են մնալ գերության մեջ, ու կարծում եմ, հասկանում եք, թե ինչ է նշանակում նրանց համար գերության յուրաքանչյուրը օրը։ Բարեբախտաբար, նախօրեին գերեվարված հայ կանանցից մեկը՝ Մարալ Նաջարյանը, ազատ արձակվեց ու նա այլևս իր որդիների հետ է։ Օրեր առաջ Ադրբեջանի նախագահը հայտարարեց, որ Ադրբջանում այլևս հայ ռազմագերիներ չկան և մնացյալը ահաբեկիչներ ու դիվերսանտներ են։

Սա խայտառակ անամոթ հայտարարություն է, որը ոտնահարում է միջազգային բոլոր կոնվենցիաները։ Ամենամոտավոր հաշվարկներով անգամ հենց այս պահին Ադրբեջանում երկու հարյուրից ավելի  մենք գերավարված անձինք ունենք, որոնց թվում նաև կանայք։ Ուղղակի անթույլատրելի է, որ Ադրբեջանը շարունակում է քաղաքական վալյուտայի կարգավիճակով պատանդ պահել մեր ռազմագերիներին ու գերի ընկած կանանց՝ Հայաստանի իշխանություններից ինչ ինչ նոր ակնկալիքներ ունենալով։

Երբևէ, որևէ անգամ որևէ պետություն այսպես գռեհկորեն չէր միջամտել մեկ այլ երկրի ներքին գործերին, ինչպես դա հիմա անում են  Ադրբեջանն ու Թուրքիան՝ գերիների հարցը շաղկապելով հայաստանյան ներքաղական իրավիճակի հետ։

Սա ուղղակի անթույլատրելի է և ես կոչ եմ անում մեր Վեհաժողովին՝ թույլ չտալ Ադրբեջանին ռազմագերիների հարցը դարձնել քաղաքական շահարկումների առարկա։
Հարգելի զեկուցող, ես ձեզ ուղարկել էի հե՛նց ադրբեջանական կայքերից և մեդիա տիրույթից վերցված տեսանյութեր, թե ինչպես են ողջ ողջ գլխատում  հայ զինվորներին ու գերի ընկած տարեց անձանց։ Այն, ինչ տեղի է ունեցել և ինչը հիմա տեղի է ունենում՝ զարհուրելի է և րոպե առաջ այս արհավիրքը պիտի կասեցվի։

Դիմում եմ մեր նիստին ներկա ադրբեջանցի  պատգամավորներին՝ դիմե՛ք ձեր խորհրդարանի կին նախագահին, ով հենց մեր այս հանձնաժողովում մշտապես ամենաբարձրն էր խոսում մարդու և կանանց իրավունքից։ Ազա՛տ արձակեք հայ ռազմագերիներին և կին գերիներին, մի՛ դարձրեք մարդու, զինվորի, գերի ընկած կնոջ կյանքը ձեր ձեռքին քաղաքական բոնուս։ Սա անթույլատրելի է։

Ուզում եմ հուսալ, հարգելի գործընկերներ, որ սա հերթական (գալոչկայի համար) ձևական քննարկումը չի լինի՝ որ խոսեցինք ու անցանք, իսկ գերության մեջ գտնվող հայ զիվորի ու հայ մոր համար օրը դարից էլ երկար է ձգվում։

Իրապես գործել է պետք, որովհետև վաղը կարող է այլևս ուշ լինել»։

Similar Posts